ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՐՔԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ Ա. Մ. «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում լրացումներին երեկ հավանություն տվեց կառավարությունը: Համաձայն դրանցՙ առաջարկվում է հնարավորություն ստեղծել դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու համար: Կառավարության եզրակացությամբ, դա կնպաստի երկրի գործարար միջավայրի բարելավմանը: Դրամարկղային գրքի խնդրին բազմիցս ենք անդրադարձել մեր թերթում, փաստել, որ դրանք ոչ մի օգուտ չեն տալիս հարկային վարչարարության առումով, բայց կարող են պատճառ դառնալ սուբյեկտիվ միջամտությունների եւ որպես դրա հետեւանք` գործարարից կաշառք պահանջելու կամ նրան տուգանելու համար: Լրատվամիջոցների հեղինակային իրավունքները պաշտպանող նախագծին կառավարութունը դեմ չէ Կառավարությունը որեւէ առարկություն չունի «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ, որ ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի հոդվածներից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին: |