RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-26 23:41:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1289, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 24

«ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԹՈՒԼԱՑՆԻ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏԸ»

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Հովիկ Մուսայելյանը նաեւ հերքում է իրեն Երեւանի քաղաքապետ նշանակելու մասին լուրերը

Ներկայացնում ենք մեր հացազրույցը «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովիկ Մուսայելյանի հետ` Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ նրա անվան հետ կապված տեղեկությունների մասին:


- Պրն Մուսայելյան, տեղեկություններ են հրապարակվել, որ դուք Երեւանի քաղաքապետ պետք է նշանակվեք: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ տեղեկությունները:

- Այդ տեղեկությունն իհարկե անհեթեթություն է: Երկու տարի է, ինչ տարբեր առիթներով ես փորձել եմ պարզաբանումներ ներկայացնել, թե ինչու չեմ ուզում ինձ վերագրվող այս կամ այն պաշտոնը:

- Երեւի նկատի ունեք Ձեզ` ՏՏ նորաստեղծ նախարարության նախարար կամ ընդդիմության ստվերային կառավարության կապի նախարար նշանակելու մասին լուրերը:

- Այո: Այդ լուրերի մասին ես իմանում եմ մամուլի հրապարակումներից: Բնականաբար, դրանք ստահոդ լուրեր են: Ես հետեւողականորեն իմ աշխատանքն եմ կատարել իմ տեղում ու նաեւ հասարակական գործունեություն իրականացրել տարբեր հանձնաժողովներում: Երեւի իմ հասարակական գործունեությամբ է պայմանավորված նման լուրերի տարածումը, բայց ասեմ, որ երկրին օգտակար լինելու համար ամենեւին էլ պարտադիր չէ որեւէ պաշտոն զբաղեցնել: Ես բազմիցս ասել եմ, որ նման հավակնություններ չունեմ, սիրում եմ իմ աշխատանքը «Սինոփսիս-Արմենիայում», այստեղ եմ աշխատել ընկերության կայացման առաջին օրվանից եւ հպարտ եմ ընկերությանՙ Հայաստանում ունեցած հաջողություններով ու նաեւ իմ լումայով այդ հաջողություններում: Անկախ ամեն ինչից, նաեւ հումորով եմ վերաբերվում նման լուրերին, բայց կան մարդիկ, որ հավատում են նման լուրերին, դրա համար անհրաժեշտություն է առաջանում հերքելու դրանք:

- Պրն Մուսայելյան, Դուք նաեւ ՀՀԿ-ից Երեւան քաղաքի ավագանու անդամ եք: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման, դրա դեմ բողոքների, ապա նաեւ այդ որոշման կասեցման վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

- Ես չեմ ցանկանում կարծիք հայտնելՙ արդարացված էր 150 դրամ սակագինը, թե ոչ: Դա մասնագետների հաշվարկների խնդիր է, որը, կարծում եմ, որոշ ժամանակ հետո հանրությանը կներկայացվի: Խնդիրը, կարծում եմ, ավելի շատ բացատրական անբավարար աշխատանքն էր հասարակության մեջ, որպեսզի մարդիկ գիտակցեին դրա անհրաժեշտությունը: Կարծում եմ, քաղաքապետը ճիշտ որոշում է ընդունելՙ կասեցնելով սակագների բարձրացման որոշումը եւ հանձնախումբ ստեղծելով: Դա կթուլացնի լարված մթնոլորտը, եւ մասնագետները հնարավորություն կունենան հանգիստ իրականացնելու իրենց հաշվարկները: Իմ կարծիքով, անհրաժեշտ է, որ հանձնախմբի եզրակացությունն ու ընդունվելիք որոշումը լայնորեն քննարկվեն հասարակությունում, նոր միայն կայացվի քաղաքապետի որոշումը այս հարցի վերաբերյալ:

- Ուղեվարձի բարձրացման որոշման վերաբերյալ հասարակական որոշակի շրջանակների նման արձագանքին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Ես կարեւորում եմ երկրի զարգացմանն առնչվող հարցերում սոցիալական խմբերի ակտիվությունը: Այն առողջ ուժերը, որոնք այսօր այդ սոցիալական խմբերում են, լավ կլինի, որ համախմբվեն կենսունակ, իրատեսական, ոչ պոպուլիստական գաղափարների շուրջը: Միաժամանակ ուրախ եմ, որ նրանք ազատ արտահայտվելու հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ