RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 896, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԱՎՍՏՐԻԱ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց

Մերօրյա Հայաստանում առկա խնդիրներին քաղաքական ու տնտեսվարական միտքը հավանական ու անհավանական բացատրություններ, պատճառաբանություններ ու արդարացումներ է տալիս: Մեկ ժամանակի գործոնն են վկայաբերում, մի այլ անգամ երկրի ընդերքում նավթ ու գազ չունենալը, չմոռանալով հիշել շրջափակումն ու որոշ հարեւանների անբարյացակամությունը: Հայ հանրության որոշակի մասը հասկացել է այսօրինակ վիճակի անհեթեթությունն ու հուսալքության տրամադրությամբ է առաջնորդվում, որի դրսեւորումներից է ահագնացող արտագաղթը: Թեեւ Եվրոպան, այդ թվումՙ մայրցամաքի կենտրոնական հատվածում գտնվող Ավստրիան, խստացնում է ներգաղթային քաղաքականությունը, այսուհանդերձ մեր հայրենակիցներին էլ է հաջողվում այստեղ մնալ ու ապրել, սովորել ու աշխատել: Նման միջավայրում հայտնվելիս առաջնային հարցերից մեկն անշուշտ հայաստանյան կենցաղի վերաբերյալ զրույցներն են, շատ հաճախ մեր տեղական արտադրանքների գները: Զրուցակիցներիցս մեկը, 50-ին մոտ, ներկայանալուց հրաժարված տղամարդն, օրինակ, վրդովված նշում էր Հայաստանում շինանյութերի բարձր գինը: Գյուղում ապրող եղբայրը բանակից վերադարձած տղային ամուսնացնելու խնդրում բախվել է ոչ թե նոր տուն կառուցելու, այլ ընդամենը երիտասարդների համար առանձնասենյակ ստեղծելու եւ լոգարանն ու սանհանգույցը մասամբ կարգի բերելու անհնարինության հետ: Դե, անտարբեր մնալ չէր կարող եւ իր ուղարկած միջոցներով գործը մասամբ արվում է, բայց հիմա էլ եղբորորդին է ըմբոստացել ու հորը հորեղբոր օրինակն է հիշեցնում:

Հայաստանաբնակներիս նման պահվածքը բնորոշ է թե ոչ, հարցի մեկ կողմն է: Մյուս մասն այն է, թե ինչու, ասենք, գյուղում ապրող աշխատունակ ընտանիքը չի կարողանում համեստ կենցաղ ունենալ, իր տնտեսությունը զարգացնել, բնակավայրի հոգսերին մասնակցել: Հարցի շուրջը ծավալվելը անհեռանկար գործ համարելով, ընդամենը մի խնդրի մասին հիշատակենք: Ավստրիայի Գրաց քաղաքի գովազդային թերթիկներից մեկից վերցված լուսանկարում պարզ նշված է, որ 25 կգ կշռող ցեմենտի պարկն արժե 2.49 եվրո, որը ՀՀ դրամի վերածելու պարագայում 1 կգ-ի դիմաց ստանում ենք մեր 50-55 դրամը: Փորձեք ՀՀ-ում նման գին փնտրել, չեք գտնի, մերը զգալի թանկ է: 1 տոննայի հաշվով տարբերությունը կազմում է 15-20 հազար դրամ, իսկ եթե նկատենք, որ ամենահամեստ շինաշխատանքների համար պահանջվում է մի քանի տոննա ցեմենտ, խոսքը գնում է 100 հազար դրամի մասին, որը մեր համեստ համերկրացիները երազում էլ չեն տեսնում: Անգամ առաջարկվող այս ցածր գնից եվրոպացիները բարձր աշխատավարձ են ստանում ու հարկեր վճարում. միայն վերջինը Ավստրիայում անցնում է 50 տոկոսից, որի ապացույցն է երկրի 220 մլրդ դոլար կազմող բյուջեն, երբ ՀՆԱ-ն 360 մլրդ դոլար է: Մեր թվերը համապատասխանաբար 2 մլրդ եւ 10 մլրդ դոլար են:

Շինարարությունում անհրաժեշտ նյութերի համանման ցածր գների շատ հաճախ կարելի է հանդիպել, որի պայմաններում էլ երկրում անհատական ու բազմաբնակարան շենք-շինությունների շինարարություն է ծավալվում: Շինանյութերի վաճառքով զբաղվող առեւտրային հաստատությունները հեկտարներով տարածքներ են զբաղեցնում, դրանց մեջ կարելի է մտնել նաեւ ավտոմեքենաներով: «Հելվիկ» առեւտրի կենտրոն ավտոմեքենաներով այցելողների կանգառատեղին ֆուտբոլային խաղադաշտի տարածք ունի: Ավստրիայի ողջ տարածքում շինությունները սովորաբար կառուցվում են 1-2 ստորգետնյա հարկերի տեսքով, որը մեզանում հռչակվում է որպես էլիտար, ասել է թե առանձնահատուկ, որն էլ իր թանկ գինն ունի: Դե եկ ու համակերպվիր այս վիճակի հետ, դրանք անհատական ու ժամանակավոր դրսեւորումներ որակիր, լավատեսության փորձեր արա. չի ստացվում:

Տողերիս հեղինակն անշուշտ մեր հարյուրհազարավոր հայրենակիցների պես հակված չէ առանձնապես նշված խնդիրների մեջ տեսնելու մեր կյանքի ու կենցաղի հիմնական անցանկալի դրսեւորումները: Բայց անկարող է չնկատել, որ միայն մեկ, տվյալ պարագայում շինանյութերի ոլորտում գնային գործընթացների կանոնակարգումը կարող է խթանել տասնյակ հազարավոր հայաստանաբնակների գործունեությունը, պայմաններ երաշխավորել վերանորոգելու ու վերակառուցելու իրենց համեստ կացարանները, ծավալելու փոքր ու միջին գործարարությանն անհրաժեշտ շինարարություն, կառուցելու մեզ համար անչափ կարեւոր ամենատարբեր բնույթի հաստատություններ, որոնք իրենց հերթին պահանջված աշխատատեղեր կերաշխավորեն: Այսօր ՀՀ-ում ծառայությունների ոլորտում ընդգրկված է աշխատող բնակչության հազիվ 40 տոկոսը, երբ արդեն հիշատակված Ավստրիայում հասնում է 70 տոկոսի: Այնպես որ հայտնի ասացվածքը ներկայացնելովՙ մի շինանյութի գինը կարգավորելով էլ հնարավոր է հիմնախնդիրների լուծմանը նպաստող միջավայր ստեղծել խոսքերով, կարելի է արդյունքներ ակնկալել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ