RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#176, 2013-10-16 > #177, 2013-10-17 > #178, 2013-10-18 > #179, 2013-10-19 > #180, 2013-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #178, 18-10-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-10-17 21:23:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1217, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՕՐՀԱՆ ԶԵՅՆԱԼՈՎԻ «ՀԵՐՈՍԱՑՄԱՆ» ՆԱԽԵՐԳԱՆՔԸ ՀՆՉԵՑ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Եղավ այն, ինչ սպասվում էր. Բաքվում տրվել է Մոսկվայում Եգոր Շչերբակովի սպանության կասկածանքով ձերբակալված Օրհան Զեյնալովի «հերոսացման» մեկնարկը: Երեկ Ռուսաստանի իշխանությունների հասցեին չափազանց կոշտ, Ադրբեջանում ապրող էթնիկ ռուսներին «համարժեք պատասխան տալու» սպառնալիքով հայտարարություն է տարածել այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կոմիտեն»:

Այդ «կառույցը» գլխավորում է ծնունդով նախկին աղդամցի, պատմաբան Ակիֆ Նաղիեւը (Նաղի), որն ադրբեջանական իշխանությունների ձեռքում «պատժիչ մահակի» գործառույթ է կատարում: Նաղիեւը հայտնի է նրանով, որ մի քանի անգամ «ինքնաբուխ» հարձակումներ է կազմակերպել Բաքվում ընթացող միջազգային միջոցառումների դեմ`պատճառաբանությամբ, թե «դրանց մասնակցում են օկուպանտ Հայաստանի ներկայացուցիչներ»:

Մոսկվայում Օրհան Զեյնալովի կողմից Եգոր Շչերբակովի սպանությունն, ըստ երեւույթին, արթնացրել է Ակիֆ Նաղիեւի «հայրենասիրական զգացնունքները», որ ժանակավորապես բթացել էին, քանի որ վաղուց ազգությամբ հայի մուտքը Բաքու արգելված է «նորին գերազանցություն» բռնապետի հրամանով:

Նաղիեւի հայտարարության մեջ առանձնանում է երկու հանգամանք: Նա կարծում է, որ եթե «Ադրբեջանում ապրում է շուրջ 100 000 ռուս, ապա դա վկայում է, որ Ադրբեջանը հանդուրժողական է, եւ Ռուսաստանի իշխանությունները, եթե չեն ուզում, որ Ադրբեջանում ապրող ռուսներն արժանանան համարժեք պատասխանի, պետք է վերջ տան ադրբեջանցիների հանդեպ գործադրվող բռնություններին»:

Սա փաստորեն ակնարկ է, որ Ադրբեջանում ապրող ռուսները ոչ թե այդ երկրի լիարժեք քաղաքացիներ են, այլ պատանդ` ռուս-ադրբեջանական հարաբերություններում եւ ամեն պահի կարող են ենթարկվել բռնատեղահանության, ջարդերի եւ ունեզրկման, եթե Ռուսաստանի իշխանությունները «վերջ չտան ադրբեջանցիների դեմ գործադրվող բռնություններին», այսինքն` եթե շարունակեն հետապնդել ազգությամբ ադրբեջանցի հանցագործներին:

Երկրորդ կարեւոր ազդակը, որ հնչեցրել է Նաղիեւը, ձեւակերպմամբ եւ բովանդակությամբ լրացնում է առաջինին: Նա, հաշվի առնելով, որ «ռուս իրավապահները եւ անձամբ Ռուսաստանի ՆԳ նախարարը Օրհան Զեյնալովի հանդեպ ունեն կանխակալ վերաբերմունք», բարձրացրել է հանցագործության մեջ կասկածվողին «էքստրադիցիայի ենթարկելու եւ Ադրբեջանում դատելու» հարցը:

Կրկնենք, Ակիֆ Նաղիեւը պատահական «շուն» չէ, նա մշտապես «հաչել է», երբ Ադրբեջանում իշխող վարչախումբն է այդպես ցանկացել: Օրհան Զեյնալովին «էքստրադիցիայի ենթարկելու» պահանջն, ամենայն հավանականությամբ, Նաղիեւի հայտարարություն է մուծվել Իլհամ Ալիեւի աշխատակազմի գիտությամբ:

Ըստ երեւույթին, Ադրբեջանում ռուսների զանգվածային ջարդեր եւ բռնատեղահանություն չկազմակերպելու «երաշխիք» են դիտվում Օրհան Զեյնալովի էքստրադիցիան եւ Ռուսաստանի կառավարության կողմից «Մոսկվայում ադրբեջանցիների կրած նյութական վնասի փոխհատուցումը»:

Սա արդեն ուղղակիորեն Ռուսաստանի հեղինակության նսեմացման փորձ է: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում որոշել են Ռամիլ Սաֆարովի «նախադեպը» տարածել նաեւ Օրհան Զեյնալովի վրա: Կենթարկվի՞ Մոսկվան Ակիֆ Նաղիեւի անունից հնչեցված սպառնալիքին: Թե՞, ընդհակառակը, հանդես կգա Ադրբեջանում ապրող հայրենակիցների անվտանգությունը եւ ապահովությունը երաշխավորելու մասին հայտարարությամբ:

Ընտրության հնարավորությունը չափազանց սուղ է. կամ` կամ: Իհարկե, կա նաեւ երրորդ ճանապարհը` երկկողմ տեսք ընդունել, թե «նման խնդիր չկա», որ «իրավիճակը փորձում են սրել առանձին անհատներ» եւ այլն: Բայց, ինչպես երեւում է, Եգոր Շչերբակովի սպանությամբ «հունցվող խմորը դեռ շատ ջուր է տանելու»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #178, 18-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ