ՋՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Թարգմ. Հ. Ծ. Ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Արեգ Ղարաբեկյանն ավելի քան 30 տարվա փորձառություն ունի ծրագրերի կառավարման, շրջակա միջավայրի ուսումնասիրությունների եւ տրանսպորտային ճարտարագիտության բնագավառներում: 1990-ից նա բազմիցս այցելել է Հայաստան եւ աջակցել արեւմտյան ոճի կառավարման գործընթացների ներդրմանը հայրենիքում: Հայաստանը ջրային մեծ ռեսուրսներ ունի, որն ընդհանուր առմամբ ամբողջ երկրով մեկ (բացառությամբ մի քանի շրջանների) կարող է ծառայել ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման եւ արդյունաբերության նպատակների: Ջրի օգտագործումը անկախությունից հետո նվազել է արդյունաբերական եւ հողագործական գործունեությունների նվազման հետեւանքով: Հայաստանի ջրային պաշարների մոտ 98 տոկոսը ստորգետնյա ակունքներում եւ աղբյուրներում է, իսկ մնացյալ մասըՙ վերգետնյա. հիմնականում գետակներում եւ առվակներում: Ստորգետնյա ակունքների եւ աղբյուրների ջրերի որակը պիտանի է օգտագործման, հետեւապես կարիք ունի միայն քլորային ախտահանման կամ վերամշակման: Ջրի վերամշակման ավանդական միջոցներն օգտագործվում են գետակների եւ առուների ջրերի համար: Ջրային ռեսուրսները բավականին լավ են պաշտպանված եւ վերջին տարիներին բակտերիական աղտոտման կամ վարակման ընդամենը մի քանի դեպքեր են միայն գրանցվել: Քաղաքային եւ գյուղական վայրերի ջրի պահանջների կանխատեսումների հիման վրա կարելի է ասել, որ ջրային մեր ռեսուրսները կբավականացնեն ապագայի մեր պահանջները եւս: Սակայն ջրային պաշարների բավարար լինելը չի բացառում Հայաստանում ջրամատակարարման ասպարեզում առկա բազմաթիվ խնդիրները: Խորհրդային ժամանակներում մեծ ներդրումներ էին կատարվել ջուրը քաղաքային եւ գյուղական վայրեր հասցնելու ծրագրերի վրա: Սակայն աշխատողների հմտությունները ցածր մակարդակի էին, ջրային ռեսուրսների կառավարման մեխանիզմը թույլ էր եւ չկար, մանավանդՙ սպառման չափերի վերաբերյալ հսկողություն: Ավելին, ջրամատակարարման եւ վերամշակման ենթակառուցվածքները ո՛չ հետեւողականորեն պահպանվում էին, ո՛չ էլ նորոգվում, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո ֆինանսավորման պակասի հետեւանքով ընդհանրապես երկար տարիներ դադարեցվել էին ներդրումները, բնականաբար նաեւ հիմնական նորոգումները: Տարածված էին ունեցվածքի ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաեւ ջրատար խողովակների ու պոմպերի գողության դեպքերը: Վերջին տասը տարում օրենսդրական նշանակալի դաշտ է ստեղծվել եւ բավականաչափ բարենորոգումներ են կատարվել ջրային ռեսուրսների պահպանման եւ կառավարման ոլորտում: Դրանցից մեկը միասնական կառավարման սկզբունքներ կիրառելն է: Ջրամատակարարման շարունակականությանը նպաստող զարգացումներ կարող են տեղի ունենալ միայն, եթե ներդրումներ կատարվեն ենթակառուցվածքների նորոգման բնագավառում: Նախնական հաշվումներովՙ կարճ եւ միջնաժամկետ ներդրումների պահանջը կկազմի մոտավորապես 179 միլիոն դոլար (79 միլիոն Երեւանի եւ 100 միլիոնՙ մյուս քաղաքային վայրերի համար): Ներկայումս առաջարկվող ներդրումային ծրագրերը մասնավորապես առնչվում են արդյունավետության բարելավմանը: Բարեփոխումների հետեւանքով հետեւյալ պետական ձեռնարկություններն են կառավարում ջրամատակարարման համակարգը Հայաստանում. ա) «Երեւան ջուր» ընկերությունը, որն սպասարկում է Երեւանի եւ մոտակա 33 գյուղերի 1 միլիոն բնակչությանը, բ) «Հայջրմուղ կոյուղի» (ՀՋԿ) ընկերությունը, որն սպասարկում է ավելի քան 300 գյուղերի 620 հազար բնակիչների, գ) երեք մարզերի (Նոր Ակունք, Լոռի եւ Շիրակ) 320 հազար բնակչությանը սպասարկող ձեռնարկությունը: Վերոնշյալների սպասարկման տարածքներից դուրս են մնում 560 գյուղեր, որոնք առանձին կարգադրությունների միջոցով են ջուր ստանում: Նշված բոլոր գլխավոր ձեռնարկությունները այս կամ այն ձեւով եւ չափով գործընկերություններ ենՙ կապված միջազգային տարբեր օպերատորների հետ: ՀՋԿ-ն, օրինակ, կառավարում է ֆրանսիական «Սոր» ընկերությունը: Պայմանագիրը ֆրանսիական կողմի հետ հինգ տարվա համար էր կնքված, բայց հետագայում մի տարով եւս (մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը) երկարաձգվեց: Հայաստանի ջրային պաշարների համակարգն ու մատակարարման ցանցերը կարիք ունեն հիմնարար վերանորոգումների եւ արդիականացման: Տարիներ շարունակ ներդրումների եւ դրան գումարած սովորական պահպանման մեխանիզմների բացակայությունը վատթարացրել է ենթակառուցվածքների վիճակը, որն այլեւս ի վիճակի չէ պատշաճ մակարդակով ծառայություն մատուցել սպառողներին: Ջրի կորուստների կամ անեկամտաբեր ջրի քանակը հասնում է մինչեւ 85 տոկոսի, որը, Համաշխարհային բանկի հաշվարկներով, ամենաբարձրն է աշխարհում: Ջրի կորուստների ավելի քան 50 տոկոսը հին խողովակներից արտահոսքերի հետեւանք է, մնացածըՙ գողության, չվճարումների կամ մասնակի վճարումների: Անեկամտաբեր ջրի կորուստների մոտ 65 տոկոսը բաժին է ընկնում բազմաբնակարանային շենքերի եւ մասնավոր տների բնակիչներին: Բացի խողովակների արտահոսքերիցՙ ջրի եկամուտների կորուստներ տեղի են ունենում նաեւ ջրաչափերի թվային խեղաթյուրումների (մագնիսների օգնությամբ), բնակարաններում 2-րդ եւ երբեմն 3-րդ անջրաչափ կետերի առկայության հետեւանքով: Մաշված խողովակների առկայության պայմաններում ծառայությունների մակարդակի ավելացումը նույնպես բացասաբար է անդրադառնում: Ավելանում են ջրի կորուստները, քանի որ բարձր ճնշման տակ ջրի երկարատեւ հոսքերը մեծացնում են արտահոսքի հնարավորությունները: Վերջերս Արմավիրում ջրաբաշխման համակարգի 70 տոկոսը վերանորոգվեց, եւ ջրամատակարարման ժամկետները երկարաձգվեցին մինչեւ 22 ժամ օրական, բայց ոչ եկամտաբեր ջրի քանակը ընդամենը 87-ից 70 տոկոսի իջավ:Երեւանում գործող ջրաչափերի մեծ մասը արդեն հնացած է եւ ցածր որակի: Դրանք ճշգրիտ չեն կարող ցույց տալ օգտագործված ջրի քանակը: Ավելինՙ դրանց մեծամասնությունը ենթակա է խեղաթյուրմանՙ մագնիսների օգնությամբ:Ջրի սակագինը Հայաստանում մոտավորապես 200 դրամ է յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց, որը համեմատաբար ցածր է միջազգային (մոտ 400 դրամ) գնից: Նման պայմաններում հնարավոր չէ պատշաճ նյութական ֆոնդ ստեղծել ենթակառուցվածքների վերանորգումների համար: Ստացված գումարները նույնիսկ բավարար չեն փակելու ներկա վիճակի պահպանման ծախսերը: Մեկ ընտանիքի ջրի ամսական ծախսը հավասար է երեք տուփ սիգարետի գումարին: Բայց դժվար կլինի ջրի գնի բարձրացում պարտադրել հասարակությանը, մանավանդ երբ մատակարարումը ընդհատումներով է իրականացվում:Գալով ջրի սպառման դիմաց քաղաքացիներից գումարների հավաքմանը, պետք է ասել, որ գործընթացը լավ է կազմակերպված եւ մուծումները կանոնավոր կատարվում են: Սակայն հաշիվները սովորաբար հիմնված են հոսքային ծավալների վրա, որոնք, ինչպես նշեցինք, առայժմ չեն կարող ճշգրիտ լինել քանի որ հաշվիչներն են թերի եւ չեն կարող սպառման ծավալների ճիշտ քանակը ցույց տալ:Հակառակ ջրի պաշարների առատությանըՙ բնակչության պահանջները լիուլի չեն բավարարվում: Բնակչության նշանակալի մի հատված ընդամենը օրական մի քանի ժամ է խմելու ջուր ստանում: Հարցին լուծում գտնելու համար Հայաստանի կառավարությունը տարբեր միջոցների է դիմել, օրենսդրական բարեփոխություններ եւ նույնիսկ հսկայական ներդրումներ կատարել միջազգային հաստատությունների (ինչպես օրինակՙ Զարգացման ասիական բանկի) եւ մասնավոր սեկտորի աջակցությամբ:2007-ին Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) 36 միլիոն դոլարի վարկ տրամադրեց Հայաստանինՙ բարելավելու 16 քաղաքների 576 հազար մարդկանց սանիտարական պայմանները եւ ավելացնելու ջրամատակարարման չափերը գոյություն ունեցող ջրային ենթակառուցվածքների վերանորոգման շնորհիվ: Ծրագիրը հաջողությամբ գործադրվեց: Բայց հրատապ այլ հարցեր, ինչպես օրինակՙ ամբողջ ցանցը արդիականացնելու համար կապիտալ ներդրումներ կատարելը եւ ջրամատակարարման ընկերությունների ֆինանսական երկարաժամկետ կենսունակության ապահովումը, մնացին չլուծված: Այդ պատճառով էլ ԶԱԲ-ը 2012-ին Հայաստանի կառավարությանը հատկացրեց եւս 40 միլիոն դոլարի վարկՙ շարունակելու եւ ընդլայնելու համար բարեփոխումների սկսված գործընթացը:Գործնականում նոր ծրագիրը ավելի քան 600 հազար բնակիչների խմելու ջրի մատակարարումը առնվազն 12 ժամով ավելացրեց: Ավելացան նաեւ սպառումների դիմաց կատարված բնակիչների մուծումները: Այդուհանդերձ ջրամատակարարման ընկերությունները գիտակցում են, որ անեկամտաբեր ջրերի (արտահոսքի պատճառով) քանակը դեռեւս բավականին բարձր է եւ առաջարկում ենՙ ա) օգտագործել կապիտալ ներդրումները վերանորոգելու եւ արդիականացնելու համար մաշված ենթակառուցվածքները եւ նվազեցնելու համար արտահոսքերը, բ) տեղադրել բնակարաններում ավելի որակյալ ջրաչափեր, իսկ բարձրահարկ շենքերումՙ էլեկտրոնային ջրաչափեր, գ) տեղադրել ավելի որակյալ հոսքաչափեր առավել ճշգրիտ չափումներ ստանալու համար, դ) հասարակության հետ ավելի լայն շփումների եւ աչալուրջ վերահսկողության միջոցով առավել մեծ ուշադրություն դարձնել եւ ջանքեր գործադրելՙ նվազեցնելու համար ապօրինի չարաշահումներն այդ ասպարեզում: |