RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



ՍԻԴՆԵՅ

Տեղադրվել է` 2013-06-25 23:27:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1245, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՆԱՅԼ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԺԵԼ ԱՎՍՏՐԱԼԱՑԻՆԵՐԻՆ»

Հ. Ծ.

Ավստրալիայից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Սիդնեյում Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի անդամ, պատվելի Ֆրեդ Նայլը վերջերս հարգանքի տուրք է մատուցել ANZAC-ի (ավստրալական եւ նորզելանդական բանակային կորպուսներ) այն զինվորների հիշատակին, որոնք ականատես են եղել Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների դեմ սանձազերծված ցեղասպանություններին եւ օգնություն ցուցաբերել տուժածներին:

Հոգեւորական Նայլի այս արարքը հետեւել է այն մեղադրանքներին, որ Ավստրալիայում Թուրքիայի դեսպանը ներկայացրել է, ասելով, թե այդ ստորաբաժանումների զինվորների հաշվետվությունները սխալ են եւ իրականությանը չեն համապատասխանում: Նաեւ այն սպառնալիքներին, որ Թուրքիայի արտգործնախարարն է հնչեցրել, նշելով, որ ավստրալացի այն քաղաքագետները, որոնք պաշտպանում են վերոնշյալ ցեղասպանությունները ճանաչելու առաջարկությունները, չեն կարող մասնակցել 2015-ին նախատեսվող Գալիպոլիի հիշատակությունների շրջանակներում անցկացվող ANZAC-ի օրվան նվիրված արարողություններին:

«Այդ իրադարձությունների հարյուրամյակի շեմին բոլորովին բարեկամական արարք չէ հայտարարելը, որ Ավստրալիայի պատմությանն առնչվող առաջարկություններին ու բանաձեւերին թիկունք կանգնող խորհրդարանականների մասնակցությունը 2015 թվի Գալիպոլիի հիշատակություններին ցանկալի չէ», նշել է Նայլը:

Գալիպոլիի մարտերից անմիջապես հետո ավստրալացի զինվորներն առնչվել են հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունների հետ, ու նրանցից ավելի քան 300-ը դարձել են ռազմագերիներ: Նրանք հետագայում այդ վայրագությունների մասին մանրամասն գրել են իրենց օրագրերում եւ հուշերում: Այդ նկարագրություններից շատերն այսօր գտնվում են «Պատերազմի ավստրալական հուշամալիրի» արխիվներում:

Օրենսդիր մարմնի առաջ ունեցած իր ելույթի ժամանակ Նայլը կոչ է արել Թուրքիայինՙ հարգել Ավստրալիայի պատմությունը եւ ճանաչել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում մարդկության դեմ կատարված ցեղասպանությունները:

«Ժամանակակից Թուրքիան եւ Ավստրալիան պետք է այնպիսի բարեկամություն մշակեն, որը հիմնված լինի հարգանքի եւ պատմական տարբերությունների հիման վրա: Թուրքիան եւ Ավստրալիան միասին են հաղթահարել Գալիպոլիի մարտերի ժառանգությունը, այնպես որ մենք նաեւ պետք է միասին հաղթահարենք գաղափարների տարբերությունը, որ մենք ունենք ասորական, հունական եւ հայկական ցեղասպանությունների ճանաչմանը ուղղված առաջարկությունների վերաբերյալ», ավելացրել է Նայլը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է Նայլի ելույթըՙ ասելով. «Այդ ժամանակահատվածում մեր պատմությունը միահյուսվել է Ավստրալիայի պատմությանը: Շատ քաջարի ավստրալացի զինվորներ իրենց կյանքի գնով օգնել են մազապուրծ հայերի, հույների եւ ասորիների: Այդ բոլորը փաստերով արձանագրված են եւ պահվում են արխիվներում: Հայերի ցեղասպանությունը ժխտելը նշանակում է նաեւ ժխտել Ավստրալիայի պատմությունը»:

Նայլի ելույթից պաշտոնական Անկարան մնացել է անդրդվելի: Դարձյալ հնչել են նույն ձեւակերպումները, որ ցեղասպանությունների նման բանաձեւերին աջակցող քաղաքական գործիչները կզրկվեն Թուրքիայի բարեկամական եւ սիրալիր վերաբերմունքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ