RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 20-04-2018



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-04-20 00:42:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2804, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ՎՐԱ

Պ.Ք.

«Նոր Անտանտը» եւ Ռուսաստանը

Ապրիլի 14-ի վաղ առավոտյան Արեւմուտքի կոալիցիոն ուժերը հրթիռային հարվածներ հասցրին Սիրիայի տարածքին: Հարձակման պատրվակը վերջերս Արեւմուտքում շրջանառվող այն լուրերն էին, թե սիրիական բանակը Դամասկոսի արվարձան Արեւելյան Գուտայում իբր քիմիական զենք է օգտագործել խաղաղ բնակչության դեմ: Հարկ է նշել, որ զանգվածային հրթիռակոծությունը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջազգային փորձագետները պատրաստվում էին Արեւելյան Գուտայում ստուգել վերոհիշյալ լուրերի իսկությունը: Արձակվեց 100-110 հրթիռ, որոնց նշանակալի մասը, ըստ սիրիական եւ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների, ոչնչացվեց Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, ներառյալ դեպի «Դումեյր» օդանավակայան ուղղված տասներկու հրթիռները:

Տվյալ գործողությունը զոհեր չպատճառեց, բայց քաղաքական մեծ շահաբաժիններ բերեց, մասնավորապես ԱՄՆ Դոնալդ Թրամփին, որը կարողացավ սեփական վարկը պահպանել սիրիական Դումա քաղաքում իբր քիմիական զենքի կիրառմանը վերաբերող կեղծ լուրերից եւ Բաշար Ասադին հարվածելու բարձրագոչ խոստումներից հետո:

Ռուսաստանն իր բարձրության վրա է: Սիրիայում ռուսական ուժերի տեղաբաշխումը ճշգրտելու ԱՄՆ խնդրանքին Մոսկվան պատասխանեց կտրուկ մերժումով, եւ ամերիկացիները ստիպված եղան ծանր իրավիճակից դուրս գալՙ փորձելով չվնասել ռուսական կողմին եւ զերծ մնալ պատասխան հարվածից:

Հրթիռակոծությունն ավարտելուն պեսՙ Վաշինգտոնը հայտարարեց, որ դա միանգամյա հարված է, եւ շարունակություն չի լինելու: ԱՄՆ-ի եւ նրա արբանյակների հրթիռները ռուսների հակաօդային պաշտպանության գոտի չմտան, եւ ռուսները չդիմեցին պատասխան գործողությունների: Ըստ աղբյուրների մեծամասնության, սիրիական կողմը կորուստներ չի ունեցել: Ի դեպ, չի բացառվում, որ այստեղ դեր խաղացած լինեն Կիպրոսում բրիտանական ռազմակայանին ռուսների հնարավոր պատասխան հարվածի վերաբերյալ տարածված լուրերը: Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկյուղներ արտահայտեց նոր սառը պատերազմի եւ իրավիճակի անվերահսկելի դառնալու առնչությամբ: Տվյալ իրավիճակն ունի բազմաթիվ անտեսանելի խոչուխութեր:

Բացի դրանից, բազմակողմ քաղաքական մանեւրները վերջին հարյուրամյակում բազմաթիվ ռազմական հակամարտությունների պատճառ են դարձել: Մի՞թե Հիտլերը չէր մանեւրում Երկրորդ աշխարհամարտից առաջ: (Մյունխենի համաձայնագիր, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ եւ այլն): Մի խոսքով, դժվար է միանշանակ բան ասել, բայց այնուամենայնիվ որոշ ուրվագծեր առանձնանում են նախապատերազմյան իրադրության մշուշի մեջ:

Առաջին, հստակորեն ուրվագծվեց արեւմտյան կոալիցիան, որն անցյալում նախընտրում էր թաքնվել հակաահաբեկչական պայքարի ցուցանակի հետեւում: Վեճերն ավարտվեցին այն բանից հետո, երբ սկսվեցին ռազմական գործողությունները: Ըստ որում, պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան «նոր Անտանտ» են, որը կազմվեց ոչ այնքան Սիրիայի, որքան Ռուսաստանի դեմ: Դա սառցալեռան լոկ գագաթն է, այլ ոչ թե ամբողջությունը:

Դրա գաղափարախոսներին վերջերս զարմացրեց իսրայելական օդուժի հարվածը սիրիական «Ատ-Տիաս» ռազմակայանին, ըստ որում ԱՄՆ-ը անմիջապես ժխտեց դրան իր մասնակցությունը: Դրանից հետո Վլադիմիր Պուտինի եւ Բենիամին Նաթանյահուի հեռախոսազրույցի ժամանակ վերջինս խոսեց բավական հրահրիչ տոնով եւ իսրայելական օդուժի գործողությունը սահմանափակելու առաջարկին պատասխանեց հակաիրանական վերջնագրով:

Հակառուսական կոալցիայի ստեղծումը ոչ այլ ինչ է, քան դիմակներից ձերբազատում. հիմա արդեն անկարելի է պնդել, թե Սիրիայում Արեւմուտքը պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Իրականում նա պատերազմում է Ասադի եւ Ռուսաստանի դեմ, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Արեւմտյան կոալիցիայի ռազմական գործողությունը Սիրիայի հակամարտության կարեւոր միջանկյալ արդյունքն է:

Երկրորդ, մեծ սխալ կլիներ Սիրիան դիտարկել որպես ռազմական գործողությունների առանձին թատերաբեմ, որտեղ Ռուսաստանը բախվում է Արեւմուտքի միացյալ ուժերի հետ: Այդ ռազմաբեմն ավելի լայն է եւ ընդգրկում է Սեւծովյան տարածաշրջանն ու Արեւելյան Եվրոպան, ինչպես որ դա արտացոլված է ամերիկյան «Stratfor» ռազմավարական կենտրոնի հետազոտության մեջ: Եվ, ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների թատերաբեմը հենց Սեւծովյան տարածաշրջանն է, որը «արաբական գարնան», այսինքն ազգային պետությունների ոչնչացման եւ քաոսի մերձավորարեւելյան նախագիծը միացնում է Ուկրաինայի եւ Կիեւ-Մոսկվա հարաբերությունների հետ:

Եվ երրորդ, ներկա իրավիճակում մեծ կարեւորություն ստացավ վերջերս Մոսկվայում կայացած եւ միջազգային ավտանգության հարցերին նվիրված յոթերորդ կոնֆերանսը, եւ հատկապես այնտեղ ՉԺՀ նորանշանակ պաշտպանության նախարար Վեյ Ֆենխեի հայտնվելը: Ընդգծելով, որ ինքը Մոսկվա է եկել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հանձնարարությամբ, նա խոսեց չին-ռուսական ռազմական համագործակցության ամրապնդման կարեւորության մասին:

Ենթադրվում է, որ Իսրայելի հետ անմիջական վեճեր չունեցող, բայց նրա հետ տեխնոլոգիական ու ռազմական շփումներ ունեցող Չինաստանը նման պայմաններում ի վիճակի է Ռուսաստանի հետ մերձենալով Արեւելյան Միջերկրածովքում զսպիչ դեր խաղալ Իսրայելի համար:

Որպես չորրորդ կետ կարելի է ընդունել Ռուսաստանում արեւմտամետ հինգերորդ շարասյան հեռացումը իշխանության շարքերից:

Իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում լիբանանցի պաշտոնաթող գեներալ Ամին Հոբեյտը ուրվագծել է իրադարձությունների հետագա զարգացման երեք հնարավոր սցենար: 1) ԱՄՆ-ը իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ սահմանափակ ռազմական գործողություն է իրականացնում անցյալ տարի սիրիական Շեյրաթ օդանավակայանի վրա ձեռնարկված հարձակման օրինակով: 2) ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները հարձակվում են Սիրիայի ռազմակայանների, զինապահեստների եւ հակաօդային պաշտպանության ուժերի վրա: 3) Ցամաքային եւ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ լայնածավալ եւ հեռագնա ռազմական գործողություններ են սկսվում:

Լիբանանցի գեներալի կարծիքով, երրորդ սցենարը խիստ անհավանական է, քանի որ ԱՄՆ-ը պատրաստ չէ ցամաքային ուժերի մասնակցությամբ երկարատեւ պատերազմի: Նա առավել հավանական է համարում երկրորդ տարբերակը, թեեւ այդ դեպքում ամերիկացիները կհայտնվեն վտանգավոր սահմանագծի վրա: Ուստի մնում է առաջին սցենարը, որի դեպքում ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները ոչինչ չեն ստանա:

Դա պայմանավորված է կարեւոր պատճառներով: Առաջին հերթին դա Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի շահերն են, որոնց տարածքները կարող են հարձակման ենթարկվել մեծ պատերազմի սանձազերծման դեպքում: Առկա են նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շահերը: Անկարան փորձում է, նույնիսկ Վաշինգտոնի հետ հակամարտության գնով, կանխել իր սահմանի մոտակայքում քրդական ինքնավար կազմավորումների ստեղծումը:

Ի դեպ, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը մինչեւ օրս հավանություն չի գտել ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից: Իհարկե, կարելի է ենթադրել, թե Վաշինգտոնը իր գլխավոր քաղաքական գծի մեջ փոփոխություններ կկատարի Անկարային Մոսկվայի ու Թեհրանի հետ դաշինքից դուրս բերելու նպատակով: Դրա շնորհիվ ԱՄՆ-ը կարող է Թուրքիայից հարձակում կատարելու հնարավորություն ստանալ, գրում է Stratfor-ը:

Ահա թե ինչու Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է միջնորդի դեր ստանձնելՙ համբերատարության կոչ անելով ԱՄՆ-ին, Ռուսատանին եւ մյուս երկրներին: Ինչպես նշում է Al-Monitor կայքը, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ամեն մի ռազմական գործողություն կարող է Թուրքիային խանգարել նրա հակաքրդական արշավանքում:

Իր հերթին, թուրք նախկին դիվանագետ Այդին Սելջենը նշում է, որ Անկարան ուզում է տեսնել միասնական Սիրիա, բայցՙ առանց Ասադի: Երկիրը համագործակցում է Ռուսատանի եւ Իրանի հետ, բայց ԱՄՆ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել Ասադի դեմ: Թուրքիան քննադատում է Իսրայելին, բայց հավանություն է տալիս Երուսաղեմն այդ երկրի մայրաքաղաք հայտարարելու նրա որոշմանը: Թուրքիան փչացրել է երկկողմ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իրաքի հետ, նշել է Սելջենը:

Հավանաբար Վաշինգտոնը փորձության կենթարկի Ռուսաստան-Իրան դաշինքի ամրությունը, գրում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը : Նա մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի այն հայտարարությունը, թե առայժմ չի նախատեսվում նոր հարվածներ հասնցել Սիրիայի տարածքին: Տարասովը կարծում է, որ դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ին չհաջողվեց ստեղծել հակասիրիական լայն կոալիցիա: ԱՄՆ-ի դաշնակիցները դարձան միայն Լոնդոնն ու Փարիզը:

Շվեդական Svenska Dagbladet թերթի կարծիքով, ԱՄՆ-ը ձեռնպահ է մնում հետագա ռազմական գործողություններից, քանի որ փորձում է ամեն պատրվակով աջակցել Գուտա քաղաքը կորցրած ընդդիմությանը եւ ռազմավարության բացակայության պայմաններում խուսափում է Ռուսաստանի հետ անմիջական առճակատումից: Իսկ նախագահ Թրամփը մերթընդմերթ ասում է, թե ԱՄՆ-ը մտադիր չէ մշտապես մնալ Սիրիայում: Դրանով նա ասես ուղերձ է հղում Մոսկվային եւ Թեհրանին: Մոտ ժամանակներս պետք է գործի «գաղտնի դիվանագիտությունը», որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ մեծ տերությունների առճակատումից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 20-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ