ՄԱՆՈՒԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ՊԱՐԳԵՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Բրազիլիայում անցկացվող դպրոցականների համաշխարհային մարզական խաղերումՙ «Գիմնասիադե-2013-ում» Հայաստանին առաջին ոսկե մեդալը պարգեւեց պատանի շախմատիստ, վարպետության թեկնածու Մանուել Պետրոսյանը: Նա 7 մասնակիցների միջեւ անցկացված շրջանաձեւ մրցաշարում 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ գրավեց առաջին տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչըՙ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Հարությունյանը 3,5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Արծաթե եւ բրոնզե մեդալներին արժանացան 4-ական միավոր վաստակած բրազիլացի Արթուր Գոնտիջո Չիարին եւ պորտուգալացի Լուիս Պեդրո Ֆեռեյրան: Իսկ առաջին մեդալը Հայաստանին պարգեւել էր լողորդ Վահան Մխիթարյանը, որը 50 մ ազատ լողաոճում դարձել էր բրոնզե մրցանակակիր: Մեր մարզիկները եւս 2 բրոնզե մեդալ նվաճեցին ձյուդոյի մրցումներում: Աչքի ընկան Սամվել Խաչատրյանն ու Գեւորգ Խիթարյանը: Ընդհանուր առմամբ Բրազիլիայում անցկացվող մրցումներին, որի ծրագրում ընդգրկված են սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզությունը, աերոբիկան, լողը, թեթեւ ատլետիկան, շախմատը, ձյուդոն ու կարատեն, մասնակցում են 38 երկրների դպրոցականներ: Բոլորից հաջող են հանդես գալիս Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք նվաճել են 62 մեդալ (37 ոսկե, 16 արծաթե, 9 բրոնզե): Բրազիլացիները 69 մեդալ են նվաճել, սակայն դրանցից միայն 19-ն են ոսկե: Հայաստանը նվաճած 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներով ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: |