ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Բարձր գործազրկություն եւ մեծաթիվ թափուր աշխատատեղեր Գործազրկության թեմային անդրադառնալովՙ մեր նախորդ համարներից մեկում («Ինչպես է փոխվել գործազրկությունը Հայաստանում վերջին տարիներին», «Ազգ», 13.09.2013 թ.), գրել էինք, որ 2012-ին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 16,4 տոկոս: Գործազրկության մակարդակի այս ցուցանիշը երկրորդ անգամն է գրանցվել մեր երկրում եւ ամենացածրն է վերջին 13 տարիների ընթացքում: Միեւնույն ժամանակ, նշել էինք, որ այս ցուցանիշը շարունակում է համարվել բարձր, քանի որ թվային առումով Հայաստանում գործազուրկ է աշխատունակ մոտ 1,2 մլն բնակչությունից ավելի քան 62 հազարը: Սակայն գործազրկության բարձր ցուցանիշի հետ մեկտեղ, Հայաստանի աշխատանքի շուկան առանձնանում է մեկ այլ գործոնով` մի քանի հազար թափուր աշխատատեղերով: Այսինքն, մի կողմից ունենք 62 հազար գործազուրկ, մյուս կողմից` մոտ 3 հազար թափուր աշխատատեղեր միայն «Զբաղվածության պետական ծառայության» բազայում, չհաշված աշխատանքի տեղավորման գործակալությունների եւ կադրային կենտրոնների բազաները: Ընդ որում, սա ամբողջը չէ, քանի որ գործատուների մեծ մասը չի դիմում ոչ պետական, ոչ մասնավոր գործակալություններին, նախընտրում է աշխատակից փնտրել իր ծանոթների շրջապատում կամ պարզապես հայտարարություն փակցնելով իր օբյեկտի դռանը: Ամենակոպիտ հաշվարկներով, այս ամբողջը միասին միջին հաշվով Հայաստանում առկա է առնվազն մինչեւ 10 հազար թափուր աշխատատեղ: Սրա մեջ չենք ներառում ՏՏ ոլորտի թափուր աշխատատեղերը, որտեղ գործող ընկերությունների ղեկավարաները պարբերաբար հայտարարում են, որ ոլորտում տարեկան 1000-2000 ծրագրավորողների պահանջարկ կա: Ո՞րն է այս պարադոքսի պատճառը, ինչո՞ւ վերոնշյալ 62 հազարից 10 կամ 12 հազարը իր աշխատանքը չի գտնում թափուր աշխատատեղերի մեջ: Պատճառը մեկը չէ, ստեղված իրավիճակում կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Առաջին եւ թերեւս հիմնական պատճառը աշխատանքի վարձատրությունն է: Հայաստանում այս պահի դրությամբ միջին աշխատավարձը 155 հազար դրամ է, պետական համակարգում աշխատողներինը` 127 հազար դրամ պետական, մասնավորում`186 հազար դրամ: Ի՞նչ աշխատավարձեր են առաջարկում թափուր աշխատատեղեր ունեցող մասնավոր ընկերությունները: Դրանք տարբեր են` կախված մասնագիտություններից, աշխատաժամանակից եւ գործատուի պահանջներից ու ֆինանսական հնարավորություններից: Օրինակ` մի դեպքում խոհարարին կարող է առաջարկվել 100 հազար դրամ աշխատավարձ առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 21-ը (12 ժամ), իսկ մեկ այլ դեպքում` 2 ժամ պակաս խոհարարի աշխատանքի դիմաց` 80 հազար դրամ: Երկու դեպքում էլ առաջարկվող աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից, ինչն էլ այս մասնագիտության թափուր աշխատատեղերի առկայության պատճառն է: Նման իրավիճակ է ստեղծված կահույքագործ, հացթուխ, վարորդ, անվտանգության աշխատակից, դեղագետ, ավտոէլեկտրիկ եւ մի շարք այլ մասնագիտությունների մասով: Խոսելով պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասինՙ թվարկենք դրանցից հիմնականները` դիմահարդարներ, վարսահարդարներ, մատնահարդարներ, ավտովերանորոգողներ, էլեկտրիկներ, կարողներ, կոշկագործներ, կռունկավարներ, փականագործներ, խառատներ, հղկողներ, ատաղձագործներ, եռակցողներ, հրշեջներ եւ այլ մասնագիտություններ: Ամենամեծ պահանջարկն ու մշտապես առկա թափուր աշխատատեղեր կան մատուցողների, վաճառողների, հսկիչ-վաճառողների, առաքիչ-վարորդների եւ հատկապես հավաքարարների համար: Վերոնշյալ բանվորական մասնագիտությունների մասով, բացի աշխատավարձերից, մեծաթիվ թափուր աշխատատեղերի առկայությունը պայմանավորված է նրանով, որ չկան կամ գրեթե չկան ուսումնասկան հաստատություններ, որոնք պատրաստում են այս մասնագետները: Նախկին պրոֆտեխուսումնարանները նոր նոր են սկսում ոտքի կանգնել, վերածվելով արհեստագործական դպրոցների: Մինչ դրանք կայանան եւ մասնագետներ պատրաստեն, այս աշխատատեղեր գծով թափուր աշխատատեղերը դեռ կլինեն: Դրա հետ մեկտեղ այնպես չէ, որ մտավոր աշխատանք պահանջող թափուր աշխատատեղեր չկան: Բացի արդեն հիշատակած որակյալ ծրագրավորողներիցՙ մեր աշխատաշուկան կարիք ունի նաեւ տնտեսագետների, ճարտարագետների, հաշվապահների, դասավանդողների, դաստիարակների, ուսուցիչների, մենեջերների, գործակալների, դիզայներների, սարքավորումների եւ համակարգչային օպերատորների: Մարզերում սուր պահանջարկ կա տարբեր նեղ մասնագիտացումներով բժիշկների, այն դեպքում, երբ Երեւանը գերհագեցած է բժշկական կադրերով: Այստեղ թափուր աշխատատեղերի կարեւոր պատճառ է այդ մասնագիտություններն ունեցող մարդկանց ավելի բարձր աշխատավարձի ակնկալիքը, ինչը շատ դեպքերում չի բավարարվում, իսկ ավելի ցածր աշխատավարձով առաջարկին էլ աշխատանք չունեցողները չեն համաձայնվում: Մյուս կողմից, նշենք, որ շատ հաճախ բարձր աշխատավարձով աշխատանքից հրաժարվողներ են լինում: 100 հազար դրամ գումարած որոշակի տոկոսներ, որոնցով ներառյալ ընդհանուր վարձատրությունը կկազմի 150 հազար դրամ վարորդ-առաքիչի աշխատանքը համարվում է ցածր վարձատրվող: Նույնը նաեւ հասարակական տրանսպորտի ավտոբուսների վարորդների աշխատանքը, որտեղ ընդհանուր վարձատրությունը 200 հազար դրամից ցածր լինելու դեպքում վարորդները հրաժարվում են աշխատել: Օրինաչա՞փ է նման իրավիճակը, թե՞ ոչ, դժվար է գնահատել: Այդուհանդերձ, թեկուզ ժամանակավորապես աշխատելն ավելի նախընտրելի է, քան աշխատանքի բացակայությունից դժգոհելը: Ասվածին ավելացնենք նաեւ գործատուների պահվածքն ու առաջարկվող աշխատանքի պայմանները, որոնք վանում են տվյալ հաստատությունում աշխատելուց` անկախ աշխատավարձի բարձր կամ ցածր լինելուց: Գործատուներից, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների, շատերի ընկալմամբ աշխատողներն ասես իրենց սեփականությունը լինենՙ դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով` դաժան շահագործում, աշխատավարձի չվճարում, կոպիտ վերաբերմունք, լրացուցիչ պարտավորություների բարդում եւ այլն: Սրանք միայն մի մասն են այն տհաճ իրողությունների, որոնց հանդիպում են աշխատանք փնտրողները: Ինչ մնում է պետական համակարգին, ապա այստեղ թափուր աշխատատեղերի գլխավոր պատճառը ֆինանսականն է` ցածր աշխատավարձերը, որոնք չեն դիմանում մասնավորի մրցակցությանը: Պակաս դեր չեն խաղում զանազան ինտրիգները, մեկը մյուսից բամբասելն ու բողոքելը վերադասին, գերատեսչության ղեկավարների «մարդը» լինել կամ չլինելու հետ կապված կարգավիճակը, սուբյեկտիվ նկատողությունները եւ այլն: Ակնալվում է, որ պետական համակարգում թափուր աշխատատեղերի հարցը որոշակիորեն կլուծվի եկող տարվանից, պայմանավորված քաղծառայողների աշխատավարձերի սպասվող նկատելի բարձրացումով: Այնուամենայնիվ, մեծ գործազրկության եւ զգալի թափուր աշխատատեղերի առկայությունը մեր երկրում ոչ մի կերպ նորմալ համարել չի կարելի: Պետությունը կարող է նպաստել այս հարցի լուծմանը պետական աշխատատեղերի վարձատրության ավելացմամբ, կրթական համակարգում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների ուսուցման տեղերի ավելացմամբ, մասնավորները` գոնե աշխատանքի տարրական պայմանների եւ հնարավորինս մրցունակ աշխատավարձերի վճարմամբ, իսկ աշխատանք փնտրողներն էլ` նախապատվություն տալով աշխատելուն` աշխատանքի չլինելու պատճառաբանություններով արդարանալու փոխարեն: |