ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱՍԻՐՏԸ` ԺԻՐԱՅՐ ՄԱՐՏԻՐՈՍ ՊՈՅԱՃԵԱՆ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պգդ, պրոֆեսոր Հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հարուստ է ոչ միայն հերոսական շատ դրվագներով, այլեւ ազատամարտիկ-գործիչների անզուգական կոհորտայով: Այդ շարժման առաջին սերնդի ամենավառ ներկայացուցիչներից էր հասարակական-քաղաքական եւ կուսակցական գործիչ Ժիրայրը (Մարտիրոս Պոյաճեան 1856-1894թթ.), որ ոչինչ չխնայելովՙ իր հեղափոխական սերնդակիցների հետ պայքարի դաշտ նետվեց եւ ողջ գիտակցական կյանքն անմնացորդ նվիրաբերեց թուրքական բռնության ճիրաններից սեփական ժողովրդին ազատելու հիմնախնդիրը լուծելու: Ժիրայրի հերոսական գործունեության լուսաբանմանն է նվիրված մի քանի շահեկան մենագրությունների հեղինակ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Եղիկ Ճերեճյանի նույնանուն աշխատությունը: Հեղինակ, որ արխիվներում, hուշագրություններում ու մամուլում սփռված փաստերի հյուլեներից ամբողջական կտավներ է հյուսել, Ե. Չարենցից փոխառնված «հրասիրտներ» բնորոշմամբ ընթերցողին պարգեւել «Մեծն Մուրադ», «Ս. Վահագն», «Պանդուխտ», հիմա էլ` «Ժիրայր»: Հեղինակը բաեխիղճ հետազոտողին վայել համառութամբ կարողացել է ամենափոքր ու աննշան թվացող մանրամասնությունները դուրս բերել պատմության փոշածածկից եւ հասարակությանն արդեն իսկ ծանոթ Ժիրայր հեղափոխականին հանրությանը ներկայացնել նոր լույսի ներքո: Նա անվարան կերպով եւ համոզված վստահությամբ Ժիրայրի կենսագրությունը ներկայացրել է նորովի, հարստացրել այն նոր փաստերով, նրա կերպարը ձերբազատել մի շարք կարծրատիպերից, առաջ քաշել ու ապացուցել միանգամայն նոր վարկածներ: Չարքաշ ու աշխատասեր, ավանդապաշտ, դպրոցասեր ու եկեղեցասեր, ազատատենչ ու պայքարող հաճընցու ընտանիքում ծնված ու մեծացած Մարտիրոսն արդեն Ժիրայր ծածկանունով 20 տարեկանում հեռանում է հայրենի օջախից եւ իրեն առհավետ նվիրում սեփական ժողովրդին կրթության, դարավոր ընդարմացումից ու ստրկական հոգեկերտվածքից դուրս բերելու եւ ազատության համար պայքարի սրբազան գործին: Տակավին երիտասարդության սեմին,- նշում է հեղինակը,- Ժիրայրը «լաւապէս կ ըմռնէ ժամանակի ոգին ու պահանջքը» եւ ժամանակակիցներից շատ առաջ համոզվում է, որ հայ ժողովուրդը պիտի թեւակոխեր որակական նոր` ազգային-ազատագրական պայքարի հանգրվանը: Որ այդ դժվարին պայքարի համար կենսականորեն անհրաժեշտ կլիներ «միտքով, հոգիով եւ մարմնով պատրաստ երիտասարդութիւն մը», որը ձեւավորելու համար միակ դարբնոցը հայ դպրոցը կարող էր լինել եւ իրեն «Էապէս եւ անմնացորդ կը նուիրէ իր այդ հաւատամքին կենսագործման»: Որպեսզի օսմանյան միջնադարյան բռնապետության դեմ ըմբոստացումը հասունանար, Ժիրայրի կարծիքով նախ հարկավոր էր, որ այդ գործընթացը տեղի ունենար մարդկանց գիտակցության մեջ: Հետո էլ, ավելի քան անհրաժեշտ էր պայքարի ընթացքում միասնական ու միակամ լինել, իրար ներող, հանդուրժող ու օգնող: Մի շատ հետաքրքիր ու պատմականորեն արդարացված տեսակետ է արտահայտում Ժիրայրը: Նա համոզված էր, որ հայ ժողովրդի «պատմական եւ բնական «հայրենիքին» սահմանները պետք է փնտռել Կիլիկիայէն հեռու, «Արարատեան դաշտին մէջ»: Սակայն եթե միասնական լինենք, պարզաբանում էր նա, վստահ կարող ենք լինել, որ «Կիլիկիոյ հովիտներուն մէջ էլ պիտի կրնանք բարգաւաճիլ եւ երջանիկ ըլլալ»: Ազգի ճակատագրով ապրող եւ շարունակ նրա ազատագրման ուղիներ փնտրող գործիչը 1876 թ. հունիսին սկսում է լույս ընծայել հայատառ թուրքերեն «Ըշըգ» («Լույս») խմորատիպ թերթը, որի նպատակն էր սեփական ուժերի նկատմամբ ժողովրդի մոտ վստահությունն ամրապնդել եւ հրաժարվել գերմարդկային ուժերի նկատմամբ սին հույսեր փայփայելուց: Իր այս համոզումները Ժիրայրը քարոզում էր «ծածկել կրօնական լոզունգներու ետին»: Ի դեպ, որպեսզի խույս տար թուրքական իշխանությունների հետապնդումներից, այս մեթոդը հետագայում եւս խելացի գործիչը բազմիցս կիրառում էր: Ժիրայրի կյանքի երկրորդ շրջանի սկիզբը Ե. Ճերեճյանը համարում է այն իրողությունը, երբ նա դուրս եկավ Հաճընից եւ թափառականի ցուպը ձեռքին, անձնական նվիրվածությամբ փարեց հայ ժողովրդի ազատագրության գործին` իր հավատո հանգանակը, «գաղափարի, ուխտի ու զգացումի Ալֆան ու Օմեգան» դարձնելով «մահ կամ ազատութիւն» ձեւակերպումը: 1876-1890թթ. ընթացքում խիստ գաղտնապահ, զգուշանալով «հրապարակային հրապարակումներէ» եւ տարբեր ծածկանուններ օգտագործելով Ժիրայրը շրջում էր Հայաստանի տարբեր բնակավայրերով եւ զբաղվում կազմակերպվելու, համախմբվելու եւ ազատության համար պայքարելու քարոզչությամբ: Իսկ որպես գործնական քայլ 1877 թ. Երզնկայում կազմում է ֆիդայական երկու խումբ, որոնք առաջիններն էին նրա կյանքում: Դրանց հետագայում հաջորդում են նաեւ ուրիշները եւ շրջելով գյուղից գյուղ «համարձակութիւնը կունենայ հրդեհել բոլոր գիւղ ու քաղաք, շէն ու աւան ազատութեան կայծովն ու խայծով»: Իրատես եւ խորաթափանց գործիչը 1878թ. պատերազմից եւ Բեռլինի վեհաժողովից հետո ճիշտ ըմբռնելով XIX դարի քաղաքական բարոյականությունը` «ես ապստամբում եմ, ուրեմն ես կամ» եւ կարողանալով կանխազգալ իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը, հանգում է այն եզրակացության, որ զենքի դիմելն ու «սեփական ուժերով ինքնապաշտպանուիլը անհրաժեշտութիւն մըն է»: Միանգամայն բնական էր, որ 1880-1882 թթ. Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող վայրագություններին որպես հակազդեցություն թափ հավաքող ֆիդայական շարժման առաջավոր բնագծերում ժողովրդին «բանիւ եւ գործով» հեղափոխականացնող Ժիրայրը կապեր ունենար «Սեւ խաչ», «Պաշտպան Հայրենեաց» գաղտնի կազմակերպությունների հետ եւ անդամագրվեր աստիճանաբար Երկիր մուտք գործող Հնչակյան կուսակցությանը. «Շիտակ է, վկայակոչելով մի հրապարակում, գրում է Ե. Ճերեճեանը, թէ ինքնապաշտպանութեան խմորումը առաջին անգամ Վանի մէջ տեղի ունեցաւ շնորհիւ (Խրիմեան) Հայրիկի եւ (Մկրտիչ) Փորթուգալեանի, սակայն կար ուրիշ անձնաւորութիւն մը, որուն գործունեութիւնը այնքան խորհրդաւոր ու գաղտնի կերպով տեղի կ ունենար, որ մինչեւ Եօզղատի մէջ իր կախաղան ելլելը` անծանօթ մնացած է հայութեան: Այս անձը Մարտիրոս Պօյաճեանն էր, Ժիրայրը, երէց եղբայրը հաճընցի Համբարձում Պօյաճեանին, Սասունի հերոսին, Մուրատին»: Ժիրայրը հետիոտն շրջում էր Զեյթունի տարբեր գյուղերում, լինում է Տիգրանակերտում, ապա որոշ ժամանակ հաստատվում Երզնկայում եւ սկսում քարոզել, համոզել, հրահանգել, կազմակերպել եւ քաջացնել ժողովրդին. «ահա՛ յեղափոխութեան ուսուցիչ Ժիրայրի Աւետարանը»,-գրում է Ե. Ճերեճյանը: Այնուհետեւ լինում է Կ.Պոլսում եւ մարդկանց համոզում, որպեսզի «Միացեալ Ընկերութիւն Հայոցի» կրթական ծրագրերում մարմնամարզությունը դառնա պարտադիր դասաժամ, որի «քօղին տակ, զգուշաւոր ձեւով, տղոց պիտի տրուէին զինավարժական տարրական գիտելիքներ»: Իսկ որպեսզի իր աշակերտներին վարժեցներ դարերի «գերութեան արդիւնք հայու վախկոտութիւնը իսպառ դուրս շպրտելու», Ժիրայրը բարձր դասարանցիների հետ հերձում էր տարբեր կենդանիների եւ ցույց տալիս, թե որ օրգանն ինչ ֆունկցիա է կատարում: Ավելին, գիշերով նրանք գերեզմանից նորաթաղ դիեր էին հանում եւ այդ նույն ուսուցման եւ անվախության դասեր առնում մարկային մարմնի վրա: Քանի որ նա ավելի քան համոզված էր, որ հայ ժողովրդի ազատագրության «ճամբան ապահովող միակ ճամբան դպրոցը պիտի հանդիսանար, ծոցէն դուրս տալով գիտակից տարրեր»: Ժիրայրը լավ էր հասկանում, որ հայ ազգային-ազատագրական պայքարի կարեւոր խոչնդոտը կիսավայրենի, ընչաքաղց ու մակաբույծ քրդերն էին: Նա հակված էր կարծելու, որ դրանք «վայրենացած հայեր են», որոնց հետ ձգտում էր ոչ միայն բարիդրացիական հարաբերություններ հաստատել, այլեւ համագործակցել ընդդեմ ընդհանուր թշնամու` թուրքի: Խելացի եւ հեռատես գործիչը կարեւոր մի ներդրում էլ ունեցավ հայ ազատագրական շարժման մեջ: Ավանդապաշտ Կիլիկիայում, որտեղ երկսեռ դպրոցի գաղափարն անգամ ընդունելի չէր, Ժիրայրի երկսեռ զինավարժական խումբ կազմեց, որը արմատական «յեղաշրջում մըն էր տիրող մտածելակեպէն ներս»: Ծանոթանալով ծրագրին ու նպատակներին, Ժիրայրը 1890 թ. անդամագրվում է նորաստեղ Հնչակյան կուսակցությանը, երդվում մինչեւ վերջին շունչը ծառայել եւ հավատարիմ մնալ դրան: Կյանքի այս փուլում ազգանվեր գործիչի «մօտ աւելի լայն տեղ կը բռնեն զինեալ պայքարի աշխատանքները»: Նա ֆիդայական խմբեր է ստեղծում, կազմակերպում է զենքի ու զինամթերքի փոխադրություն, պատժում լրտեսներին եւ մատնիչներին: Ամենուրեք ժողովուրդը նրան գրկաբաց էր ընդունում, լսում, ենթարկվում, սակայն նա միշտ մնաց պարկեշտ, գոհունակ, ընդհանուրի մասին մտածող, «բարեբարոյ, ամենաազնիւ, բարեխիղճ եւ բարեմիտ»: Միաժամանակ նա կարողանում էր ճիշտ ժամանակին զգալ վտանգը եւ խուսափել դրանից: Օրինակ հայտնի «Եաֆթաների» (թռուցիկներ) գործով դատավարության ընթացքում ավելի քան 70 անգամ հնչում է նրա անունը, բայց նա ոչ միայն մնում է չհայտնաբերված, այլեւ հատուկ խմբով ահաբեկում է շատ մատնիչ-լրտեսների: Փորձելով տարածաշրջանի հայությանը ծայր առած զանգվածային ձերբակալություններից եւ անմեղ մարդկանց անտանելի խոշտանգումներից փրկել, «իմ անձս` բանտարկեա եւ ծեծերու տակ տուայտող ցեղակիցներուս փրկութեան համար զոհելու»1894 թ. մարտի 8-ին Ժիրայրը հանձնվում է իշխանություններին: Վերջիններս «կայծակնային արագությամբ» (15 օրում) նրա նկատմամբ մահվան դատավճիռ են կայացնում: Այսպես ավարտվեց աննկուն մարտիկի հերոսական կյանքը: Հեղափոխության սերմնացանը միշտ հավատարիմ էր մնացել իր երդմանը, երբեք հետքայլ չէր արել ու թեեւ տարիների գաղտնի գործելու հսկայական փորձի շնորհիվ հնարավորություն ուներ թաքնվել եւ խուսափել դրանից, սակայն նույնպիսի համոզվածությամբ գնացել էր մահվանն ընդառաջ: Ազգային հերոսին նվիրված հաջողված այս աշխատությունը հեղինակը միանգամայն պատշաճ կերպով է ավարտում` հղելով ազատագրական պայքարի ռահվիրաններից Միհրան Տամատյանի խոսքն իր հերոսի մասին. «Կիլիկիոյ եւ Փոքր Հայքի մէջ տեղ մը չկար, ուր Ժիրայր ցանած չըլլար յեղափոխութեան սերմերը..., յեղափոխութեան փառապսակը ուրիշ որեւէ մէկէ մը աւելի Ժիրայրինն է, անժխտելիօրէն: ...Անիկա հայ յեղափոխութեան առասպելական դէմքերէն մին եղած է...»: Թուրքական իշխանությունների կողմից մշտապես հետապնդվող, ազատագրական պայքարի մարտիկն ու կուսակցական գործիչը խորունկ հավատով եւ անմնացորդ նվիրումով, հպարտ եւ «վեհերոտ կարծուելու չափ համեստ», իր ողջ կյանքը նվիրաբերեց սեփական ժողովրդի փրկության սրբազան գործին` դառնալով հայ իրականության մեջ այն ոչ փոքրաթիվ հերոսներից, որոնք թե՛ կենդանության ժամանակ գնահատվեցին ու մեծարվեցին, թե՛ մահից հետո: Նրան սիրեցին ազատագրական պայքարի հավատավորներից շատերը: Նրա կյանքը ուսանելի շատ կողմեր ունի, դրանով սերունդներ են դաստիարակվել: Իսկ մեր օրերում, երբ մատաղ սերնդին իրական հերոսներ են անհրաժեշտ, երբ ազգիս նետված են շատ մարտահրավերներ, դրանց դիմակայելու համար այսպիսի աշխատությունները թե՛ գիտական, թե՛ կիրառական տեսակետից խիստ անհրաժեշտ են: Հարգարժան դոկտորի փաստական ընդգրկուն հենքով այս մենագրությունը, որ հարգանքի տուրք է ու գրավոր հուշարձան քաջարի ազատամարտիկի հիշատակին, միանգամայն ժամանակին է, իսկ խոսքը համոզիչ է եւ եզրակացություններով հարուստ: Հայրենիքին ու իր ժողովրդին ողջ կյանքը նվիրաբերած հերոս, որն իր սերնդակից շատերի նման զենք վերցրեց ու անհավասար մարտի նետվեցՙ «ապահովելու համար յետագայ սերունդներուն խաղաղ գոյերթը»: Թեեւ աշխատությունն ունի նաեւ որոշ բացթողումներ` երբեմն հարցերն ու հարցականներն ավելի շատ են, քան գտնված պատասխանները, կենսագրական տվյալները անհամեմատ գերազանցում են տեսական, գաղափարական վերլուծություններին, բուն հիմնախնդրից անհարկի որոշ շեղումներ կան եւ այլն, սակայն դրանք չեն ստվերում կատարված լուրջ, քննախույզ հետազոտական աշխատանքը, որը միանգամայն արժանի է դրվատանքի ու բարձր գնահատանքի: Լիովին վստահ ենք, որ այս շնորհակալ աշխատանքն անկասկած կլրացնի ֆիդայական պայքարի մասին հաջողված ուսումնասիրությունների շարքը: Ավարտելով` ցանկանում եմ հեղինակ-բարեկամիս մաղթել, որ մոտ ապագայում հրասիրտների շարքը համալրվի նոր ուսումնասիրություններով, որոնք խիստ կարեւոր են մեր պատմության սպիտակ էջերը պարզաբանելու, ինչպես նաեւ սերունդներ դաստիարակելու ազգաշահ գործի համար: sargsyansuren@yandex.ru |