ԹԱԼԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կմեկնարկի հայ հայտնի երաժիշտներ Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից ժամանած Վադիմ Լանդոն (կլառնետ) եւ 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն: Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսեւորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողներին, տարածել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաստանաբնակ, սփյուռքահայ եւ այլազգի երաժիշտների միջեւ, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ եւ պատանի կատարողների ունակությունների զարգացմանը, մարզային երաժշտական օջախների համար մշակել եւ իրականացնել ծրագրեր: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն, Հայկ Բոյաջյանի 75-ամյակին նվիրված համերգ, ինչպես նաեւ հունիսի 26-ից հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք, որը կմեկնարկի «Արս լունգա» դուետի նոր նախագծիՙ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա»-ի առաջին մասին ձայնասկավառակների շնորհանդեսով, որը կկայանա այսօր, հունիսի 26-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ի դեպ, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձեւով եւ բովանդակությամբ միակն է, որի շրջանակում հավաքվել է 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների թավջութակի եւ դաշնամուրի համար գրած ստեղծագործություններ, կատարել եւ ձայնագրել է դրանք ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներՙ ամփոփելով 12 ձայնասկավառակ: Ի դեպ, 2008 թվականին Արամ Թալալյանի գեղարվեստական ղեկավարմամբ հիմնադրվեց փառատոնըՙ որպես թավջութակային երաժշտության փառատոն, իսկ արդեն 2010 թվականից ընդլայնվել է եւ դարձել ալտի եւ թավջութակի փառատոն: Հետագայում համերգային ծրագրերում ընդգրկվել են ինչպես մենակատարներ, փոքր խմբեր, այնպես էլ բազմանդամ նվագախմբեր: |