ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ Բերված չինական 10 նոր ավտոբուսները դրա առաջին լուրջ քայլն են Երեկ առավոտից Գյումրու կենտրոնական հրապարակում կողք կողքի կանգնած չինական արտադրության 10 նոր ավտոբուսներն այս քաղաքի համար տարաշխարհիկ տեսարան եւ անսովոր տոնականություն էին ստեղծել: Իսկ երբ իմացվեց, որ դրանք բերվել եւ այսուհետեւ գործելու են քաղաքի երթուղիներում, ոմանք հաճելի զարմանքից նույնիսկ հուզմունք ապրեցին: Այն բանից հետո, երբ հոգսաշատ այս բնակավայրում տարիներ առաջ պարզապես հանվեցին-վերացվեցին տրոլեյբուսի գծերը, իսկ ավտոբուսային պարկը գնած քաղաքապետարանը ներքաղաքային երթուղիներից հետզհետե դուրս մղեց աշխատող առանց այն էլ հին ավտոբուսները, մարդկանց հարկադրելով այդուհետեւ կռացած ու շնչահեղձ երթեւեկել, միայն, ավելացող նորահայտ «գծատերերի» երթուղային տաքսի «Գազել»-ներով, հանրապետության երկրորդ քաղաքն ըստ էության մնացել էր առանց հասարակական տրանսպորտի: Դեռեւս երեւացող հատուկենտ հին ավտոբուսներն ընդամենը փոքրիկ բացառություն էին: Այս նոր ավտոբուսների ներկրումն ու երթեւեկը նախաձեռնելով` համայնքային ներկա իշխանությունը գյումրեցիներին վերադարձնում է հասարակական տրանսպորտը, նաեւ անելով քաղաքակիրթ եւ արժանապատիվ երթեւեկության պայմաններ ստեղծելու առաջին քայլը: Տեղի ունեցած փոքրիկ հանդիսությունից հետո փորձնական շրջայց կատարած առաջին նոր ավտոբուսի ուղեւորները եղան Գյումրու քաղաքապետը, նրա տեղակալն ու լրագրողները, Սամվել Բալասանյանը տարիների ընդմիջումից հետո առիթ ունեցավ Գյումրու փողոցներով երթեւեկելու ավտոբուսով, ավելի լավ հասկանալով գյումրեցի «շարքային» ուղեւորին: Նոր ավտոբուսները, որոնցից նախատեսվում է առաջիկայում ներկրել եւս մի քանիսը, առայժմ կերթեւեկեն ներքաղաքային երկու երթուղիներում: Մասնավորապես համար 1 երթուղին քաղաքի կենտրոնը սովորականի պես կկապի մի կողմից «Շիրակ» օդանավակայանի եւ «Ստրոմմաշինա» թաղամասի, մյուս կողմից` քաղաքի հակառակ ծայրում գտնվող «Անի» թաղամասի հետ: Քաղաքապետի հրահանգով` ավտոբուսները հունիսի մնացած մի քանի օրերին ուղեւորներին կփոխադրեն անվճար, որից հետո փոխադրավարձը հավանաբար կլինի 100 դրամ: Ասենք շնորհավոր... |