RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2013-11-29 23:46:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1189, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 16

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԸ ՀՈԳՈՒՍ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Հարցազրույցը վարեց ՔՆԱՐԻԿ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

1953 թ-ին ծնված Վլադիմիր Սահակյանը մասնագիտությամբ կինոռեժիսոր է, ավարտել է կինոյի եւ ռեժիսուրայի բաժինը: Իր ողջ գիտակցական կյանքում ստեղծագործել է, սակայն երբեք չի տպագրել իր նյութերը: Խորը եւ յուրահատուկ մտքի թռիչքով օժտված այս մարդը իր ստեղծագործություններում` հոգին բաց անելով փորձել է ներկայացնել իրականը, իր իսկ ստեղծած երեւակայական գրչով...

- Դուք Ձեր հեղինակային ֆիլմի սցենարն ունեք ՙ «Աստծո աչք» խորագրով: Ի սկզբանե ինչո՞վ եք ոգեչնչվել, եւ ո՞րն է եղել հիմնական պատճառը նման ֆիլմի սցենար գրելու:

- Ես հայ եմՙ մանկուց հավատացյալ, եւ միշտ կարծել եմ, որ Աստծու պահած եմ: Ես պարզապես հավատում եմ, եւ որն էլ, կարծում եմ, ամեն բանի սկիզբն է: Ընկերներով շատ դեպքեր են եղել, երբ հավաքվել ենք, քննարկել, յուրաքանչյուրս մեր մտքերն ենք հայտնել. դրանք պարզապես մտքեր չէին, բոլոր կարծիքներն էլ կարելի է ասել հանճարեղ էին: Այդ ժամանակ ինձ հետ էր նաեւ իմ հարեւանը ՙ Ռոբերտ Սահակյանը, որն ինձ հետ հավասար պայքարել է ավարտին հասցնելու մեր համատեղ ջանքերով մտածված ֆիլմը:

- Ըստ ձեզ, ձեր գրած ֆիլմը ամբողջակա՞ն էր, չկա՞ր որեւէ բացթողում, որը կցանկանայիք լրացնել:

- Բացթողումներ չկան, պարզապես կան բաներ, որոնք ես չեմ տպագրել եւ չեմ գրել, բայց ամեն բան մտածված է եղել: Պատրաստվում էի նաեւ նկարել, բայց ֆինանսական պատճառներով չստացվեց:

- Իսկ այդ դեպքում չե՞ք փորձել դիմել որեւէ կազմակերպության, կամ հեռուստաընկերությունների, որոնց կողմից միգուցե կխրախուսվեր ձեր աշխատանքը:

- Սուտ է, սուտ. նրանք չէին հատկացնի այդ գումարը...

- Հիմնականում ի՞նչն է ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:

- Հնարավոր էՙ չհավատաք, բայց ես ոչնչով չեմ ոգեշնչվում: Ոգեշնչանքը, կարելի է ասել, միշտ իմ մեջ է: Ես կարող եմ քնած լինել, կողքիս լինի մատիտ, թուղթ եւ մութ տարիների մոմ, եւ ահա, պատրաստ եմ ստեղծագործելու: Այդպիսի ոգեշնչանքով ստեղծված բանաստեղծություններից մեկը անվանել եմ «Երկվորյակ»: Այն սկսեցի գրել, երբ գիշերը արթնացել էի եւ կանգնել պատուհանի մոտ. մոմի արտացոլած լույսի տակ նկատեցի իմ երկրորդ ես-ին:. Ես ամբողջովին ուրիշ դեմք տեսա, եւ հենց այդ ժամանակ հասկացա, որ ես իմ երկվորյակի հետ էի: Շատ հետաքրքրական Էՙ ամեն մարդ կառուցված է երկու մարդուց. քո ես-ը այն մարդն է, որի հետ դու խոսում ես, կիսվում, բարկանում, ժպտում եւ միայն հասուն տարիքում ես հասկանում, որ դու մենակ չես:

- Իսկ ձեր ստեղծած յուրաքանչյուր գործում որքանո՞վ եք կարողանում պահպանել ազգային արժեքը եւ ի՞նչ նշանակություն ունի այն ձեզ համար:

- Իհարկե պետք է ոգեշնչված լինի ազգայինով: Կարծում եմ, որ հիմնականում պետք է լինի պատմական թեմա, որն ավելի վառ կարտահայտի ազգայինը: Ինձ համար բավական է, որ տվյալ ստեղծագործողը հայ է, եւ որ դեպքը կատարվել է Հայաստանում, բայց թեման պետք է հետաքրքրական լինի նաեւ ազգայինից դուրս: Կարող եմ վստահ ասել, որ մեր կինոն տուժել է, քանի որ դուրս չէինք գալիս մեր ազգային սահմաներից. ուրիշներին դժվար թե հետաքրքրեր մեր կինոն... Պարզապես շատ ազգայնացված լինել չի կարելի:

- Երբեւէ մտածե՞լ եք ձեր ստեղծագործություններով գումար վաստակելու մասին:

- Ոչ, ստեղծագործելը իմ հոգու հանգստությունն է, կարելի է ասելՙ հոբբին, որի միջոցով չեմ ցանկացել փող աշխատել: Ստեղծագործող հոգին միշտ իմ մեջ է, եւ յուրաքանչյուր գործում իմ ստեղծագործական եռանդն եմ դնում: Եվ ի վերջո, եթե մի բանի մեջ կա արվեստ, դա չի կարող մահանալ:

- Արվեստը իր ամբողջ հմայքով ի՞նչ է ձեզ համար:

- Կյանքն է, որով ապրում եմ եւ որով արտահայտում եմ հոգուս բոլոր զգացմունքները:

- Սերը ձեր ստեղծագործություններում եւ սերը իրական կյանքում ինչպե՞ս եք արտահայտել:

- Գրեթե ամբողջությամբ արտահայտել եմ զգացմունքներս: Սիրել եմ գժի պես. կնոջս հանդեպ ունեցած սերս այնքան պատկերավոր եւ իրական է պատկերված ստեղծագործություններիս մեջ, որ անգամ նրան էր զարմացնում, թե ինչպես եմ կարողացել հասկանալ, բացահայտել նրա էությունը: Ասեմ նաեւ, որ աստղակերպով ջրհոս եմ. դա նշան է սիրո, տաղանդավոր լինելու... Ամեն մարդ չէ, որ կարող է սիրել, եւ եթե չլիներ սերը, միգուցե ես չստեղծագործեի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 30-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ