ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՀՀ ԳԱԱ-ՈՒՄ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն 2013 աստղագիտական տարին ամփոփվում է ՀՀ ԳԱԱ-ում: Սույն թվականի դեկտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24) գիտական հասարակությունը կծանոթանա Հայաստանում 2013-ին աստղագիտության ոլորտում տեղի ունեցած կարեւորագույն գիտական արդյունքներին եւ նվաճումներին: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի գործունեությունը կներկայացնի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Ամփոփման զեկույցով հանդես կգա Հայակական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանը: Միջոցառման ավարտին Հայկական աստղագիտական ընկերությունը կհանձնի Երվանդ Թերզյանի անվան ամենամյա մրցանակը: 18-րդ միջազգային օլիմպիադային մասնակցած Հայաստանի պատանիներին` Վարդգես Մամբրեյանին, Արսեն Վասիլյանին, Հրանտ Թոփչյանին եւ Հայկ Սողոմոնյանին կհանձնվեն պատվոգրեր: Լրագրողներին կհանձնվեն շնորհակալագրեր 2013թ. ընթացքում գիտությունն ակտիվորեն լուսաբանելու համար: 2013-ի աստղագիտության ոլորտում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններն են. ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվեց ազգային արժեք, որի շնորհիվ աստղադիտարանում իրականացվեց խոշորագույնՙ 2.6մ աստղադիտակի հայելապատումը: ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված Միջազգային աստղագիտական ընկերության պաշտոնական գիտաժողովը: 2013-ին Բյուրականում մեկնարկեց հայ-ռուսական ծրագիրը, որի շնորհիվ կվերագործարկվեն Բյուրականի աստղադիտարանի փոքր դիտակները: Հիմնվեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի հայկական գրասենյակը: Բյուրականի աստղադիտարանը միացավ համաշխարհային տվյալների շտեմարանին: Հայաստանում ստեղծվեց Տիեզերական գործակալություն, որի նպատակն է տիեզերքում Հայաստանի շահերի համակարգումը, այդ թվում` գիտության ոլորտում: Երկար ընդմիջումից հետո վերականգնվեցին հայ-վրացական աստղագիտական խորհրդակցությունները: |