RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-29 23:46:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1927, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՎԻԼՆՅՈՒՍԻՑ` ԲԱՔՈՒ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Եվրոմիության արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցել է նաեւ Իլհամ Ալիեւը: Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել ԵՄ-ի հետ ասոցիացիայի հարցը, քանի որ «Ադրբեջանի հարաբերությունները Եվրոմիության հետ բացառիկ են»: Այստեղ, իհարկե, առաջին հերթին նկատի է առնված ԵՄ-Ադրբեջան համագործակցությունն էներգետիկ ծրագրերում: Ըստ կանխատեսումների, եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա, արդեն 2019թ. Ադրբեջանը «կապահովի ԵՄ-ի գազի սպառման ծավալների 10 տոկոսը»:

Ամեն ինչ, սակայն, կախված է «Շահդենիզ-2» հանքավայրում 25 մլրդ դոլար ներդրումներից: Ադրբեջանի կառավարությունը չունի այդ հնարավորությունը, BP-ն համաձայն է ներդրումներ անել, սակայն պայմանով, որ մինչեւ այդ գումարների ծախսածածկումն Ադրբեջանը գազի արտահանումից իր մասնաբաժինը չստանա: Իսկ դա նշանակում է ի դերեւ անել Իլհամ Ալիեւի հույսերը:

Վիլնյուսի գագաթաժողովում ուշագրավ տեսակետ է հայտնել Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին: Ճիշտ է, լեհ դիվանագետի թիրախը Ռուսաստանն է, բայց չէ՞ որ Ադրբեջանի եւ տնտեսությունը, եւ քաղաքական համակարգի հարաբերական կայունությունը նույնպես խարսխված են նավթի արտահանումից ստացվող եկամուտների վրա: Սիկորսկին ասել է, որ Ռուսաստանում իրավիճակ կփոխվի, եթե նավթի գներն իջնեն մեկ բարելի դիմաց 100 դոլարից:

Ճիշտ այդ գինն է դրված Ադրբեջանի 2014թ. պետական բյուջեի եկամուտների կանխատեսման հիմքում: Եվ եթե լեհ պաշտոնյայի խոսքը միայն ցանկություն չէ, այլ` եվրոպական հնարավոր քաղաքականության անուղղակի անոնսավորում, ապա հնարավոր է, որ Ադրբեջանին լավ ժամանակներ չեն սպասում: Մանավանդ որ հարեւան երկրում արդեն իսկ խիստ անհանգստացած են, որ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների մեղմումը նույնպես հանգեցնելու է համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկման:

Այս իրավիճակի նկատառմամբ Վիլնյուսում Ադրբեջանի եւ Եվրոմիության միջեւ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման մասին ստորագրված համաձայնագիրը կարելի է համարել Իլհամ Ալիեւին տրված «սփոփիչ մրցանակ», մանավանդ որ Արեւելյան գործընկերության անդամ այլ երկրների հետ նման փաստաթուղթ ԵՄ-ն ստորագրել է ավելի վաղ:

Միաժամանակ, նշված համաձայնությունը կարող է գլխացավանք դառնալ Եվրոմիության համար: Բանն այն է, որ Ադրբեջանում իշխող վարչախմբի քաղաքական շատ հակառակորդներ տարիներ ի վեր վտարանդիության մեջ են ԵՄ անդամ տարբեր երկրներում: Առավել հայտնի դեմքերի դեմ Ադրբեջանում հարուցված են քրեական գործեր, եւ պաշտոնական Բաքուն վաղուց ձգտում է նրանց արտահանձնմանը: Եթե ԵՄ-ն Ադրբեջանի հետ ստորագրի նաեւ ռեադմիսիայի համաձայնագիր, ապա չի բացառված, որ Իլհամ Ալիեւը փորձի այն օգտագործել զուտ քաղաքական նպատակներով: Այն է` հասնել եվրոպական երկրներից քաղաքական հակառակորդների «հայրենադարձությանը», որպեսզի Ադրբեջանում նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Այլ բան Բաքվում իշխող վարչախմբից սպասելի չէ: Նույն օրը, երբ Իլհամ Ալիեւը Վիլնյուսում էր, Բաքվում իշխող վարչախմբի էությունը լիովին բնորոշող երեւույթ է արձանագրվել: Բաքվի թիվ 7 մանկական պոլիկլինիկայի 280 աշխատողներ դիմում-բողոք են հղել Ադրբեջանի նախագահին, որ իրենց մոտ գլխավոր բժիշկ է նշանակվել Լոլիտա Ջուարլինսկայան, որը «ազգությամբ հայ է»: Vesti.az-ն այդ առթիվ սեփական հետաքննությունն է անցկացրել: Լրագրողը կապվել է Ջուարլինսկայայի հետ: Վերջինս «մաքուր ադրբեջաներենով» տեղեկացրել է, որ ինքը «Լոլիտա Աբյուլ կըզի Ալիեւան է, ծնվել է ադրբեջանցի հորից եւ մորից, ամուսնացած է ադրբեջանցու հետ, որը ծագումով Ֆիզուլիի շրջանից է, կրում է ամուսնու ազգանունը, ավելացնելու ոչինչ չունի, այդ թեմայով խոսակցությունն իսկ տհաճ է»:

Հետաքրքրական է, ի՞նչ էր սպասում Լոլիտա Ջուարլինսկայային, եթե նա իրականում ծպտված հայուհի լիներ, ի՞նչ էր պատասխանելու Իլհամ Ալիեւը Բաքվի թիվ 7 մանկական պոլիկլինիկայի 280 աշխատողներին, որոնց մեջ «կան փախստականներ եւ հարկադրաբար տեղահանվածներ, շեհիդների հարազատներ», ինչպես իրենց ցասումն էլ ավելի «հիմնավորելու» նկատառումով ընդգծել են դիմում-բողոքի հեղինակները:

Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւի հետ հարաբերություններում Եվրոմիությունը պետք է հաշվի առնի ոչ միայն սեփական «էներգետիկ», այլեւ Ադրբեջանի քաղաքացիների պարզ-մարդկային անվտանգության ապահովման կարեւորությունը: Այլապես երաշխիք չկա, որ «շեհիդ»-ի հարազատ մեկը կարող է կացնահարել Լոլիտա Ջուարլինսկայային միայն նրա համար, որ ոչ ադրբեջանական անուն-ազգանուն ունի եւ կասկածվում է «ծպտված հայուհի» լինելու «ծանրագույն հանցագործության» մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ