RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1881, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ԿԻՍԱՏ ՄՆԱՑԱԾ ԽՈՍՔ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Այդ օրը Սբ Հովհաննես եկեղեցում հրաժեշտի տխրության ոգին էր իջել: Մարդկանց հոսքը չէր դարարում: Ծանոթ էին բոլորը, քանզի նույն զգացողության տրամադրությունն էր համակել ամենքին: Հավաքվածները լավագույններն էին իրենց ասպարեզներիՙ մտավորական, արվեստագետ, գիտնական, բժիշկ: Այստեղ էին նաեւ պետական-քաղաքական գործիչներ, երկրի ղեկավար դեմքերՙ անցյալի ու ներկայի: Խորհրդանշական էր եկեղեցում հանրապետության առաջին նախագահի ու ներկայիս վարչապետի եւ մյուս պաշտոնյաների միեւնույն պահի ներկայությունը: Եվ այդպեսՙ շատերը, իրարից տարբեր, երբեմն հակադիր, նաեւ չհանդուրժող, բայց միասին էին: Վերջին հրաժեշտին Վարպետը, ասես, համախմբումի, միասնականության, ըմբռնողականության պատգամն էր թողնում:

Եկեղեցու մուտքին դեմ դիմաց կանգնած խմբից առանձնացավ Պողոս Հայթայանը, մոտեցավ, մեկ-երկու լավ-խրախուսական խոսքից հետո, ինչպես սովորաբար իրեն է հատուկ, անցավ գեղանկարչությանը, այսինքնՙ Հակոբ Հակոբյանի նկարչությանը. իրեր, առարկաներ պատկերող նրա նկարների մետաֆիզիկական բնույթի մասին էր խոսում, այնպես, ինչպես ինքը կարող է միայն խոսել` տաք, հագեցած, մի տեսակ կարոտովՙ գույնի կարոտով, ինքնայրումով:

Մարդկանց հոսքը չի դադարում, անցնում են, դուրս գալիս: Օդում պտտվում է հրաժեշտի-բաժանման անխուսափելիության ու դրա հետ` միեւնույն է, մեր չհաշտվելու անզորությունը: Խոսքերըՙ քարի, փշեբույսի, հեռագրասյան, հողագույնի ու դրանցից անդինի մասին կիսատ են մնում: Միտքդ հրաժեշտի-բաժանման մեջ է:

13 օր հետո երբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Վարպետի ցուցահանդեսի բացմանը հանդիպեցինք կրկին, արվեստաբանի հայացքում կիսատ մնացած խոսքի շարունակությունը կարդացի: Գիտեի, որ ասելիք ունի...

«...Ոչ ոք չի հավատա, որ ես Հակոբ Հակոբյանին ճանաչել եմ 1962 թ., երբ մի քանի ամիս էր, որ ընդունվել էի արվեստի ինստիտուտ: Ռուբեն Վարոսիչը ասաց` Եգիպտոսից նկարիչ է եկել ու մեզ տարավ Լենինական: Իմՙ Հակոբ Հակոբյանի իմացությունը արդեն մոտ 50-60 տարվա պատմություն ունի: Եվ բախտի բերմամբ, թե պատահմամբ ինքը ցույց տվեց մի մերկ ֆիգուրաՙ անապատում. կքած մարդը կանաչ բույսը գուրգուրում է, որ ապրի: Ես այն ժամանակ տեսա, որ այս մարդը բնություն, առարկայական աշխարհ է նկարում, բայց իր ասելիքը արտաքին պատյանից հետո է գալիս: Սա մի բնազանցական տեսություն է, եւ ինքը, նկարիչ լինելով, մտնում է փիլիսոփայական դաշտ: Ինքը դա անում է խստագույնս զուսպ, քիչ գույներով եւ առհասարակ արվեստի միջոցները չի չարաշահում, եւ որքան հնարավոր է իր ուզածի համեմատ, իր մտքի, խնդրի համեմատ ծախսում է իր ներկը, վրձինը, գիծը, ձեւը եւ այդ ձեւը ամբողջության մեջ իր հոգեպատկերն է եւՙ բնազանցական: Ես ոչ թե պաշտում եմ բնազանցությունը, այլ Հակոբի արվեստի մեջ տեսնում եմ այդ բնազանցությունը: Գիտենք, տեղյակ ենք արվեստի պատմությանը, տարբեր ուղղություններին, ոճերինՙ իմպրեսիոնիզմ, նատուրալիզմ, կուբիզմ, ռեալիզմ եւ այլ: Ամենատիպական բնորոշումը Հակոբ Հակոբյանի արվեստիՙ մոգական ռեալիզմն է:

Երբ նկարչական աշխարհում ասում էինՙ Հակոբ Հակոբյանը գույն չի զգում, նա այդ բոլորին պատասխանեց ընդամենը մի ռեպլիկով, ասացՙ այո, ես կարմիր գույն չեմ զգում: Այսինքնՙ հայ գեղանկարչության մեջ հայկական կոլորիզմի մասին որ հեքիաթներ էին պատմում, ինքը ուղիղ հակառակ գնաց եւ ասացՙ ես զուսպ գույների կողմնակից եմ: Բայց խնդիրը ասելիքն է, այդ զուսպ գույների միջոցով նա ասաց այնքան շատ բան, որ ինքը գնաց, բայց իր գործերը ապրելու են շատ երկար:

Այսօր քանդակագործներ կային այս դահլիճում: Ես նրանց դեմքերին եմ նայումՙ շփոթված են. մի՞թե կարելի է նման բան անել: Մի՞թե աքցաններով, մկրատներով, երկաթե գործիքներով կարելի է անել նման բան:

Ժամանակին իր գեղանկարչության, իր պեյզաժի մեջ տարօրինակ մարմիններ հայտնվեցին, որոնք նման էին գործիքների: Եվ աստիճանաբար դա բերեց-հասցրեց այսօրվանՙ ունենք Հակոբյան գեղանկարիչ եւ Հակոբյան քանդակագործ: Եվ այս քանդակները ոչնչով չեն զիջում իր գեղանկարչությանը եւ ինչ-որ տեղ դիտողին անընդհատ հարցականներ են մատուցում: Ինքը հակում չունի պատասխանների: Դա է արվեստի մեծ գաղտնիքը: Արվեստը ինքը հարցական էՙ սկսած Լեոնարդոյից, մյուսներից: Իր անհասկանալիությամբ առեղծված է: Եզակի դեպք է սա: Բայց իր եզակիությունը ճամփա չի փակում, ինքը ճամփա է բացում իրենից հետո եկողների համար: Ինքը ուզում է ասել, որ բոլոր այդ ակադեմիական դիսցիպլինները, ակադեմիական սովորածները իր մեջ ունեցել է, բայց գերի չի դարձել այդ իմացություններին, այլ հավատացել է իր հոգու գույնին, սրտի ձայնին: Եվ ինքը վերին աստիճանի ազատամիտ մարդ է: Ահա այստեղ նայեք, այնքան բան կա, այնքան հումոր կա, այնքան բազմիմաստություն կա, այնքան տարօրինակ սյուժեներ կան, եւ այդ բոլորը արված է բացարձակ արվեստի լեզվով: Այդ արվեստի լեզվի շնորհիվ է, որ հայ ժողովուրդը ունի Հակոբ Հակոբյանի նման արվեստագետ, եւ ուր որ ուզում եք տարեքՙ ուզում եք տարեք Տոկիո, ուզում եք տարեք Նյու Յորք, Փարիզ, միեւնույն էՙ ինքը ձգողականություն ունի, ինքը չի վանում, որովհետեւ այդ երկաթի, անշուք երկաթի մեջ հոգի կա ու հոգեղենություն կա»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ