RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#218, 2013-12-13 > #219, 2013-12-14 > #220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013



Տարածաշրջան

Տեղադրվել է` 2013-12-17 20:23:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1391, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԻՍՐԱՅԵԼԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳԸ

Թարգմ. Հ. Ծ.

Իսրայելին դիմելովՙ հրեա լրագրող Յուրի Ավներին ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում կոչ է անում վերջ դնել Նաթանյահուի մտասեւեռումներին եւ ողջունել Ժնեւում կայացած ամերիկա-իրանյան համաձայնությունը:

Իսրայելին սպառնացող ամենամեծ վտանգը ոչ թե իրանյան միջուկային զենքն է, այլ մեր առաջնորդների հիմարությունը: Վերջերս Բենիամին Նաթանյահուն եւ Իսրայելի համարյա ամբողջ քաղաքական հաստատությունները սահմանեցին հիմարության նոր ռեկորդ: Սա միայն Իսրայելին բնորոշ երեւույթ չէ: Աշխարհի ղեկավարներից շատ շատերն են հիմար: Միշտ էլ հիմար են եղել: Բավական է նայել, թե ինչ տեղի ունեցավ Եվրոպայում 1914-ի հուլիսին, երբ հիմար քաղաքագետների եւ անկարող գնդապետների մի անհավատալի բազմություն մադկությանը նետեցին Առաջին համաշխարհային պատերազմի հորձանուտի մեջ:

Բայց սկսենք վերջից:

Այսօր Իրանն է մեծագույն հաղթանակողը: Նրան վերջապես ջերմորեն դարձյալ ընդունում են քաղաքակիրթ երկրների ընտանիքում: Նրա դրամական միավորըՙ ռիալը, արժեւորվում է: Նրա հեղինակությունն ու ազդեցությունը տարածաշրջանում գերագույն աստիճանի են հասել: Նրա թշնամիները մահմեդական աշխարհումՙ Սաուդյան Արաբիան եւ Ծոցի նրա արբանյակները, նվաստացած վիճակում են: Որեւէ ռազմական հարձակում նրա դեմ, որեւէ երկրի (այդ թվում նաեւ Իսրայելի) կողմից աներեւակայելի է դարձել: Նաթանյահուի եւ Ահմեդինեժադի պատկերացումներով հիմար այաթոլլաների երկիրը չկա այլեւս: Իրանն այսօր վստահության արժանի, պատասխանատվության զգացումով տոգորված երկիր է, զգաստ եւ խորաթափանց ղեկավարներով:

Մինչդեռ Իսրայելը մեծագույն պարտվողն է: Նա իրեն ամբողջական մեկուսացման մեջ է դրել: Նրա պահանջները անտեսվում են: Ավանդական բարեկամները երես են թեքել: Բայց ամենակարեւորըՙ նրա հարաբերությունները Մ. Նահանգների հետ լրջորեն խաթարվել են:

Այն, ինչ «Նաթանյահուն եւ ընկերները» կատարում են, պարզապես անհավատալի է: Նստելով ծառի ամենաբարձր ճյուղի վրա, նրանք համառորեն սղոցում են այն: Շատ է խոսվել եւ գրվել Մ. Նահանգներից Իսրայելի ամբողջական կախվածության մասին: Բայց հիմարության աստիճանը հասկանալու համար պետք է նշել, որ Իսրայելն է վերահսկում, իրականում, մուտքը դեպի Մ. Նահանգների իշխանության կենտրոնական մարմիններ:

Բոլոր երկրներն էլ գիտեն, հատկապես փոքր եւ աղքատ երկրները, որ Ամերիկայի «Սուլթանի» դահլիճը մուտք գործելու համար անհրաժեշտ է կաշառել դռնապանին: Կաշառքը կարող է լինել քաղաքական (առավելություններ իրենց երկրի ղեկավարի կողմից), տնտեսական (հումք), դիվանագիտական (քվեներ ՄԱԿ-ում), ռազմական (բազաներ կամ հետախուզական «համագործակցություն») եւ այլն: Եթե կաշառքը բավական մեծ է, ապա AIPAC-ը (Ամերիկա-իսրայելական հասարակական գործերի հանձնաժողով) կօժանդակի, որ Կոնգրեսը պաշտպանի տվյալ երկրի խնդրանքը կամ առաջարկը:

Հավասարը չունեցող նման առավելություն ստանալը խոսում է Մ. Նահանգներում Իսրայելի ունեցած առանձնահատուկ դիրքի մասին: Բայց Նաթանյահուի պարտությունը ամերիկա-իրանյան հարաբերությունների շրջանակներում ամբողջովին փոխեց այս ընկալումը: Նրան պատճառված վնասը անհաշվելի է:

Իսրայելի քաղաքագետները, ինչպես իրենց գործընկերները աշխարհի այլ երկրներում, լավ չեն տիրապետում համաշխարհային պատմությանը: Նրանք սովորական կուսակցական ախատողներ են, որոնք իրենց ամբողջ կյանքը անցկացնում են բանսարկություններով: Եթե պատմությունը ուսումնասիրած լինեին, իրենց համար չէին լարի այն թակարդը, որի մեջ հիմա հայտնվել են:

Ես կարող եմ պարծենալ, որ ավելի քան 2 տարի առաջ հոդված էի գրել այն մասին, որ որեւէ հարձակում Իրանի վրա (Իսրայելի կամ Ամերիկայի կողմից) անկարելի է նախաձեռնել: Դա մարգարեական կանխատեսում չէր: Այլ քարտեզին նայելու արդյունք: Հորմուզի նեղուցը: Որեւէ ռազմական գործողություն Իրանի դեմ պատերազմ էր առաջացնելու, վիետնամական պատերազմի բնույթի: Դրան գումարած համաշխարհային նավթային պաշարները փլուզվելու էին: Նման արկածախնդրության դիմողը ոչ միայն պարզապես հիմար պետք է լիներ, այլեւ իսկական խելագար: Ռազմական միջամտության տարբերակը «օրակարգից չի հանվել» պարզապես, որովհետեւ երբեք էլ «օրակարգում չի ընդգրկվել»: Այլ պարզապես դատարկ ատրճանակի դերն է կատարել, եւ իրանցիները շատ լավ գիտակցել են դա:

Լիցքավորված զենքը տնտեսական պատժամիջոցներն էին: Դա վնասում էր ժողովրդին, ինչը ստիպեց գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամբողջովին փոխել վարչակազմը եւ բոլորովին նոր ու տարբեր նախագահ բերել իշխանության ղեկին:

Ամերիկացիները հասկացան կատարվածը եւ գործեցին համապատասխանորեն: Նաթանյահուն, իր «ռումբային» մտասեւեռումներով տարված, չհասկացավ: Իսկ ամենավատն այն է, որ նա շարունակում է չհասկանալ: Դա արդեն խելագարության ախտանիշ է: Մենք պարտավոր ենք լուրջ մտահոգվել «արքա Բիբիի» (Նաթանյահուի-Հ. Ծ.) առողջությամբ, քանի որ նա շարունակում է կատարել այն, ինչը քանիցս ձախողության է մատնվել:

Իր հեղինակությունը փրկելու նպատակով, AIPAC-ը սկսել է իր սենատորրին եւ կոնգրեսականներին պատվիրել նոր պատժամիջոցներ մշակել հետագայում (անորոշ ժամանակում) օգտագործելու համար: Առաջ քաշված նոր հանկերգը այն է, որ Իրանը խաբում է, որ իրանցիները այլ կերպ չեն կարող վարվել, որովհետեւ խաբելը իրենց բնավորության մաս է կազմում:

Սա պարզապես ռասիստական բնորոշում է, հիմնված այն տեսակետի վրա, թե քանի որ «բազար» բառը պարսկական ծագում ունի, ուրեմն ամեն ինչում նրանք կարող են խաբել:

Բայց իսրայելցիների այդ համոզմունքն ունի նաեւ ավելի ուժեղ հիմքՙ մեր վերաբերմունքը: Ինչպե՞ս վերաբերվեցինք մենք, երբ 1950-ականներին Իսրայելը սկսեց «կառուցել» իր սեփական միջուկային ծրագիրը Ֆրանսիայի օժանդակությամբ: Նա ստիպված էր խաբել ամբողջ աշխարհին, եւ դա նրան հաջողվեց:

Զուգադիպություն էր, թե ոչ, բայց Իսրայելի հեռուստատեսության 2-րդ կայանը Ժնեւի համաձայնության ստորագրումից ուղիղ երկու օր հետո հեռարձակեց քողազերծող մի հաղորդում: Իր «Փաստ» հեղինակավոր ծրագրում կայանը հարցազրույց էր կազմակերպել հոլիվուդյան հրեա պրոդյուսեր, միլիարդատեր Արնոն Միլչանի հետ: Հարցազրույցի ընթացքում Միլչանը պարծենում էր, որ աշխատակցել է Լակամի (իսրայելական հետախուզական գործակալության) հետ, որը մասնագիտացել էր գիտական լրտեսության ասպարեզում: Միլչանը խոստովանել էր, որ անգնահատելի ծառայություն է մատուցելՙ ձեռք բերելով անհրաժեշտ նյութեր Իսրայելի միջուկային ծրագրի իրագործման համար: Նա նաեւ հիացմունք էր արտահայտվել այդ ժամանակվա հարավաֆրիկյան ռասայական խտրականության վարչակարգի եւ նրա հետ Իսրայելի միջուկային համագործակցության մասին: Հնդկական օվկիանոսում հավանական միջուկային փորձարկումը այդ ժամանակ խորհրդավորության մթնոլորտ էր առաջացրել ամերիկացի գիտնականների մեջ, եւ շշուկներ կային Իսրայել-հարավաֆրիկյան համագործակցության վերաբերյալ: Երրորդ շահագրգիռ կողմը Իրանի շահն էր, որը նույնպես ուներ միջուկային ձգտումներ: Պատմության հեգնանքը կարելի է համարել այն, որ Իսրայելը նպաստել է այդ բնագավառում Իրանի ձեռնարկած միջուկային առաջին քայլերին:

Իսրայելի առաջնորդներն ու գիտնականներն ամեն ինչ արեցին, որ թաքցնեն իրենց միջուկային գործունեությունները: «Դիմոնա» ռեակտորի կառուցումը ներկայացված էր որպես տեքստիլ կոմբինատի շինություն: Այնպես որ, երբ մեր առաջնորդները խաբեությունից են խոսում, նրանք հաստատ գիտեն, թե ինչ է դա նշանակում:

Բայց ամերիկա-իսրայելական հարաբերությունների ամենատարօրինակ արտահայտությունը Իսրայելի բողոքն է, որ Ամերիկան գաղտնի, առանց Իսրայելին տեղեկացնելու, կապեր է հաստատել Իրանի հետ: Ինչպիսի՞ հանդգնություն: Ինչպե՞ս կարող էր Ամերիկան նման քայլ կատարել եւ հետո միայն, ուշացումով տեղյակ պահել Իսրայելին: Եզրակացությունն այն է, որ Ամերիկան պարտավոր է իր յուրաքանչյուր քայլը քննարկել Իսրայելի հետ: Հետաքրքրական է:

Կարծում եմՙ Օբաման ճիշտ էր մտածելու, որ տնտեսական պատժամիջոցները մինչեւ որոշակի տեղ կարող են գնալ: Ոչ ավելի առաջ: Օբաման ներկայումս հույսը դրել է Իրանում վարչակազմի փոփոխության վրա, որն արդեն սկսվել է: Նոր սերունդը նոր մոտեցում է ցուցաբերում: Դա այլ տեղերում էլ տեղի է ունեցելՙ Խորհրդային Միությունում, Չինաստանում, Կուբայում, իսկ հիմա Իրանում է տեղի ունենում: Ի՞նչ պետք է մենք անենք: Իմ կարծիքովՙ միանալ նրանց: Վերջ տալ Նաթանյահուի մտասեւեռումներին: Ողջունել ժնեւյան համաձայնությունը, որովհետեւ դա լավ է նաեւ Իսրայելի համար: Պետք է հետ կանչել «Կապիտոլ Հիլում» աշխատող AIPAC-ի արյունարբուներին: Անհրաժեշտ է պաշտպանել Օբամային: Կարգավորել հարաբերությունները Մ. Նահանգների հետ: Եվ ամենակարեւորըՙ շոշափուկներ ուղարկել Իրան եւ փորձել բարելավել մեր հարաբերությունները:

Պատմությունը ցույց է տվել, որ երբեմնի ընկերները կարող են փոխվել թշնամիների եւ հակառակըՙ երբեմնի թշնամիները կարող են դառնալ դաշնակիցներ:

Մենք կարիք ունենք ղեկավարների փոփոխության: Իրանը փոխվեց: Մենք էլ պետք է փոխվենք: Դժբախտաբար Իսրայելի բոլոր քաղաքագետները միացել են «հիմարների շքերթին»: Ոչ մեկը դրա դեմ չի արտահայտվում: Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդՙ Յիցհակ Հերցոգը նրանցից մեկն է, ինչպես նաեւ Յաիր Լապիդը եւ Ցիպի Լիվնին:

Ինչպես իդիշ լեզվով ասում ենՙ «Հիմարները կարող են զվարճանք պատճառել, եթե մեր հիմարները չլինեն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #220, 17-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ