RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 20-04-2018



ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2018-04-20 00:42:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3126, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ZDF-Ի ՎԵՐՆԱԳԻՐԸ ՓՈԽՎԵՑՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է ԻՐ ԱՊԱԳԱՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

Եթե հիմաՙ ուրբաթ օրվանից սկսյալ ներկայացնեմ գերմանական լրատվամիջոցներիՙ երեւանյան օրերի քրոնիկոնին անդրադարձը, միայն վերնագրերն ու աղբյուրները նշեմ, էջը հաստատ չի բավարարի: Իրադարձային, գործողության մասին հաղորդող վերնագրերի հետ ամենակրկնվողն այն է, որ Հայաստանի նոր վարչապետն իրականում հին էՙ նախկին նախագահը, այս փաստից բխեցնելով այն, որ ըստ էության խորհրդարանական կառավարման հանգամանք որդեգրած Հայաստանում ոչինչ չի փոխվի: Սարգսյաններ ենՙ Սերժ Սարգսյանՙ նախկին վարչապետ, նախագահ, ապաՙ նորից վարչապետ, Արմեն Սարգսյանՙ վարչապետ, նախագահ, թերթերից մեկը նույնիսկ լուսանկարն էր խառնել, բայց ի տարբերություն հարեւան Ադրբեջանի ընտրությունների մասին պատմող վերջին հրապարակումների, գերմանացի մեր գործընկերները Հայաստանի Սարգսյանների պարագայում հատուկ ընդգծում ենՙ նույն ընտանիքից չեն: Տարվա մեջ մի քանի անգամ Հայաստան մեկնող գերմանացի ծանոթներիցս մեկը երեկ լրացրեց նույնանուն պաշտոնավարողների ցանկը սակայնՙ «Վիգեն Սարգսյան, Տիգրան Սարգսյան, ավելին չեմ հիշում, ներող եղիր»:

Հայաստանյան լրատվամիջոցներն արտասահմանյան ԶԼՄ-իՙ մեր երկրում կատարվող իրադարձությունների մասին հրապարակումներին անդրադառնալով, որպես գերմանական աղբյուր մեջբերում են առավելապես, կամՙ միայն «Դոյչե վելլեն»: Հիշյալն անկասկած խոշոր լրատվամիջոց է, բայց նրա ունկնդիրը Գերմանիայում չէ: Գերմանացիներն առավելաբար վստահում են իրենց նախընտրած, ավանդույթ ձեւավորած մեդիաներինՙ ռադիո, հեռուստատեսություն, տպագիր, առցանց, մանավանդ արտերկրից լուրեր ստանալու հարցում: Իսկ դրանքՙ իմ դիտարկմամբ, երբեք այսքան աշխույժ, այսքան հետեւողական, այսքան գերուշադիր չեն եղել մեր երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Ո՛չ 2008- ի մարտի 1- ին, ո՛չ «Էլեկտրիկ Երեւանի», ոչ՛ էլ «Սասնա ծռերի» անհնազանդության օրերին: Ուրբաթ օրվանից գերմանական մեդիանՙ լուրջ ու տեղական նշանակության հարթակներ գրում, հաղորդում են երեւանյան փոթորկվող ընդդիմադիր ալիքի մասին, հրապարակում հրաշալի լուսանկարներ, որ հաճախ առավել խոսուն ու ազդեցիկ են, քան շարադրանքը, առանց թուլացնելու հետաքրքրությունը Հայաստանում կատարվող իրադարձությունների հանդեպ: Պատճա՞ռը... Մարտի 25- ին գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքը ZDF-ն անդրադարձավ Հայաստանին: «Աղքատություն եւ կոռուպցիա. Հայաստանը կորցնում է իր ապագան» մեծածավալ նյութը գլխավորապես պատմում էր երիտասարդությանՙ Հայաստանը սիրելու, բայց հարկադրաբար նրանից հեռանալու, արտերկրում աշխատանք փնտրելու, ապա վերադառնալու երազին: Ու դրան զուգահեռ պատմում աղքատ երկրի խորհրդարանում աթոռ գտած օլիգարխների մասին:

Գերմանացի հարեւանս առավոտյան ափսոսանք հայտնեց, որ կրթյալ այդ երիտասարդները երկրում բարեփոխումներ անելու փոխարեն նաեւ Գերմանիա են գալիս: Օրինակ էլ բերեցՙ մի քանի օր շարունակ ԳԴՀ տարբեր քաղաքներում արհմիությունների հորդորին անսալով, աշխատավարձը բարձրացնելու պահանջով ոչ գնացք էր աշխատում, ոչ օդանավ, ոչ էլ ավտոբուս: Արդյունքը եղավ այն, որ ներքին գործերի նորանշանակ նախարարը հանդիպեց արհմիությունների ղեկավարության հետ, ու վերջիններս հաղթեցին: Նույն հարեւանս մի քանի օր առաջՙ հեռուստատեսության առաջին ալիքովՙ ARD-ի երեկոյան լրատվական գլխավոր թողարկումը դիտելով, առավոտյան առցանց հետեւել էր ժամ առ ժամ զարգացող լրատվությանը, իսկ ինձ հանդիպելով ասացՙ «փաստորեն ձեր երիտասարդությունը շատ է սիրում երկիրը, պայքարում է: Խոնարհումս»:

Մեր զրույցից ուրիշ մի հատված էլ մեջբերեմ: ՀՀ խորհրդարանական վերջին ընտրությունների մասին գերմանական մամուլը գրել էր, թե մարդիկ իրենց քվեն վաճառում են: «Ձայների աճուրդ» էի վերնագրել այդ լուսաբանումներիՙ «Ազգ»- ում ամփոփ ներկայացրածս հոդվածը: Հարեւանս դա էլ մտապահել էր ու ասացՙ այդ երիտասարդները արժանապատիվ ապրելու տարբերակն են ընտրելՙ «ոչ ձայն կվաճառեն, ոչ էլՙ մանավանդ երկիրը: Նրանք այսօրվա ժողովրդավար Հայաստանի հիմքն են ամրացնում, վաղվա ձեր խորհրդարանն ուժեղ է լինելու»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 20-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ