RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2818, Տպվել է` 185, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ինչո՞վ են վտանգավոր կորոնավիրուսները

Չինաստանում ներկայումս տարածված վիրուսը պատկանում է կորոնավիրուսների այն խմբին, որոնք անցյալում առաջացրել են համաճարակներ, օրինակՙ «անսովոր թոքաբորբ» անունով հայտնի ծանր շնչառական համախտանիշ Sars-ը 2003 թվականին, ինչպես նաեւ մերձավորարեւելյան շնչառական համախտանիշ Mers-ը 2012 թվականին: Դրանցից առաջինի դեպքում մահացավ բոլոր վարակակիրների 9 տոկոսը, իսկ երկրորդ համաճարակի պայմաններումՙ բոլոր հիվանդների 35 տոկոսը:

Sars-ի, Mers-ի եւ 2019-nCoV կորոնավիրուսի փոխանցողները, ինչպես ենթադրվում է, եղել են ոչ թե մարդիկ այլ կենդանիներ: Վերջիններս մարդկանց համար վտանգավոր շատ վիրուսների կրողներ են, բայց նրանցից մարդու վարակվելու դեպքերը բարեբախտաբար սակավաթիվ են: Ամենից հաճախ գոյություն ունի այսպես կոչված տեսակային պատնեշ, եւ վիրուսի համար այն սովորաբար անհաղթահարելի է:

Բայց եթե ինչ-որ մեկի իմունիտետը թուլացած է կամ գոյություն ունի որեւէ գործոն, որը նպաստում է վիրուսի փոխանցմանը կենդանուց մարդուն, կարող է տեղի ունենալ վարակման այդ հազվագյուտ դեպքը, ասում է Ուորիքյան համալսարանի գիտնական Էնդրյու Իստոնը:

Վտանգը ամենից հաճախ կապված է վիրուսի փոխակերպման հետ: Որպես կանոն, վիրուսը պետք է որոշակի ձեւով փոխվի, որպեսզի կարողանա ապրել եւ աճել նոր, անսովոր միջավայրում: Պետք է հիշել, որ վտանգավոր են ոչ բոլոր կորոնովիրուսները. մարդը առօրյա կյանքում բախվում է նվազ վտանգավոր տարատեսակներին: Բայց մի տեսակից մյուսին փոխանցվողները առավել մեծ վտանգ են ներկայացնում, նշում է BBC-ն: Այդ դեպքում դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

Վիրուսները, այդ թվում կորոնավիրուսները, բավական արագ են փոխակերպվում: Դա նշանակում էՙ նրանք կարող են արագորեն տարածվել մարդկանց միջավայրում, հետեւաբար կարճ ժամկանակամիջոցում նրանք կարող են ընդգրկել շատ ընդարձակ տարածքներ: Դա մասնավորապես վերաբերում է Չինասատանում ներկայումս տարածված կորոնավիրուսին: Եթե դրանով վարակվում է թուլացած իմունիտետով մարդը, պատճառը կարող է լինել այն, որ նա արդեն ունի իրեն ավելի խոցելի դարձրած հիվանդություն: Ըստ որում, առողջ մարդը կարող է եւ չվարակվել:

Վատն այն է, որ վիրուսի տարածումը միշտ չէ, որ հնարավոր է կանգնեցնել դեղերի միջոցով: Հակավիրուսային պատրաստուկների արդյունավետությունը շատ ցածր է: Արդյունավետ միջոցներ կարելի է համարել, օրինակՙ ձեռք լվանալը եւ բժշկական դիմակ կրելը: Շատ կարեւոր է վարակակիրներին հնարավորինս շուտ հայտնաբերելը, որպեսզի հնարավոր լինի օգնել նրանց եւ կանխել վարակի հետագա տարածումը, ասում է Էնդրյու Իստոնը:

Sars եւ Mers վիրուսների բացահայտումներից հետո միջազգային մակարդակով մի շարք միջոցներ ձեռնարկվեցին հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում անցել է 79 հազարից, զոհերի թիվը հասնում է 2600-ի, հաղորդում է RT գործակալությունը:

Անցյալ շաբաթավերջին Իտալիայի հյուսիսում, մասնավորապես Լոմբարդիայում, արձանագրվեցին կորոնովիրուսով վարակվելու դեպքեր: Որոշ քաղաքներում կարանտին է հաստատվել, մի շարք բնակավայրերում չեղյալ են հայտարարվել բազմամարդ միջոցառումները:

Վենետիկի իշխանությունները որոշեցին ընդհատել ամենամյա ավանդական կառնավալը, Միլանում փակվել է «Լա Սկալա» օպերային թատրոնը, իսկ մոդելիեր Ջորջիո Արմանին Միլանի նորաձեւության շաբաթվա ցուցադրության շրջանակներում իր վերջին հավաքածուն ներկայացրեց դատարկ դահլիճում:

Առայժմ հայտնի չէ, թե Իտալիայում ինչպես է բռնկել այդ վարակը, բայց այն արդեն դարձել է խոշորագույնը Եվրոպայում: Անցյալ շաբաթավերջին Իտալիան վարակակիրների թվով հայտվեց աշխարհում չորրորդ տեղումՙ զիջելով միայն Չինաստանին, Հարավային Կորեային եւ Ճապոնիային:

Իտալիայում Լոմբարդիայի իշխանությունները փակել են բոլոր ուսումնական հաստատությունները, ներառյալ բուհերը: Ավստրիան անորոշ ժամկետով դադարեցրել է երթեւեկությունը դեպի Իտալիա եւ հակառակ ուղղությամբ:

Հորդանանի իշխանությունները արգելել են Հարավային Կորեայից, Չինաստանից եւ Իրանից եկողների մուտքը, բացառությամբ սեփական քաղաքացիների: Վերջիններս կենթարկվեն երկշաբաթյա կարանտինի: Հարավային Կորեայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կարանտինի են ենթարկել 8 հազար զինծառայողների: Այդ որոշումն ընդունվել է 11 զինվորականների վարակվելուց հետո:

Իրանի հետ Հայաստանի ցամաքային հաղորդակցությունը ժամանակվորապես դադարեցված է: Այդ մասին փետրվարի 24-ին Facebook-ում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջեւ բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, բայց վարորդների նկատմամբ կկիրառվի վերահսկողության հատուկ ռեժիմ: Այդ միջոցները ձեռնարկվել են Իրանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով:

Տաջիկստանը, Օմանը եւ Վրաստանը դադարեցրել են օդային հաղորդակցությունը Իրանի հետ: Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանային երկու անցակետերը Նովրուզի ամենամյա ուխտագնացությունից առաջ:

Այդուհանդերձ, Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Խանխուեյը փետրվարի 24-ին հայտնել է, որ չին գիտնականներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ, որը նախնական փորձարկումների ժամանակ ցուցադրել է իր արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման հարցում, սակայն դեռ անհրաժեշտ են լրամշակումներ: «Մեր գիտնականներն արդեն տվել են կորոնավիրուսի եռաչափ նկարագրությունը: Դա շատ լավ հիմք է պատվաստանյութի մշակման համար, Չինաստանում արդեն մշակել են վարակամերժություն ցուցադրող պատվաստանյութ», չին դիվանագետի խոսքերը վկայակոչում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դիվանագետը նաեւ վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս համաճարակը կավարտվի: «Ես կարծում եմ, որ, համաճարակի կենտրոնից բացի, մյուս նահանգներում իրավիճակը կկարգավորվի մինչեւ ամսվա վերջը: Նահանգների եւ քաղաքների մեծ մասում արդեն 18 օր նկատվում է նվազման միտում», հայտարարել է դեսպանը եւ Մոսկվային երախտագիտություն հայտնել աջակցության համար:

Եվրոմիության ճգնաժամային կառավարման հարցերի գծով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ Եվրոմիությունը լրացուցիչ կարգով 230 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարին:

Չին գիտնականները ենթադրում են, որ արդեն 2019 թվականի նոյեմբերից նոր կորոնավիրուսը սկսել է փոխանցվել մարդուց մարդուն: Չինաստանի գիտությունների ակադեմիային առընթեր բուսաբանական այգու գիտնականները հայտարարել են, որ հենց այդ ճանապարհով է վիրուսը հայտնվել Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ