ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՄԵՐԿԵԼՆ Է ՎԵՐՍՏԵՂԾՈՒՄ ԵՎՐՈՊԱՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Հուլիսի 1-ին ԳԴՀ 6 ամսով ստանձնում է Եվրոխորհրդի նախագահությունը: Հունիսի 18-ին Բունդեսթագում գումարված նիստում ԳԴՀ կանցլեր Մերկելը, ինչպես նաեւ խմբակցությունների ղեկավարներ ու պատգամավորներ ուրվագծեցին այն առաջնահերթությունները, որ ակնկալում են նախագահության ընթացքում: «Կորոնայի համավարակը ցույց տվեց, թե որքան դյուրաբեկ է ԵՄ, որքան խոցելի», ասաց ԳԴՀ կանցլերը: «Համերաշխությունն ու միասնականությունը երբեւէ այսքան կարեւոր չեն եղել Եվրոպայում, որքան այսօր, այս է լինելու ԳԴՀ նախագահության առաջնորդող սկզբունքը»: Եվրոպան պետք է առավել մեծ, գլոբալ պատասխանատվություն ստանձնի, ասաց Մերկելը: Այս համատեքստում շեշտեց Աֆրիկա, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան ուղղությունները: ՌԴ-ի վերաբերյալ Մերկելը դեռ մայիսին ասել էր, թե նախագահության ժամանակ Ռուսաստանը «զբաղեցնելու» է իրենց ուշադրությունը, ընդգծելով երկխոսության հիմնարար ըմբռնումը միջազգային հարաբերություններումՙ «ուժեղի իրավունքի փոխարեն իրավունքի ուժն է» լինելու գերակա: |