RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1926, Տպվել է` 173, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԵԼՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Որեւէ երկրի տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունի այլընտրանքային էներգետիկ աղբյուրների եւ էներգախնայողության ճկուն եւ հստակ քաղաքականություն իրականացնելը: Այս ուղղությամբ աշխարհի տարբեր երկրներում կատարվում են հսկայածավալ աշխատանքներ` օրենսդրական դաշտի ստեղծում, հարկային արտոնություններ, ուսումնական դասընթացներ եւ այլն:

Հայաստանում գազի գնի հնարավոր թանկացման հետեւանքով կարող են առաջանալ տարբեր ապրանքների, այդ թվում էլեկտրական էներգիայի սակագնի որոշ աճ: Չպետք է մոռանալ, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի մոտ մեկ երրորդ մասն արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում`Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ-երում:

Յուրաքանչյուր տարի աշխարհում էներգետիկ նպատակներով օգտագործվում է ավելի քան 14 միլիարդ տոննա պայմանական վառելիք: Աշխարհի բնակչությունը օրեցօր ավելանում է: Հետեւաբար, երկրի բնակչությունն աստիճանաբար ավելի սուր ձեւով կզգա էներգիայի նոր աղբյուրների անհրաժեշտությունը: Մեզ մոտ վերը նշված երկու ուղղությունների գծով տարվում են որոշակի աշխատանքներ: Օրինակ, չնայած փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման մեծ արագությանը, այնտեղ հիմնականում օգտագործվել եւ շարունակում են օգտագործվել հին սարքավորումներ` խողովակներ եւ այլն: Այս դեպքում նրանց աշխատանքի արդյունավետությունը էականորեն նվազում է: Անհրաժեշտ է մշակել գիտականորեն հիմնավորված նոր քաղաքականություն:

Էներգախնայողության համար գոյություն ունի համապատասխան օրենք: Այն վերանայման կարիք ունի: Էներգախնայողություն ասելով չպիտի հասկանալ միայն ԼԵԴ լամպերի օգտագործում: Այն տարողունակ հասկացություն է: Անհրաժեշտ է տեխնիկական բուհերից մեկում եւ քոլեջներում պատրաստել վերը նշված բնագավառների համար մասնագետներ: Խոշոր քաղաքներում ստեղծել համապատասխան հաստիք: Այն հնարավորություն կտա քաղաքաշինության ոլորտում օգտվել այդ ծառայություններից: Զանգվածային լրատվամիջոցներն նույնպես իրենց չափով պիտի նպաստեն այս հարցի մասսայականացմանը:

Հայաստանում գոյություն ունեցող շենքերի մեծ մասը կառուցվել են խորհրդային ժամանակներում առանց էներգախնայողության բաղադրիչը հաշվի առնելու: Այդ շենքերից շատերը գտնվում են քայքայված վիճակում: Էներգիայի սպառումը մինչեւ հինգ անգամ բարձր է ստացվում, նման պայմաններում: Նախնական գնահատումների համաձայն, շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով ջեռուցման համար նախատեսված էներգասպառումը հնարավոր է կրճատել մինչեւ 40%-ով: Նորակառույցները, որոնք կազմում են շենքերի շուրջ 10 տոկոսը, մասնավոր են եւ հաճախ կառուցվում են սահմանափակ միջոցներով: Շենքերի ջեռուցումը, հովացումը եւ տարբեր սարքավորումների օգտագործումը էներգիայի ամենամեծ սպառիչներն են համարվում:

Մեր երկիրը վերելքի ուղի է ընտրել: Առանց վերը նշված հարցերի մանրակրկիտ ուսումնասիրության եւ կիրառման կկանգնենք լուրջ խնդիրների լուծման առջեւ: Որպեսզի բնական գազի գնի հետագա ավելացումները մեր տնտեսության վրա վճռորոշ դերակատարություն չունենան, առաջարկում եմ ստեղծել հասարակական կարգով գործող մշտական անկախ հանձնաժողով: Նախապես կանխատեսել սպասվող բոլոր մարտահրավերները, գտնել հնարավոր ուղիները եւ դրանք դարձնել իրականություն: Օրինակ, ՀՀ-ի բոլոր բնակավայրերի, ինչպես նաեւ խոշոր ձեռնարկությունների համար ստեղծել էներգետիկական անձնագիր եւ այլն: Էներգախնայողական տեխնոլոգիաներ կիրառող հիմնարկ ձեռնարկություններին տալ հարկային որոշ արտոնություններ, արտոնյալ վարկեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ