RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Տեղադրվել է` 2013-07-02 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1318, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԻ ԵՐԵՍԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Որ Հայաստանում կատարվող ամեն բան կախված չէ ներքաղաքական տուրեւառից (գումարած` արտաքին ազդակներից), հիմա արդեն, հունիսի 29-ին նախագահ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, ոչ ոք չի կարողանա պնդել:

Եվ ասենք, թե ինչու:

Լավ իմանալով համակարգը` կարող ենք ասել, որ Վերահսկիչ պալատն առանց նախագահի «դաբրոյի» չէր կարող բացահայտումներ անել: «Դաբրոն» եղել է ամիսներ առաջ, իսկ թե ի՞նչն է փոխվել վերջին կարճ ժամանակում, որ այդ «դաբրոն» գունաթափվել է (անկախ նրանից, որ կամ միգուցե Ի. Զաքարյանը չափից ավելի շատ է ջանացել, քան պետք է եղել), առանց ներքաղաքական ազդակների հնարավոր չի լինի բացատրել: Սակայն մի բան ակնհայտ է` ամիսներ առաջ նախագահ Սարգսյանը խիստ տոնով հորդորում էր համապատասխան կառույցներին` պայքարել «ատկատի» դեմ, իսկ ահա ամիսներ հետո, երբ ՎՊ-ն ու նրա նախագահը լայնորեն վեր էին հանել «ատկատների» սուբյեկտներին, նախագահը փոխեց իր տոնայնությունը. «Երբ ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր բյուջեի 70 տոկոսը` 701 մլրդ. ռիսկային գոտում է, ակնհայտ է, որ դա շատ սխալ եւ անհեռատես հայտարարություն է»:

Միգուցե «ատկատի» դեմ պայքարողի դրոշը լրիվ ուրիշ մարդ պետք է վերցնի` ասենք, հենց վարչապետը, որը նախագահի կուսակիցն է, եւ որին նախագահը հանձնարարեց արագ եւ թափանցիկ անել բարձրացված հարցերը հատ-հատ քննարկելը: Միգուցե ՎՊ նախագահը այդպես էլ չի կարողացել կտրել բոլոր այն թելերը, որոնք նրան կապում էին անցյալին, ու այն մարդկանց, ում շնորհիվ ի վերջո նա այդքան բարձր պաշտոնի նշանակվեց, ու սա վերջին շրջանում օգտագործվել է` անկախ ՎՊ նախագահի ուզել-չուզելուց: Միգուցե նա իր բացահայտումներով, հիմա արդեն կարեւոր չէ` կամա թե ակամա, ջուր էր լցնում իշխանության մեջ իրար դեմ պայքարող թեւերից մեկի ջրաղացին, իսկ նախագահը ցույց տվեց, որ բոլորովին էլ չի տրվելու այդ թեւի խժդժանքին: Մանավանդ` նախագահն իր խոսքի վերջում ասել էր, թե խոսելու են նաեւ խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին, կուսակցությունում կքննարկեն եւ կորոշեն` այդպիսի դեպքերում ո՞նց վարվեն:

Հարցեր, որոնք դեռ պատասխանի են սպասում, բայց այդ հարցերն ինքնին ծնվում են:

Միգուցե այդ թեւերի պայքարը շատ ավելի խորն է, քան կարող է պատկերացնել սովորական մարդը. ասենք` փակել ճանապարհը դեպի մյուս խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ այն հավակնորդների առաջ, որոնք դրա համար ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Սրանք կարող են իրական եւ խորքային պատճառները լինել այն կոշտ պահվածքի համար, որ դրսեւորեց նախագահ Սարգսյանը` խորհրդակցության ժամանակ, չխորշելով անգամ գոնե ցուցափեղկի առումով անկախ կառույցների գլուխների` գլխավոր դատախազի եւ ՎՊ նախագահի հետ հարաբերվելիս մի տեսակ կարծես խախտել սուբորդինացիան` առաջինին ցուցում տալով, թե որքան մլն դրամի սահմաններում պետք է լինեն բացահայտումները, երկրորդին ընդհանրապես ոչնչացնելով, թե նրա կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում: Միգուցե իսկապես խաղն արժե մոմերը, քանի որ տեղի ունեցածի իրական պատճառների մասին կարելի է միայն ենթադրություններ անել, գումարած այն, որ գործադիրի գլուխն ի վերջո երկրի նախագահն է, ու եթե ՎՊ-ն իրական բացահայտումներից շատ ավելին է ցույց տվել կամ ուռճացրել, հենց նրան էլ խփում է ի վերջո: Կամ գուցե հաջորդ նախագահական ընտրություններին իրավահաջորդի առումով Ս. Սարգսյանն իր ընտրությունը կատարել է, եւ շաբաթօրյա խորհրդակցությունում դա հստակ զգալ տվեց` վարչապետին աջակցելով եւ քաղաքական մեծամասնության պահվածքի ուղղությամբ (տվյալ դեպքում` խորհրդարանի ղեկավարի) տակառ գլորելով:

Իսկ կոռուպցիոն երեւույթների եւ «ատկատների» դեմ պայքարի մասով հենց կառավարությունն ու գլխավոր դատախազությունն էլ թող պայքարեն, փաստորեն սա էր ասվում անուղղակի:

Որովհետեւ այս բոլորից հետո պարզ է, որ ՎՊ ինստիտուտը վարկաբեկվեց, որին կարող է երկու բան հաջորդել. կամ ՎՊ նախագահն է փոխվում, կամ ինստիտուտի գործառույթները` օրենսդրորեն այլ, ավելի անշառ ու միջանկյալ դեր հատկացնելով ՎՊ-ին, եւ ոչ թե վերադաս ստուգիչ կազմակերպության:

Աշնանը ՎՊ նախագահի լիազորությունները բոլոր դեպքերում ավարտվում են:

Միգուցե այսպիսով Ս. Սարգսյանը փակեց աշնանը վերանշանակվելու հույսեր փայփայող Ի. Զաքարյանի ճանապարհը` ՎՊ նախագահ արդեն լրիվ ուրիշ մարդ կլինի, նա, ով ավելի մոտ է կանգնած մեծամասնության նախագահական թեւին: Եվ մեծամասնության ուղղությամբ նետվածն էլ վերաբերում է հենց ՎՊ բացահայտումներին ակտիվ արձագանքած Հովիկ Աբրահամյանին եւ մի քանիսի, այլ ենթադրություն չի մնում:

Իսկ վարչապետն, այո, նախագահից աջակցություն եւ քարտ բլանշ ստացավ` իրականացնելու բոլոր այն բարեփոխումները, որոնց վերաբերյալ երեբեմն նա ակնարկում էր, թե խանգարում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ