RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019



Տեղադրվել է` 2019-11-08 11:48:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3404, Տպվել է` 188, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀՆԱՑԱԾ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ինչ հիշում եմ ԳԱԱ թղթակից-անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանին ` նա պայքարում է գիտության ֆինանսավորումն ավելացնելու համար, անգամ այդպիսի անվանումով շարժում է հիմնադրել: Գիտության ֆինանսավորումն ավելացնելու համար նա պայքարել է վերջին մի քանի վարչապետների օրոք, նրա պայքարը լայնորեն լուսաբանել են, այդ թվում` ես: Տարբեր հետաքրքրական առաջարկներ անելով եւ միշտ խնդրի պահանջատերը լինելով`զարմանալի է, որ մինչեւ այժմ նա գիտության ֆինանսավորման այլընտրանքային նախագիծ չի մշակել: Որովհետեւ երբ բանը հասնում է գիտության ֆինանսավորման վերաբերյալ լայն քննարկումներին, ու վերեւներում միշտ ասում են` առաջարկներ չենք ստացել գիտնականներից` «ինչ-որքան» առաջարկների մի թուղթ լինի պատրաստի: Ու չնայած Արթուր Իշխանյանն ասում է, թե ոչինչ չարժե այն կառավարությունը, որին պետք է բացատրել գիտության կարեւորությունը, մենք գտնում ենք, որ արժե բացատրել միշտ, քանի որ գիտությունից հեռու կանգնած մարդիկ են սովորաբար գալիս իշխանության, իսկ նրանց կուսակից կամ ոչ կուսակից ոլորտային պատասխանատուները սովորաբար ռիսկ չեն անում նրանցից բան պահանջել::

Հիմաՙ ըստ էության: Այս հրապարակման շարժառիթ դարձան այս շաբաթ Ազգային ժողովում կազմակերպված «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները» լսումները, որոնց ավարտին ԱԺ գիտության , կրթության եւ մի շարք այլ ոլորտների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը խոստացավ հնչած առաջարկները տեղ հասցնել եւ միգուցե ռեալիզացնել բյուջեի քննարկման ժամանակ, եթե դրանք գիտնականները որպես առաջարկ ձեւավորեն, մանավանդ, որ ինքը եւս համարում է, թե գիտության թռիչքաձեւ զարգացման համար ֆինանսավորման ավելացում է պետք:

Խորհրդարանում աշխատելու մեր երկարամյա փորձը, սակայն, հուշում է, որ գիտնականների առաջարկները հարկ էր հաշվի առնել բյուջեի նախագիծը կազմելիս, իսկ դրաՙ լիագումար նիստւվ քննարկման նախօրենին հնչող խոսքը հերթական անգամ կմնա գոլորշի բաց թողնելու խողովակ միայն, քանի որ ԱԺ լիագումար նիստում հազիվ թե արդեն պատրաստ բյուջեի նախագծի որեւէ դրույթ էականորեն փոխվի: Սա պետք է հստակ իմանան նաեւ մեր գիտնականները, որոնցից ոչ մեկը բյուջեի` ֆինանսավորման մասով այլընտրանքային նախագիծ երբեւէ չի առաջարկել, հստակ ցույց տալով նաեւ ֆինանսավորման աղբյուրները: Ահա եւ կառավարություններն ու վարչապետները մանեւրել են`սովորաբար սուղ բյուջեի պարագայում մշտապես կսմթելով գիտությունից, բանավոր խոստումներ տալով ու խաբելով գիտնականներին: Միայն ինչ արժե երկու տարի առաջ երիտասարդ գիտնականների ծրագրերի` մինչ այդ գոյություն ունեցող բյուջեից դուրս ֆինանսավորման կրճատումը, կամ ավելի ստույգՙ գիտության ընդհանուր բյուջեում տեղավորումը Կարեն Կարապետյանի կառավարության կողմից, որը խփեց ընդհանուր ֆինանսավորմանը զգալի չափով (յոթ տոկոսով):

Է, ինչքան կուզես ասա`«Գիտությունը գտնվում է կոմայի մեջ եւ հստակ գնում է մահվան» (Ա. Իշխանյան), եթե գիտության ֆինանսավորման այլընտրանքային նախագիծ չի մշակվել եւ հանրային հասանելիության մի ռեսուրսում չի տեղադրվել, որ կառավարությունները չասեն` առաջարկ չեք ներկայացրել, մինչեւ կառավարության հետ աշխատելու նոր մոտեցում չորդեգրվի` կառավարությունները շարունակելու են Հայաստանում խաբս տալ գիտության ֆինանսավորման ավելացման պարտավորությունից, չեն հասկանալու, որ ՏՏ ոլորտը առաջնահերթություն հայտարարելով չէ միայն` այդ ոլորտի սնման աղբյուր մասնագիտություններն ու ենթաոլորտները եւս պետք է խթանել: Կամ հիմա էլ կառչելու են օպտիմալացում բառից, ինչպես նախորդները: Թե չէ պատկերավորել, թե կառավարությունն ու գիտությունը հակառակորդներ են եւ գտնվում են բարիկադի տարբեր կողմերում` միգուցե ականջի լսելիք որպես, իրոք, դիպուկ է, սակայն գիտության ֆինանսավորման եկող տարվա բյուջեն դույզն-ինչ չի ավելացնի: Այն կազմում է երկրի բյուջեի մեկ տոկոսից մի փոքր ավելին, մինչդեռ որպեսզի ինչ- որ տեղաշարժ լինի, գոնե բյուջեի երկու տոկոսով ֆինանսավորումը նվազագույնը պետք է լինի: Մանավանդ որ` գիտության ֆինանսավորման առյուծի բաժինը գիտնականների աշխատավարձերի վրա է ծախսվում, իսկ որեւէ գիտություն չի կարող առաջ գնալՙ առանց ենթակառուցվածքների վերաթարմացման, դրա համար գումար չի լինում սովորաբար: Եթե նայենք գիտնականների միջին աշխատավարձերին` դրանք նույնպես ողբալի են: Սարքավորումները հնացած են, լաբորատորիաների մեծ մասը` հին-խորհրդային, շենքերի զգալի մասը` երեսնամյա նորոգմամբ: Եթե հաշվի առնենք նաեւ իշխանությանը մոտ կանգնած մարդկանց քննադատությունը` ենթակառուցվածքային կոռուպցիայի առկայության մասին, պատկերը պարզ կլինի: Պետությունն ասում է` «արդյունք տվեք` փող տամ, գիտությունն ասում է` փող տվեք` արդյունք տամ» վիճակն է (պատգամավոր Ս. Բագրատյանի ձեւակերպումն է): Եթե նկատի ունենանք նաեւ, որ պետությունը որդեգրել է ինչ- որ բան կրճատելու հաշվին ոլորտային զարգացման ռազմավարություն, ապա գիտության մեջ անշարժ վիճակը դեռ երկար չի փոխվի: Ֆինանսավորման արդյունավետ մոդելների ընտրությունը եւս հրատապ է, վերջապես պետք է կողմնորոշվել` ծրագրային, թեմատի՞կ, թե՞ համատարած բարձր աշխատավարձի մոդելներով բավարար օգգ կապահովվի:

Ըստ Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ` գրեթե 30 տարի գիտության ֆինանսավորումն անփոփոխ է, այն կազմում է բյուջեի 1,2 տոկոսը: :

Ըստ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ` 2019 թ-ի թվերով գիտության ոլորտում 6056 աշխատակից կա, որից գիտաշխատող է 4950-ը, նրանց 28,2 տոկոսը 65 տարեկանից բարձր է, գիտական աստիճան ունի 2500-ը, դոկտորի գիտական աստիճանՙ 910-ը:

Սթափեցնող է քննարկման ընթացքում հնչած նաեւ այս վիճակագրությունը. գիտության մեջ ծանրակշիռ արդյունք ապահովող միջին տարիքի`35-50 տարեկան գիտնականները կազմում են ընդամենը 15 տոկոս: Մոտավոր հաշվարկներով` 25 հազար գիտնական արտերկրում է: Ընդհակառակը` բարձր է երիտասարդ եւ 65-ից բարձր տարիքի գիտնականների թիվը: Ինքնին խոսուն թվեր: Երիտասարդ ասպիրանտներին աճեցնում են` գիտական դպրոցների սերնդափոխությունն ապահովելու համար, իսկ նրանք, առաջին հաջողությունները գրանցելով, գնում եւ հարստացնում են այլ երկրների գիտությունը: Ահա եւ ստացվում է, որ առաջացած տարիքի գիտնականների` բնական ճանապարհով ազատած տեղը երկար թափուր է մնալու, որովհետեւ երիտասարդները դեռ այդ տեղը պատրաստ չեն գրավելու: Գիտական դպրոցներ ենք կորցնելու, իսկ գիտական դպրոցների կորուստը վերականգնելն ավելի ծախսատար է, քան դրանց պահպանման ֆինանսավորումը: Գիտության` շուրջ 12 միլիարդ դրամի բյուջետային ֆինանսավորումը բավարար չէ ոլորտի խնդիրների գոնե նվազագույն լուծում ապահովելու, եթե դրա կրկնապատիկը լիներ` գուցե եւ մի փոքր վիճակը կուղղվեր: Եւ ինչպես Ֆրանսիան ներկայացնող մի հայ գիտնական ասաց` խորհրդային ձեւերից էլ պետք է հրաժարվել հենց ֆինանսավորման մոդելներն ընտրելիս, դրանցով մրցունակ գիտություն ունենալ հնարավոր չէ: Իսկ մնացորդային` մի նվազագույն գումար գիտությանը գցելու մտայնությունն այսօր տորպեդահարում է ե՛ւ գիտությունը, ե՛ւ գիտահեն տնտեսությունը, գիտության այս ֆինանսավորմամբ նոր Հայաստանի տնտեսությանը նպաստող գիտություն հազիվ թե ունենանք:

Հրապարակումը համարեք «Ազգի» նպաստը` գիտության ֆինանսավորման խնդիրներին, բյուջետային քննարկումներից առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ