RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1045, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԳՈՎԱԶԴԵՐԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Անմահական ջուրը

Սաքոն ու Սեթոն իրարից նեղսրտել են. պատճառն էլ այնքան անհեթեթ է, որ մարդու ծիծաղ է գալիսՙ ինչ-որ մի գովազդի պատճառով:

Դե, այն, որտեղ շքեղ մեքենայով սլացող երեք գեղեցկուհիները, տեսնելով անսարք մարդատարի մոտ կանգնած երիտասարդին, հարցնում են, թե արդյոք օգնության կարի՞ք ունի, գուցե ծարա՞վ է: Եվ բացասական պատասխան ստանալով շարունակում են ճամփանՙ իրենց հետ տանելով մեքենայի թափքում տեղավորված երիտասարդին:

Իմաՙ Սաքոն ասում էՙ գովազդը աղջկա խմած ջրին է վերաբերում, Սեթոն թեՙ ընկերությանը, քանզի տղաների ավտոմեքենայի տակից դուրս եկած երիտասարդը շվարած նայում է իրեն անսպասելի լքած ընկերոջը:

Սաքոյի ու Սեթոյի անհեթեթ այս վիճաբանությունը կարող են հանգուցալուծել գովազդի հեղինակներըՙ սերիալի կարգով անդրադառնալով թեմայի շարունակությանը. տղան անվերադա՞րձ գնաց գեղեցկուհիների հետ, թե՞ օգնություն բերելու նպատակով ընկերոջը միայնակ թողեց: Իսկ գուցե ջրի անմահական զորությո՞ւնն էր պատճառը: Ինչեր չես անի հայրենի լեռների աղբյուրներից շշալցված ջրի համար, որն ըմպում են շքեղաշուք ավտոմեքենաներ վարող գեղեցկուհիները: Ընկերոջդ էլ կմոռանաս, հարազատիդ էլ, մեղա, մեղա... տուն-տեղդ էլ:

Սեթոն պնդում է, որ տղային Բագրատաշենում տեսնող է եղել:

Հայկական յուղի սպասելով

Սաթոն ու Մարոն էլ են վերջերս իրար խեթ նայում. եւ դարձյալ գովազդի պատճառով: Հերթական սուրճվայելելու ընթացքում հեռուստաէկրանից լսել են, թե առեւտրային ցանցում նոր յուղ է հայտնվել, որը հարմար է ամեն մի ուտեստի համար:

- Լավը կլինի,-նկատել է Սաթոն: Եվրոպացիները մեր մասին մերոնցից շատ են մտածում, նրանք Հայաստան պատահական բան չեն ուղարկի:

Մարո, այդ հյուսիսաբնակների բերանի համն ուրիշ, մերն ուրիշ: Հետո էլ վստահ չեմ, թե հարմար է ամեն մի ուտեստի համար:

Սաթոն, ում աղջիկ-տղաներից մեկականը Եվրոպայում են, պնդել է յուղի օգտակար լինելն ու այդ օրից խեթ է նայում հարեւանուհուն: Նրանց երբեմնի հարաբերության վերականգնմանը կարող են նպաստել հայրենական յուղարտադրողները սեփական արտադրանքի կազմակերպմամբ: Չէ՞ որ տարիներ շարունակ գովազդվում է, որ ՀՀ բյուջեի միլիարդավոր դրամների հատկացումներով Ավստրիայից տարին 10-12 հազար լիտր կաթնատվության կովեր են ձեռք բերվել, որոնց շնորհիվ Հայաստանը կենդանական ծագման սննդատեսակների գծով ինքնաբավ ու առաջատար է դառնալու, առայժմ տարածաշրջանում իհարկե: Ցավոք, մինչ օրս դրանց տեղական արտադրանքի գների բարձրացման ականատեսն ենք ընդամենը լինում:

Ցեմենտ ունենք, աշխարհը չունի

Հայկական ցեմենտի գովազդն էլ է հաճախ հայտնվում մեր բնակարաններում: Դրա պահանջն ունենալու դեպքում շինանյութի խանութ այցելելով ու գնված ապրանքի դիմաց վճարելովՙ շատ հաճախ որեւէ մտահոգություն չենք արտահայտում: Իսկ թվում է, իզուր: Բարի եղեք դիտել Եվրոպայի «Հելվիգ» առեւտրային ցանցի գովազդային թերթիկից վերցված այս նկարը: Գերմաներեն իմացողները կվկայեն, որ պատկերվածը շինանյութեր են, առավել կոնկրետՙ ցեմենտ, քանզի այս բառը շատ պարզ ընթերցվում է: Նույնկերպ ընթեռնելի է 1 կգ-ի արժեքը, որը ներքեւի երկու տողերում էլ նշված էՙ 0,08 եվրոցենտ, ՀՀ արժույթովՙ մոտ 40 դրամ: Հիմա հիշեք երեւանյան շիննյութերի խանութում այդ նույն 1 կգ-ի դիմաց վճարած գումարը: Երբ գրում էի այս տողերը, 70 դրամ էր, որը հնարավոր է, որ արդեն այսօր բարձրացած լինի: Եվ հարցըՙ թե ինչու է մեզանում շինարարության համար առաջնահերթ այս նյութի գինը գրեթե կրկնակի թանկ, հնչում է ինքնաբերաբար:

Արդյոք հայաստանաբնակներս սպասվածից առավե՞լ ենք շինարարություն իրականացնում, որի հիմնական բաղադրիչ ցեմենտի առաջարկ-պահանջարկի արդյունքում նման գին է սահմանվում: Չէ, հաստատ չէ, հարյուրհազարավոր ընտանիքներ այստեղ պարզապես չկան: Բայց գիտենք, չէ՞, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, որը լրացնում են այն ընտանիքները, հազիվ 1-2 տասնյակ, որոնք էլիտար շինարարություն են ծավալում, էլիտար գներ սահմանում, որպիսին բարեկեցիկ ապրող Եվրոպայում էլ չես հանդիպի: Վկանՙ այնտեղ հայտնված տասնյակհազարավոր հայաստանցիները, որոնք օտարության պարտադրած անգամ համեստ աշխատանքի շնորհիվ բնակարանատեր են դառնում:

Սա գովազդ չէ. սա մերօրյա հայաստանյան իրողության դառն արտացոլանքն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ