RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019



ԴԻՏԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2019-07-26 12:19:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2629, Տպվել է` 190, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏ ՈՒ ԱՌԱՋ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մենք պատմությունից կառչա՞ծ ազգ ենք, թե՞ ապագային միտված: Եթե կառչած ենք, ապա կոնկրետ ո՞ր էջից, երբ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական Հայաստա՞ն էր, որն ուներ իր ենթակա ժողովուրդները եւ արքայից արքա Տիգրան Մեծ, թե՞ նախընտրում ենք լինել Տղմուտ գետի ափինՙ Ավարայրի դաշտավայրում, գոնե նրա համար, որ պարզենքՙ պատերազմն ու հաղթանակն իրակա՞ն էր, թե՞ բարոյական: Չի բացառվում, որ ավելի շատ հոգեւոր արժեքներն ենք գերադասում. աչքներս փակում ու հայտնվում ենք Նարեկացու կողքին, կամ Մաշտոցիՙ նրանց հավասար տքնում ենք ու նրանց պես մոտենում Աստծուն; Բայց եթե մենք Մաշտոցի պես ապագային միտված ենք, ապա ի՞նչ ենք անում, բացի Ֆեյսափ հավելվածից օգտվելուց, ինչի շնորհիվ կարողանում ենք տեսնել, թե ինչ տեսք ենք ունենալու ծերունական տարիքում: Ասենք գիտական նորարարություններ ստեղծո՞ւմ ենք, կամ գոնե դրանց հետեւո՞ւմ ենք: Նկատի չունեմ Արմաթ լաբորատորիաներում կամ Թումո կենտրոնումՙ փոքրիկ բայց շատ զիլ խմբերով: Նկատի ունեմ, ասենք, Էստոնիայում կամ Կանադայում կարո՞ղ են ասել, որ Հայաստանը գիտության երկիր է...

Իսկ ինչի՞ մասին են մեր գրքերը, ֆիլմերը, կտավներն ու քանդակները: Երաժշտությունը: Վաղվա՞, թե՞ երեկվա: Առավելագույնըՙ ներկայի: Օրինակ Մուրացանը, որը 1878 թվականին տեղափոխվեց Թիֆլիս ու այնտեղ նյութական սուղ պայմաններից դրդվածՙ հաշվապահություն սովորեց ու սկսեց աշխատել տեղի առեւտրական տներից մեկում, 1886-ին գրում է «Չհաս է» վեպը, որտեղ քննադատում է դեռ այն ժամանակներից ապազգայնացող հայ վերնախավին ու տագնապով ներկայացնում է բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը: Բայց Մուրացանին մենք հիշում ենք ոչ թե որովհետեւ նա պատկերել է իր օրերը եւ փաստորեն նաեւ ապագան, այլՙ քանի որ ինքը գրել է Գեւորգ Մարզպետունի վեպը, ինչպես գրված է գրողի կենսագրությունում, քանի որ իրականության մեջ չգտավ իր իդեալներն ու հայացքն ուղղեց դեպի պատմական անցյալը...Եւ ուրեմնՙ դեպի պատմական անցյա՞լն է ուղղված մեր գրականության, առհասարակ արվեստի հայացքը, թե՞ դեպի անորոշ ապագանՙ փորձով ինչ-որ չափով հասկանալի դարձնել այն: Երբ փակում ենք մեր աչքերը մենք պատկերացնում ենք, թե ինչպես են թռչող տաքսիներով գոնե տոնից տոն հայրական տուն վերադառնալու մեր երեխանե՞րը, թե՞ հիշում ենքՙ ինչպես էինք փոքր գյուղաքաղաքներում անինտերնետ ու երջանիկ վազում ու մերթընդմերթ գնում տունՙ հաց պանիր ու լոլիկ վերցնելու...

Բոլորս ունենք մեր պատասխաններն այս հարցերին, ինչը թերեւս ազգային էլ չէ: Օրինակ երբ Մեծ Բրիտանիայում սկսվեց Բրեքսիթը, BBC-ի լրագրողը ռեպորտաժ պատրաստեց հին ու բարի Անգլիայի խորքերում ապրող տատիկների մասին, որոնք ամբողջ կյանքում ոտքերը բացել են բացառապես հանուն Անգլիայի: Լրագրողն այդ սպիտակ տատիկներին հարցրել էրՙ «Դուք կո՞ղմ եք Եվրոմիության կազմից դուրս գալուն», նրանք էլ պատասխանել էինՙ «Այո, իհարկե»: Լրագրողը երկրորդ հարցն էր տվելՙ «Իսկ ինչո՞ւ»: Եւ տատիկներն ասել էինՙ «Որովհետեւ մենք ուզում ենք ամեն ինչ լինի այնպես, ինչպես առաջ էր»:

Ժողովուրդները սիրում են իրենց անցյալը: Կապ չունի այնտեղ իրենք տանջվե՞լ են, թե՞ տանջել, տիրե՞լ են, թե՞ տրվել: Ու քանի սա այսպես է, աշխարհում բոլոր մարդիկ նույնկերպ չեն մտածի, նույն հագուստը չեն կրի ու նույն հացը չեն ուտի: Իսկ սա հրաշալի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ