ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ ԳՅՈՒՄՐԻՈՒՄՙ «ՔՈ ՐՈՊԵՆ» Գ. Մ. Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում կայացել է «Քո րոպեն» վերնագրով կարճամետրաժ ֆիլմի պրեմիերա: Կինոնկարի հեղինակը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի տեղի մասնաճյուղի ուսանող Հովիկ Սաֆարյանն է: Գյումրիում նկարահանված տասնհինգ րոպեանոց կինոնկարում, որի դերակատարները Հովիկ Սաֆարյանն ու նրա համակուրսեցի Քրիստինե Զիրոյանն են, արծարծվում է երբեմն նաեւ անտեղի կորուստների պատճառ դարձող մարդկային անտարբերության, կյանքի մանրուքներին ուշադրություն դարձնելու կարեւորության թեման: «Մենք ուզում ենք, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն, այսքան անտարբեր չլինեն իրար, իրենց կողքից անցնող ամեն մարդու նկատմամբ,- ասել է ֆիլմի գլխավոր դերակատարուհին:- Պետք է ուշադիր լինել եւ կարեւորել կյանքի ամեն մի ակնթարթը: Մենք պետք է սովորենք գնահատել եւ ուշադրություն դարձնել այդ ամենին»: |