RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏ

Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 3794, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

THE NATIONAL INTEREST. ՂՐԻՄՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԵՍՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ Է

Պ. Ք.

ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների տարածքային վերաձեւումների մասին

Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու վերաբերյալ Ռուսաստանին Արեւմուտքի եւ առաջին հերթին ԱՄՆ-ի ներկայացրած պահանջը արեւմտյան երկրների աղաղակող երեսպաշտության եւ երկակի չափանիշների օրինակ է, երկրներ, որոնք իրենք էլ ակտիվորեն զբաղվել են ուրիշ պետությունների սահմանների բռնի փոփոխումներով, գրում է Թեդ Գալեն Կարպենտերը ամերիկյան The National Interest թերթում:

Հեղինակը ընդգծում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ղրիմի հարցում շարունակում է իրեն նախորդած Բարաք Օբամայի քաղաքականությունը: Այսպես, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլին փետրվարի 2-ին իր ելույթում նշեց, որ ԱՄՆ-ը մտադիր է ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները, քանի դեռ Մոսկվան չի վերադարձրել թերակղզին Ուկրաինային:

Փետրվարի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում նա պարզորոշ կերպով հաստատեց իր դիրքորոշումը, հայտարարելով, թե «Ղրիմը Ուկրաինայի մասն է»:

Ղրիմի հարցում ԱՄՆ-ի բռնած դիրքը հար եւ նման է նախորդ վարչակազմի ուղեգծին, ինչպես նաեւ Թրամփի նահանջն է իրատեսական արտաքին քաղաքականությունից եւ ապացույցը վաղեմի խնդրիՙ աղաղակող երկակի չափանիշներ կիրառելու ԱՄՆ-ի պատրաստակամության:

Տասնամյակներ շարունակ ամերիկացի բազմաթիվ պաշտոնական անձինք պնդել են, որ պատերազմի միջոցով ձեռք բերված տարածքային փոփոխություններն անօրինական են, եւ որ Վաշինգտոնը չի հանդուրժի նման գործողություններ: Ղրիմը այդ դիրքորոշման լոկ ամենավերջին օրինակն է: Մասնավորապես այդ տրամաբանությանը հետեւելով Ջորջ Բուշ ավագը ներխուժեց Քուվեյթը զավթած Իրաք:

Այդուհանդերձ իր դաշնակիցների համանման վարքագծի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը արմատապես տարբեր է: «Կարելի է հարց տալ, թե ԱՄՆ-ը Իսրայելից ե՞րբ կպահանջի Սիրիային վերադարձնել Վեցօրյա պատերազմի ընթացքում իր զավթած Գոլանի բարձունքները», շարունակում է թերթը, մեջբերելով Թել-Ավիվի այն պատճառաբանությունը, թե Իսրայելն այդ հակամարտությունն սկսեց որպես կանխիչ միջոց, քանի որ Սիրիան ու Եգիպտոսը կարծես թե պատրաստվում էին հարվածել հրեական պետությանը: Իսրայելը հիմքեր ուներ գրավելու բարձունքները, որտեղից սիրիական հրետանին սպառնում էր հրեական բնակավայրերին:

Եվ այդուհանդերձ դա ռազմական ուժի միջոցով տարածքային փոփոխությունների իրականացման անվիճարկելի փաստ է, իսկ հետագայում այդ տարածքի բռնակցումը վկայում է, որ Թել-Ավիվը այն երբեք չի վերադարձնելու Դամասկոսին: Սակայն Վաշինգտոնը այդպես էլ պատժամիջոցներ չձեռնարկեց Իսրայելի դեմ: Ընդհակառակը, հետագա տարիներին երկկողմ հարաբերությունները միայն ամրապնդվեցին:

Նույնպիսի աղաղակող երկակի չափանիշներ գոյություն ունեն նաեւ 1974 թ. Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի զավթման նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման մեջ: Տվյալ դեպքում ներխուժման համար նույնիսկ անվտանգության ապահովման անհրաժեշտության հիմնավորում չի եղել: Թուրքիբան այն ժամանակ կղզու թուրք բնակիչների նկատմամբ հույն կիպրացիների բռնության առանձին դեպքերն օգտագործեց որպես Կիպրոսի տարածքի 37 տոկոսի օկուպացման արդարացում: Թեեւ ԱՄՆ-ը այդ նախահարձակման համար սկզբում Թուրքիայի նկատմամբ աննշան պատժամիջոցներ ձեռնարկեց, դրանք շուտով չեղարկվեցին ու մոռացվեցին, իսկ Անկարան ստեղծեց այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» խամաճիկային կառավարություն:

Հարկավոր է նաեւ հարց տալՙ Ղրիմում Ռուսաստանի գործողությունները վերոհիշյալ դրվագներից որքանո՞վ էին վատթար, որ Մոսկվան ենթակա դարձավ պատժամիջոցների: Ղրիմի հետ կապված իրավիճակը թեեւ այնքան սուր չէր, որքան Գոլանի բարձունքների դեպքում, բայց թերակղզու միացումն ուներ անհամեմատ մեծ նշանակություն: Կիեւում մոլի հակառուսական վարչակարգի իշխանության գլուխ անցնելուց հետո Կրեմլը բոլոր հիմքերն ուներ իր ծովուժի սեւաստոպոլյան ռազմակայանի ապագայով մտահոգվելու համար:

Ավելին, Ռուսաստանն ընդգծում է, որ Ղրիմը երկրի մասն է եղել 1780-ականներից մինչեւ 1954 թվականը, երբ Նիկիտա Խրուշչովը թերակղզու վերահսկողությունը հանձնեց Ուկրաինային: Հոդվածագիրը հարց է տալիս, թե ԱՄՆ-ում պաշտոնական անձինք եւ քաղաքական գործիչները ինչո՞ւ են այդպիսի ակնածանքով վերաբերվում «փլուզված երկրի կոմունիստ բռնապետի արածին»:

Վերջապես, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները իրենք եւս հայտնի են տարածքային բռնի փոփոխություններով: 1999 թվականին ՆԱՏՕ-ն 70 օր շարունակ ռմբակոծում էր Սերբիան, որպեսզի այդ երկրից անջատի Կոսովոն, իսկ 2008 թվականին ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զանց առնելովՙ հայտարարեցին վերջինիս անկախացման մասին: Դրանով իսկ ի հայտ եկած նախադեպը նույն թվականին Ռուսաստանն օգտագործեց Վրաստանի դեմ իր պատերազմում:

Եթե հաշվի առնենք երկակի չափանիշների կիրառման բազմաթիվ դեպքերը, ապա տարածքային փոփոխությունների նկատմամբ Վաշինգտոնի հռչակած քաղաքականության բարոյական հիմքը դառնում է ավելի ու ավելի խախուտ: Ուստի, գործնական տեսակետից, Ղրիմի նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս անզիջում դիրքորոշումը այնքան էլ հիմնավորված չէ: ԱՄՆ-ի ղեկավարները պետք է ընդունեն այն իրողությունը, որ Մոսկվան չի հրաժարվելու Ղրիմից, ինչպես որ Սերբիան եւ Սիրիան չեն կարողանում հրաժարվել Կոսովոյից եւ Գոլանի բարձունքներից: Իր հերթին Կիպրոսը, չնայած պարբերաբար անցկացվող բանակցություններին, դժվար թե կարողանա կրկին իր վերահսկողության տակ առնել կղզու հյուսիսային մասը:

Այսպիսով, ԱՄՆ-ը բնավ չի շահում այն բանից, որ համառորեն եւ ապարդյուն կերպով Ռուսաստանից պահանջում է Ուկրաինային վերադարձնել Ղրիմը: Ամերիկյան թերթի բնորոշման համաձայն, արեւմտյան տերությունների, այդ թվում ԱՄՆ-ի, տարածքային զավթումների նկատմամբ Վաշինգտոնի երեսպաշտական քաղաքականության պատճառով ԱՄՆ-ի դիրքորոշումը դառնում է նույնիսկ ավելի զզվելի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ