ԴԱՌՆ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՈԳԵՎՈՐԻՉ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՎԵԼ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ, Բեռլին Այո, այն ինչին, որին այս օրերին մենք վկան ենք դառնում, սոսկալի դառն իրականություն է: Որ հայ ժողովուրդը, որ մենք, Նիկոլ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխության հաղթանակի շնորհիվ հանկարծ արթնացանք տանջալի մղձավանից եւ սկսեցինք հպարտ, ազատ, անկաշկանդ, լիաթոք շնչել, ապա այդ պահը շատ կարճ տեւեց, եւ մենք ընկանք հաջորդ վիհը. դարձյալ մղձավանջն է պատել մեզ, սակայն այս անգամ այն շաղախված է հպարտության հետ, եւ ոգեւորիչ է, որ վերջապես վերջին տասնամյակների ընթացքում իրենց պաշտոնները չարաշահած իշխանությունները եւ նրանց մերձավորները դատարանների առաջ են կանգնելու եւ պատասխան են տալու, իրենց անօրինական արարքների համար: Մյուս կողմից, այդ գիտակցությունը նաեւ ցավատանջ է, հատկապես սփյուռքահայերիս համար, երբ լսում ենք, որ մեր օրերում, այն էլ մեր երազած հայրենիքում, պաշտոնատար մարդիկ են գտնվել, ովքեր կորցնելով բոլոր մարդկայինը, նաեւ իրենց երեխաներին, նաեւ հայ կնոջը, նաեւ հայ մօրն են ներքաշել իրենց հանցավոր արարքների ոլորտ, փաստորեն նրանց էլ են հանցագործ դարձրել, սրբապղծելով մեր գիտակցության մեջ դարեր շարունակ սրբացրած հայ ընտանիքի կոչումը: Վերջերս ընկերոջս հետ մի զրույցի ընթացքում մտաբերեցինք այն իրողությունը, որ Մեծ եղեռնից հետո իսլամական երկրներում ապաստան գտած հայության մոտ, գոնե վերջին հիսուն տարում, երբեւէ չի գրանցվել իր ընտանիքի պատիվը արատավորող, այն էՙ հայ կանանց առեւանգումների եւ բռնաբարությունների դեպքեր: Ապա, այժմ, եկ հայ մարդ ու «մի՛ խելագարվիր», եթե լսում ես, որ մերօրյա հերոսի կոչում ստացածՙ վայ գեներալներ իրենց նման արարքներ են թույլ տալիս եւ մնում են անպատիժ: Ո՞վ է ստեղծել նման պայմաններ, այն էլ մեր աչքի առաջ, ռուսը՞, ո՛չ, թուրքը՞, ո՛չ, ադրբեջանցի՞ն, ո՛չ, այլ իրենց ազգային շղարշներով պատածՙ ՀՀՇ-ականներ, ՀՀԿ-ականներ եւ այլք... Այո, նման պայմաններ ստեղծել է հայ մարդը, բարոյական բոլոր չափանիշներ կորցրած հայ քաղաքական վերնախավը: Նրանց հաջողվել է Լեւոն Տեր- Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունների կողմից ստեղծված չարորակ մթնոլորտում սերմանել այնպիսի պայմաններ ու բարքեր, որտեղ իրենց ամեն ինչ թույլատրված էր: Հատկապես ցավատանջ է գիտակցել, որ այդ մարդիկ դրսից չեն եկել, այլ արգասիքն են այն պոտենցիալ հանցագործ էներգիայի, որը տասնամյակներ շարունակ իշխանությունների եւ նրանց մոտ կանգնած անձերի կողմից գործադրվել եւ արմատավորվել է նաեւ հասարակության մեջ: Երկրում իշխել է ոչ թե օրենքը, այլ անօրինականությունը: Իհարկե, այդ ամենը ժառանգություն է նաեւ սովետական կարգերից, երբ պետության հաշվին հարստանալը դիտվում էր որպես «շնորհք», որպես «ասպետական արարք»: Հենց այդ հանցավոր պոտենցյալն էր, որ 90-ական թվականների սկիզբներին հաղթող դուրս եկավ ազգային աննախադեպ զարթոնքի ընթացքում, երբ հերթական պայքար էր գնումՙ լավ ու վատի, օրենքի եւ անօրինականության միջեւ: ՀՀՇ-ականները աններելի կերպով չուզեցին հիմքը դնել իրավական պետության, եւ դա այն պարագայում, երբ նրանք շահում էին համայն հայության մեծամասնության վստահությունը: Դա 90-ական թվականներին էր, Դաշնային Գերմանիայում ՀՀ- յան առաջին դեսպանՙ Ֆելիքս Մամիկոնյանը նոր էր վերադարձել Հայաստանից: Երբ մի հավաքում, որտեղ բուռն վեճ էր գնում Հայաստանում իշխանության լծակների մոտ կանգնած նոր անձերի չարաշահումների մասին, նա որպես նորություն եւ նաեւ իր համար որպես չափազանց մտահոգիչ իրականություն, պատկերավոր ասաց. «Այն ինչ Հայաստանում այդ մասին ընկերներիցս լսեցի, մազերս բիզ-բիզ կանգնեցին» : Այո, նկատի առնելով այն հանգամանքը, թե ՀՀՇ-ականները ինչպիսի ժառանգություն թողին, կարելի է ասել, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն հարգում էր, ապա նա իր հրաժարականից հետո երբեւէ չպետք է զբաղվեր քաղաքականությամբ, որովհետեւ նման իրողությունները նախ եւ առաջ նրա գլխավորած ՀՀՇ-ականների ստեղծած թալանի, հինը ավերելու ջանասիրության մեջ սեփական շահեր հետապնդելու մտայնությունն էր, որը հանգեցրեց ներկայիս իրավիճակին... Սակայն այսօր ամենաարտառոցը այն է, որ ՀՀ Կուսակցության անդամներից շատերըՙ նստած խորհրդարանում, կոկորդիլոսի արցունք են թափում, զարմանում են, իրենց անտեղյակ են ձեւացնում... Այդ իրենք չեն, ախ, իրե՞նք, նրանք երբեք իրենց նման արարքներ թույլ չեն տա: Ո՜վ Աստված, միթե՞ իրենց շարքերում նման բան կարելի է կատարվել... Հապա ինչպե՞ս հասկանալ, որ երկրի գլխավոր դատախազը, անվտանգության ծառայությունները եւ ոստիկանությունը. անտեղյակ են ձեւանում եւ չգիտեն, թե ինչե՞ր են կատարվել Էջմիածնում, Գյումրիում, Սյունիքում, փաստորեն երկրի չորս ծայրերում եւ այլուր, թե ինչպիսի տեռորի եւ ճնշման պայմաններ են ստեղծվել այդ վայրերում, երբ ահազանգեր հնչեցվել են բոլոր կողմերից, նույնիսկ սփյուռքահայության շրջաններում են դրանք հայտնի եղել... Այո, կարելի էր, նաեւ ոգեւորված թավշյա հեղափոխության հաղթանակով, ավելորդ անգամ չհիշել անցյալ իշխանություններիՙ ագահության բոլոր սահմանները անցնող «շնորհքը», «ճարպկությունը», եթե երեկվա ընդդիմությունը այսօր զերծ լիներ հայ վերնախավին հատուկՙ իշխանամոլությունից: Անցյալում ի՞նչ է կատարվել եւ այսօր ի՞նչ է կատարվում նրանց շարքերում: Ահա այսպես. ամեն մեկը պետք է, որ իր կուսակցությունը ունենա, իրենը ստեղծի, ինչպես դա արել են շատերը եւ այսօր անում ենՙ Ժիրայր Սեֆիլյանն ու այլք: Ամեն ոք համարում է իր գաղափարները, իր ծրագրերը ամենաճիշտը եւ դժգոհում է ու զարմանք հայտնում, որ մյուս կուսակցությունները պատրաստ չեն համագործակցել իրենց հետ,- Լեւոն Տեր-Պետրոսյան եւ այլք... Բայց եթե նախկին իշխանությունների օրոք ուժերի նման ցրվածությունը ինչ-որ տեղ հասկանալի էր, բայց ոչ արդարացի, ապա այսօր այն բոլորովին անհասկանալի է, եթե չասենքՙ աններելի է, որովհետեւ այսօր մենք վկան ենք մի այլ, բոլորովին նոր, բոլորովին տարբեր իրավիճակի, երբ թավշյա հեղափոխության երիտասարդ լիդերները բավականին կամք, ցանկություն ու համառություն են ցուցաբերում երկրում իրավական պետության հիմքերը դնելու ուղղությամբ: Սակայն մենք օր-օրի վկան ենք դառնում, թե ինչպիսի բազմապիսի ու բազմաթիվ, կարելի է ասել նաեւ ահռելի եւ անլուծելի են թվում այն բոլոր դժվարությունները, որոնք ամեն օր, ամեն ժամ ծառանում են նրանց դեմ: Փաստ է, որ թավշյա հեղափոխությունը հաղթանակել է, բայց դեռ չի ամրապնդվել: Հին սիստեմի գլխավոր դերակատարը շատ հեշտ նահանջեց, որովհետեւ ստիպված էր, հրաժարականներ են տվել մի քանի այլ մեծ ու փոքր դերակատարներ, իսկ մյուսները, հին սիստեմի բոլոր արտոնյալները իրենց տեղում են, վտանգը կա, որ ԱԺ-ի ընտրությունների հետաձգման պարագայում նրանք պատեհ առիթի սպասելով եւ այստեղ-այնտեղ տնտեսական ճգնաժամեր առաջացնելով, կփորձեն թիկունքից հարվածել հեղափոխությանը, կփորձեն խառնաշփոթություն ստեղծելով ապակայունացնել դրությունը եւ զարկ տալ ժողովրդի դժգոհությանը: Այդ պատճառով էլ այսօր պահի հրամայակնն է, որ հեղափոխության մոտ կանգնած անձերը, խմբերը, չդիմեն կինտրոնախույս քայլերի: Բոլորովին անհասկանալի, ավելորդ եւ անթույլատրելի է նոր կուսակցություններ ստեղծելը: Բոլորիս պարզ է, որ թավշյա հեղափոխությունը հաղթանակեց Նիկոլ Փաշինյանիՙ երկարամյա ընդդիմադիր, հետո որպես ԱԺ-ի պատգամավորիՙ համառ, համարձակ, գրեթե միայնակ պայքարի շնորհիվ, վայելում էր մեծ ժողովրդականություն: Պետք է ամբողջ ուժերով աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, լրացնել, բազմացնել նրա շարքերը, որպեսզի ապագա ԱԺ-ում ընտրված կառավարությունը ձայների «ջախջախիչ» մեծամասնություն ունենա, միայն այն ժամանակ հնարավոր կլինի ավելի համարձակ եւ հիմնական պայքար մղել կոռուպցիայի դեմ եւ արմատական քայլեր անել վերափոխումների եւ երկրում անդառնալի ժողովրդավարական պայմաններ ստեղծել: Մի այլ իրական վախ կա, որ այսօրվա Հայաստանի ներքաղաքական դաշտում եւ Ազգային ժողովում առկա կուսակցությունների բազմազանության հետեւանքը լինելու է այն, ինչը տեղի է ունենում Եվրոպայի մի շարք երկրներումՙ Իտալիայում, Հունաստանում, անցյալ տարի նաեւ Գերմանիայում: Այն էՙ ոչ մի կուսակցության կամ խմբակցության չի հաջողվում կառավարություն կազմել, կամ, լավագույն դեպքում, այդ ընթացքը լինում է շատ դժվար, եւ կոմպրոմիսի դեպքում ստեղծվում է թույլ եւ ոչ կայուն կառավարություն: Իսկ բոլորս գիտենք, որ Հայաստանի պարագայում դա կնշանակեր պետականության հիմքերի խարխլում եւ ապագայի վտանգում: Հենց այդ հանգամանքն էլ համարվում է խորհրդարանական ընտրությունների միջոցով կառավարություն կազմելու թույլ եւ բացասական կողմ: Նման հեռանկարը աչքի առաջ ունենալով, ինքնաբերաբար հիշում ես Շահան Շահնուրիՙ հայությանը բնորոշող հետեւյալ հանդիմանական խոսքերը. «Հայը կը խորշի, կը սոսկայ հպատակութեան գաղափարէն. պզտիկութիւն կը համարէ ուրիշի մը մտածումը բաժնելով միաբանիլ ու գործակցիլ անոր, երբոր հրամայողը ինք չէ: Ինք ինք է եւ ինք բան մը չէ...» : Այստեղ ավելորդ չէր լինի մեջբերել Ավետիք Իշխանյանիՙ «Հայկական Ժողովրդավարութուն» հոդվածի եզրափակիչ խոսքը, որը տեղադրված է հուլիս 5-ի «Հետք»-ի կայքէջում, որտեղ քննարկվում է 1919-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ընթացքը: Հոդվածում նա ախտորոշում է կատարում, մատը դնում է վերքի վրա, որակում է մեզ բոլորիս, իսկ դա պետք է մեզ չհուզի, չվիրավորի, որովհետեւ մենք դրա պատասխանը չունենք: «Արդՙ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ (ընտրություններ կեղծելու պրակտիկան) եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած եւ դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանն այն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը: Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետեւեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը:Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած» : Հուլիս 2018 |