RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 20-04-2018



ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

Տեղադրվել է` 2018-04-20 00:42:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3164, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՐՅԱ՛Ն ՄԵՋ Է». ԼԵՎՈՆ ԵՎ ՆԱԴՅԱ ՔԵԲԱԲՋՅԱՆՆԵՐ

Հարցազրույցըՙ ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

Մարդկային առաքինություններից թերեւս ամենից աստվածահաճոն բարությունն է, գթասրտությունը, հոգատարությունն ու բարեսիրական գործունեությունը, որի ակունքներում են նաեւ ֆրանսաբնակ մեր հայրենակիցներըՙ տեր եւ տիկին Քեբաբջյանները, ում հետ ունեցած հարցազրույցիս ընթացքում ինձ հիացրեց ու զարմացրեց բավականին առաջացած տարիքի եւ ինչ-ինչ առողջական խնդիրներ ունեցող այդ մարդկանցՙ 20 տարուց ի վեր Արցախում ծավալած բարեգործական աշխատանքները շարունակելու պատրաստակամությունն ու հաստատակամությունը: Նրանց ծավալած գործունեության նախապատմությունը մի անուն ունիՙ ՔՐԻՍՏՈՖ... Լեւոն եւ Նադյա Քեբաբջյանների վաղամեռիկ որդին, ով իր ծնողներին ծանոթացրեց Արցախ-դրախտին եւ ամուր թելերով նրանց կապեց այդ չքնաղ բնաշխարհի եւ ազնիվ, պարզ, հայրենասեր մարդկանց հետ:

Ստորեւ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Քեբաբջյան բարեգործների հետ ունեցած հարցազրույցը: Ավելացնենք միայն, որ Լեւոն Քեբաբջյանը երկար տարիներ եղել է ՀԲԸՄիության եւ Ռամկավար Ազատական կուսակցության Ֆրանսիայի շրջանակի կարկառուն ղեկավար գործիչներից:

- Պարո՛ն Քեբաբջյան, եկե՛ք մեր զրույցն սկսենք Ձերՙ ազնիվ տեսակի արմատներից:

- Ծնողներս Թուրքիայից են. մայրս Յոզգաթից է, հայրսՙ Անկարայից: 1922-ին հայրս Ֆրանսիա է գնացել, մորս ընտանիքն էլ է տեղափոխվել Ֆրանսիա. նրանք արդեն ծանոթ էին, ընտանեկան կապ կար: Այդ երկրում էլ ամուսնացել են, եւ ես էլ ծնվել եմ Փարիզում:

- Ծնված լինելով եւ մեծանալով օտար երկրումՙ Դուք չեք մոռացել մայրենի լեզուն. ո՞վ է եղել հայոց լեզվի պահապան հրեշտակը Ձեր ընտանիքում:

- Երբ սկսեցի դպրոց հաճախել, միայն հայերեն գիտեի, որովհետեւ մեր տան լեզուն հայերենն էր. մայրս ու հայրս հայերեն էին խոսում: Գիտեի նաեւ թուրքերեն, որովհետեւ մեծ մայրս թրքախոս էր: Սկզբում 2 տարի սովորեցի Մխիթարյան վարժարանում, հետագայում մտա գործարար աշխարհ, երբ տակավին 18 տարեկան էի:

- 20 տարի շարունակ Դուք եւ Ձեր տիկինըՙ Նադյան, բարեգործությամբ եք զբաղված. ի՞նչը դարձավ այդ առաքելության շարժառիթը:

- Տղաներիցս մեկըՙ Քրիստոֆն, ապրում էր Երեւանում, նա մեզ տարավ Արցախ, եւ մենք սիրահարվեցինք այդ չքնաղ աշխարհին, ժողովրդին, շփվեցինք նրանց հետ, տեսանք արցախյան առաջին գոյամարտից հետո ավերակված գյուղեր, բազմաթիվ անապահով ընտանիքներ եւ սրտի մեծ ցավ ապրեցինք: Մեր կյանքում մեծ դժբախտություն եղավՙ աննկարագրելի վիշտ ապրեցինք, կորցրեցինք մեր տղայինՙ Քրիստոֆին... Նա մեզ ուղղորդեց դեպի Արցախ, իսկ ինքը գնաց դեպի Հավերժը...

- Պարո՛ն Քեբաբջյան, ինչպիսի՞ն է արցախցին Ձեր աչքերով:

- Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացնում, պարզ, ազնիվ, շատ հյուրասեր, ջերմ մարդիկ են. կանայք շատ աշխատասեր են, իսկ տղամարդիկՙ քաջարի: Թեեւ պատերազմ են տեսել, շատ կորուստներ են ունեցել, բազում զրկանքներ կրել, սակայն չեն հեռացել իրենց բնակավայրերից, չեն հուսահատվել: Ինձ հիացնում է արցախցիների անկոտրում կամքը:

- Խոսենք Ձերՙ բարեգործական 20 տարիներ ի վեր ծավալած գործունեությունից:

- Թեեւ ես ու տիկինս միասին ենք իրագործում այս գաղափարը, սակայն մտահղացման հեղինակը Նադյան է. թո՛ղ նա պատասխանի:

- Տիկի՛ն Նադյա, պատմեք, խնդրեմ, Ձեր մտահղացման նպատակը եւ այդ նպատակի իրագործման եղանակները:

- 1998-ին, երբ տղայիսՙ Քրիստոֆի հետ արցախյան գոյամարտից հետո գնացինք Ղարաբաղ, տեսա ավերված գյուղեր, աղքատ ու շատ անապահով ընտանիքներ. օրերով արցունք եմ թափել եւ տղայիս ասել եմ, որ չի կարելի այդ մարդկանց թողնել նման վիճակում: Փարիզ վերադառնալովՙ դասախոսություններ եմ կարդացել Բարեգործականի մեր ակումբում, ցուցադրել եմ լուսանկարներ, որպեսզի բոլորը տեսնեն եւ համախմբվենք ու ստեղծենք օգնող կազմակերպություն: Մենք որոշեցինք օգնել Մարտակերտի շրջանի բազմանդամ, անապահով, զոհեր ունեցած ընտանիքներին: Ասեմ, որ 1998-ին մեկնարկել է «Այրի կանանց փոխադարձ օգնություն» շահույթ չհետապնդող ֆրանսիական կազմակերպությունը, որի նպատակն էր Հայաստանում եւ Արցախում անապահով ընտանիքների, բազմազավակ մայրերի անասնապահական եւ ընտանեկան ձեռնարկությունների նախագծերի իրականացումը: Կազմակերպությունը հիմնադրվեցՙ այրի կանանց օգնելու նպատակով, սակայն հետագայում մեր գործունեությունը զարգացավ եւ ընդլայնվեց: Ծրագրի նպատակն էր, որ յուրաքանչյուր կին ունենա գոնե մեկ կաթնատու կովՙ կերակրելու երեխաներին: Հետագայում այդ ծրագիրն ուղղվեց նաեւ բազմազավակ մայրերին, անապահով ընտանիքներին: 1999-ից մինչ այսօր ավելի քան 45 գյուղերի 600 ընտանիք օգտվում են ծրագրից: Ծրագիրը կոչվում է «Երկու կով, երկու հորթ», այսինքնՙ ամեն ընտանիքի տալիս ենք 2 կով, որոնք ծնում են 2 հորթուկ, հորթերը մեծանում են, ծնվում են եւս 2 հորթուկ, եւ տվյալ ընտանիքը պայմանագրով պարտավորվում է այդ ծնված հորթուկներից մեկը եւ մի կովը տալ մի ուրիշ ընտանիքի, եւ այդ ձեւով շարունակում են փոխանցումը: Ես հորդորել եմ այդ ընտանիքներին լավ պահել ու խնամել կենդանիներին, նրանց կաթը, ստացված պանիրը, մածունը, յուղը տալ իրենց երեխաներին: Պայմանագիր ենք կապել, որ առաջին կովի կաթն իրենց մնա, իսկ երկրորդ կովինը կարող են վաճառել կամ էլՙ օգնել ուրիշներին: Կաթնատու կովերի շնորհիվ մենք անմիջապես կաթ ենք հայթայթում երեխաների համար եւ ստեղծում միջնաժամկետ առումով մի վերականգնվող «կենդանական կապիտալ», որից ստացած եկամուտը թույլ է տալիս կրթություն ստանալ եւ բժշկական խնամք:

- Իսկ եթե կենդանիները հիվանդանա՞ն կամ սատկեն դժբախտ պատահարի հետեւանքո՞վ:

- Մենք այնտեղ ունենք շատ վստահելի եւ փորձառու անասնաբույժ, ում հետ մշտական կապի մեջ ենք: Երբ որեւէ մեկի անասունը հիվանդանում է, անասնաբույժն օգնության է հասնում, իսկ մեզ էլ գրություն է ուղարկում տվյալ ընտանիքի հիվանդ կենդանու մասին: Սակայն պատահում են դեպքեր, երբ տանտիրոջ անփութության պատճառով կովը կարող է ընկնել մեքենայի տակ, դառնալ գայլերի թիրախ, օձի խայթոց ունենալ: Այդ ամենի մասին ինձ զեկուցում են, եւ մենք ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ: Տարին երկու անգամ մենք գալիս ենք Արցախ: Չմոռանամ ասել, որ այս ծրագիրը գործեց նաեւ Ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհեր եւ հաշմանդամներ ունեցած ընտանիքների, ինչպես նաեւՙ Ալաշան գյուղ եկած փախստականների համար: Կարմիր Խաչի օգնությամբ մի մեծ գոմ, ֆերմա կառուցվեց, որովհետեւ շահառուների ընտանիքներում արդեն շատ էին կենդանիները:

- Ո՞վքեր են ձեզ նյութապես աջակցում այս գործում:

- Մեր ազգականները, ընկերները, ովքեր միջոցներ ունեն, նաեւՙ մեր սեփական հնարավորություններն ենք ներդնում այս գործում:

- Տիկի՛ն Նադյա, մեր հանդիպումից առաջ ասացիք, որ գալիս եք Սաղմոսավանքից, ուր ինչ-որ աշխատանք եք ձեռնարկել. կմանրամասնե՞ք:

- Իմ մյուս տղանՙ Ռաֆֆին, ով ապրում է Լոնդոնում, պսակադրվել է Սաղմոսավանքում: Մեր որդի Քրիստոֆը, չգիտես ինչու, եղբորն ասել էր, եթե իրեն մի բան պատահի, Հայաստանից չտանենք: Դժբախտաբար, մեծ կսկիծ ունեցանք. եղբորՙ Ռաֆֆիի ամուսնությունից ամիսներ անց, Քրիստոֆը մահացավ, եւ մենք նրան հուղարկավորեցինք Սաղմոսավանքի տարածքում:

2008թ. գյուղապետի համաձայնությամբ որոշեցինք հող գնել. անցյալ տարի մեզ հաջողվեց իրագործել մեր որոշումը, միացանք Ս. Էջմիածնի Կլոր սեղանի հետ եւ մեր որդու հիշատակին մի համալիր կառուցեցինք եկեղեցու մոտ, որտեղ կա խոհանոց, հյուրասրահ, դասասենյակներ, կա նաեւ դահլիճ, ուր կարող են միջոցառումներ անցկացնել, ամուսնություններ նշել: Դա Սաղմոսավանք այցելող մարդկանց համար մի շատ հարմարավետ տեղ է, որպեսզի ուխտավորները կարողանան հանգստանալ, սնվել, իսկ դասասենյակները տեղի պարախմբի պարապմունքների համար են. նրանք փորձ անելու տեղ չունեին: Քրիստոֆի հիշատակին նվիրված համալիրի բացումը տեղի կունենա հունիսի 2-ին. աշխատանքները գրեթե ավարտված են: Մենք այսօր գնացել էինքՙ վերջին շտկումները նայելու: Մյուս տղասՙ Ռաֆֆին, իր կնոջ ու երկու երեխաների հետ գալու են Լոնդոնիցՙ մասնակցելու բացմանը, իսկ մենքՙ ամուսիններով, այստեղ կլինենք մայիսի 15-ինՙ նախապատրաստական աշխատանքների համար:

- Տիկի՛ն Նադյա, ի՞նչ մասնագետ եք:

- Ես չեմ հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, որովհետեւ 1964-ինՙ 18 տարեկանում, արդեն ամուսնացած էի: Փոքր հասակից կամավորապես աշխատել եմ հիվանդանոցներում, հետագայում անդամակցել եմ սոցիալական աջակցության հասարակական կազմակերպություններին, եղել եմ ՀԲԸՄ-ի անդամ, աշխատել եմ հայկական մեկօրյա դպրոցներումՙ դասավանդելով հայերեն, երաժշտություն: Բարեգործությունը մեզ հետ է ծնվել:

- Բացի վերոնշյալ ծրագրիցՙ տեղյակ եմ, որ գործունեության այլ տեսակներ էլ եք ծավալել. կներկայացնե՞ք...

- Նորաշենում Ֆրանսիայի ՀԲԸՄ-ի կողմից գյուղի վերակառուցումից հետո այնտեղ հաստատված ընտանիքներին բացի 2 կով եւ 2 հորթիցՙ տրամադրել ենք նաեւ ցորենի առաջին բերքըՙ յուրաքանչյուր ընտանիքի 100-ական կիլոգրամ ալյուր, սերմացու հացահատիկ, մրգատու ծառերՙ իրենց այգիներում տնկելու համար, ձեռք ենք բերել տարրական դպրոցի կահույքի մի մասը, շինանյութ ենք տրամադրելՙ տանիքների ծածկույթը նորոգելու համար, ավարտին ենք հասցրել գյուղի խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքները, վերանորոգել ենք դպրոցի ջրի հեռացման հնացած համակարգը, ինչպես նաեւՙ սանհանգույցը: Ընդհանուր առմամբՙ 30 տուն ենք վերանորոգել, 10 տուն էլ կառուցել ենք. Բաքվից, Սումգայիթից շատ տեղահանվածներ կային, սակայն տեղացիների մեջ էլ կային վատ ապրողներ, ուստի պետք էր նաեւ նրանց մասին մտածել: Գառնաքարում ձեռնարկված ջրամատակարարման աշխատանքները թույլ են տվել 2 կիլոմետրի վրա ապահովել 1650 մետր բարձրության վրա տեղակայված 3 տարբեր աղբյուրներից բխող խմելու ջրի ընթացքը դեպի մի ջրավազան, որն էլ տեղակայված է 1027 մետր բարձրության վրա, այնուհետեւ ապահովել ենք մոտ երեք տասնյակ տների ջրի մատակարարումը: Ղազարահողումՙ Պողոսամեր գյուղի հարակից գյուղակում, պետության հետ գործակցությամբ, իրականացված խմելու ջրի ուղղության փոխման եւ մատակարարման աշխատանքները հնարավորություն են տվել 59 գյուղացու ստանալ հոսող ջուր: Հայաստանումՙ Թալինում, 10 տարի շարունակ «Արի կանանց փոխադարձ օգնություն»-ը «Թալին-Հույս» տեղական կազմակերպության հետ հուլիս եւ օգոստոս ամիսներին 2 փուլով կազմակերպում է բացօթյա ճամբար: Ընդհանուր առմամբ, 5-ից 14 տարեկան 120 երեխա ամեն տարի 3 շաբաթ անմոռանալի արձակուրդ է անցկացնում ճամբարում: Արցախում, 12 տարի շարունակ, Մարտակերտի շրջանի գյուղերի 6-ից 14 տարեկան 65-ից 70 երեխա հուլիսին մասնակցում է մեր բացօթյա ճամբարի աշխատանքներին:

- Պարո՛ն Քեբաբջյան, ումի՞ց եք ժառանգել բարեգործության սերմերը:

- Հայրսՙ Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Խաչատուր Քեբաբջյանը, շատ բարի անձնավորություն էր, եւ ինքն էլ բարեգործություն էր անում: Աչքերս բացել ու մեծացել եմ այդպիսի մթնոլորտում: Հինգ երեխա էինք ընտանիքում, բոլորս էլ մոտ էինք կանգնած այդ աշխատանքին, սակայն միայն ես եմ, որ գործնապես 20 տարի զբաղված եմ բարեգործությամբ:

- Պարո՛ն Քեբաբջյան, կյանքում ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:

- Ունեցածդ կիսի՛ր, բաժանի՛ր. այս սկզբունքով ենք ողջ կյանքում առաջնորդվել: Մեզ համար սուրբ պատվիրան է Վահան Թեքեյանի «Հաշվեհարդար»ը- «Կեանքէն ինծի ի՞նչ մնայ, ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ, այն միայն»:

- Պարո՛ն Քեբաբջյան, մեր հարցազրույցի վերջին խոսքի իրավունքը դարձյալ Ձեզՙ բացի ֆինանսական օգնությունիցՙ ո՞րն է Ձեր բարեգործության գերագույն նպատակը:

- Մեր նպատակն է ժողովրդին օգնելովՙ ապահովել, որպեսզի սահմանամերձ բնակավայրերը չլքվեն:

Ես հրաժեշտ եմ տալիս կյանքի մայրամուտին մոտեցած, սակայն արեւագալի նման պայծառ տեր եւ տիկին Քեբաբջյաններին, ովքեր իրենց կյանքի 20 երկարուձիգ տարիները նվիրել են արցախցիներինՙ ապրելու եւ արարելու հույս պարգեւելով այդ չքնաղ լեռնաշխարհի պահապան հրեշտակներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 20-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ