RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #123, 19-07-2013



Տեղադրվել է` 2013-07-19 13:58:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1012, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» մանկապատանեկան ճամբարն արդեն 13-րդ տարին կազմակերպում է հանրապետության տարբեր շրջաններից ժամանած երեխաների ամառային հանգիստը:

Մինչ հուլիս ամիս ճամբարն ընդունել է շուրջ 650 երեխայի եւ դեռ 700-ին կհյուրընկալի: Այս տարի ճամբարն առաջին անգամ հյուրընկալեց սիրիահայ երեխաների: Լոռու մարզպետի, սփյուռքի նախարարության եւ Գուգարաց թեմի նախաձեռնությամբ ու «Մանես» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ` 70 սիրիահայ երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում այստեղ մեկ շաբաթով:

Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին աղ ու հացով, երգ ու պարով դիմավորեցին ճամբարականները:

Հանդիսավոր տողանից հետոՙ նախարարը վայելեց ճամբարականների գեղարվեստական հայտագիրը, որին երկար ու ոգեւորությամբ էին պատրաստվել պատանիները: Սիրիահայ եւ հայաստանաբնակ երեխաների համատեղ ճամբարային կյանքը յուրօրինակ ներկապնակ է պարզում մեր առջեւ իրենց կրած տեղային բարբառախոսությամբ, սովորույթներով, երգ ու պարով:

Առաջիկա տարում նախատեսվում է վերակառուցել «Կռունկ» ճամբարի կիսաքանդ մասնաշենքերը, կահավորել եւ բարեկարգել տարածքը, ինչը հնարավորություն կտա նախորդ տարիների համեմատ ավելացնելու հանգստացող երեխաների քանակը: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի վաղեմի փափագն է հայազգի լրագրող, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը անմահացնելով, ճամբարը վերանվանել «Հրանտ Դինքի անվան Կռունկ» ճամբար: Այս կերպ Հրանտ Դինքի հիմնադրած, սակայն ընդհատված «Թուզլայի» ճամբարը իր կենսագործունեությունը կծավալի կարոտյալ երեխաների համար արդեն մայր հայրենիքում:

Այս տարի եւս ճամբարային ծրագիրը հագեցած է: Կազմակերպվում են մարզական տարբեր խաղեր` շաշկի, շախմատ, ֆուտբոլ, թենիս, լող, ինչպես նաեւ անցկացվում են վիկտորինաներ ու մրցույթներ, որոնց հաղթողները պարգեւատրվում են նվերներով: Ճամբարում երեխաները հնարավորություն ունեն մեծ էկրանով դիտելու գեղարվեստական, փաստագրական ֆիլմեր եւ մուլտֆիլմեր: Հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների հայեցի դաստիարակությանը, նրանց մեջ հայրենի եզերքի ու եկեղեցու հանդեպ սեր սերմանելուն:

Յուրաքանչյուր հերթափոխի ժամանելուց հետո ճամբարի տարածքում գտնվող «Սրբոց Մանկանց» մատուռում երեխաների համար մատուցվում է սուրբ պատարագ, իսկ հրաժեշտին` վառվում խարույկ, համերգային ծրագրով ելույթներ է ունենում Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #123, 19-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ