RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013



Տեղադրվել է` 2013-12-13 23:21:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1223, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՓԵԼԹԵԿՅԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԼՈՆԴՈՆԻ «ՀԱՅ ՏԱՆԸ»

Հ. Ծ.

Կատյա Մինաս Փելթեկյանի խմբագրած նոր գրքերի շնորհանդեսը, ինչպես ծանուցված էր, տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Չենիստոն Գարդընզում (Լոնդոն) գտնվող «Հայ տուն» կենտրոնում:

Լոնդոնի Թեքեյանի մշակութային միության կազմակերպությամբ անցկացված միջացառմանը Փելթեկյանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը: Հաղորդագրություններ բրիտանական մամուլում: 1914-1923 թթ.» ընդհանուր խորագրով իր գրքերը, որոնք պարունակում են ավելի քան հազար հոդվածներ հիմնականում տպագրված «Թայմս» եւ «Գարդիան» թերթերում: Հատկանշական են թերթերի թղթակիցների Թուրքիայից գրած հոդվածների վերնագրերը. «Հայերի բնաջնջումը», «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը», «Կտտանքների ենթարկված հայ կանայք», «Հայ երեխաների սպանությունը» եւ այլն:

Ըստ Լոնդոնի ԹՄՄ-ից ստացված հաղորդագրությանՙ Փելթեկյանը նշել է, որ այդ ժամանակաշրջանի պարբերականները թերթելիս մի շարք բացահայտումներ է կատարել: Նա պարզել է, որ բացի մեզ ծանոթ Ջեյմս Բրայսից եւ Առնոլդ Թոյնբիից, մի շարք այլ լորդեր եւ խորհրդարանի պագմամավորներ քանիցս բրիտանական կառավարությունից պահանջել են գործնական քայլեր ձեռնարկելՙ օգնելու հայերին Առաջին աշխարհամարտի օրերին եւ դրանից հետո: Ներկաները զարմանքով տեղեկացել են, որ այդ ժամանակվա Լեյբորիստական կուսակցությունը առաջարկ է ներկայացրել կառավարությանըՙ պահանջելով երբեք այլեւս թույլ չտալ թուրքերին իշխել այն նահանգներում, որոնցում հայերը կազմում էին մեծամասնություն պատերազմից առաջ, կամ որ Գանդին դեմ է եղել Օսմանյան կայսրության մասնատմանը:

Հետաքրքրական են եղել նաեւ այն տեղեկությունները, որ Մանչեստրի հայերը փող են հավաքել Հայաստանի Հանրապետությանը երկու ինքնաթիռ նվիրելու համար, եւ որ Մուստաֆա Քեմալը հրամայել էր իր զորքերինՙ «ատել բրիտանացիներին եւ ֆրանսիացիներին եւ փոխարենը հարգել թուրք-գերմանա-բոլշեւիկյան 1920 թվի սուրբ դաշինքը եւ ծառայել դրան»:

Փելթեկյանը խմբագրականները եւ խմբագիրներին ուղարկված նամակների պատճեններն է ցուցադրել: Պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակների այդ գրություններում Լոնդոնի եւ Մանչեստրի քաղաքապետները եւ հասարակ ժողովրդի ներկայացուցիչները պահանջել են կառավարությունիցՙ օժանդակել հայ գաղթականներին եւ որբերին:

Միջոցառման ավարտին Փելթեկյանը պատասխանել է ներկաների հարցերին եւ ստորագրել օրինակներ իր երկու գրքերից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 14-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ