ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ ԵՎ ԱՆՓՈՓՈԽ ՈՒՂԵՎԱՐՁ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ա. Մ. Երեկ Երեւանի Հանրապետության հրապարակից 52 նոր ավտոբուսներ դուրս եկան երթուղիներ: Դրանց մեծ մասը հարավկորեկան «Հյունդայի» ընկերության արտադրության ավտոբուսներն էին, կային նաեւ ռուսաստանյան 10 նոր ՊԱԶ-եր: Նոր ավտոբուսները երեկվանից երթեւեկելու էին 44, 27, 46, 47, 57 համարներով: Նոր ավտոբուսների հնարավորություններին եւ ուղեւորների համար ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով Հանրապետության հրապարակ այցելեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, 2012-ի սկզբից մինչ օրս Երեւան է ներկրվել 350 ավտոբուս, որից 90-ըՙ մասնավոր ընկերությունների կողմից, 2013-ի առաջին եռամսյակում: «Նախ իմ գոհունակությունն եմ հայտնում մասնավոր ընկերություններին` տրանսպորտի ոլորտի բարեփոխումներին աջակցելու եւ միկրոավտոբուսների փոխարեն նոր ավտոբուսներ ներկրելու համար: Նաեւ նշեմ, որ մենք շարունակելու ենք մասնավորի հետ բանակցությունները, որպեսզի քաղաքային երթուղիները համալրենք անհրաժեշտ եւս 200-300 ավտոբուսներով` առկա պահանջարկը լիարժեք բավարարելու համար: Իսկ արդեն այս տարեվերջին, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում կշահագործվի շուրջ 760 ավտոբուս», նշել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաեւ տրանսպորտի սակագնի բարձրացման մասին շրջանառվող խոսակցություններին. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել եւ առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»: |