ԱՐԹՆԱՆԱԼ Է ՊԵՏՔ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի հանրության քաղաքականապես ակտիվ հատվածը խորը ներքաղաքական տուրեւառի մեջ է ընկղմված, ընդդիմադիր հատվածը դեռ կոնսենսուս չունիՙ մասնակցելո՞ւ է հնարավոր արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ, եթե դա կազմակերպի իշխանությունը, ընդհանրապեսՙ կոնսենսուս չունի՞, թե՞ ով-ում հետ կգնա ընտրության, ովՙ մենակ կգնա, քաղաքական շրջանակների թիվ մեկ քննարկման հարցը հիմա դա է: Ռոբերտ Քոչարյանի հնարավոր մասնակցությունը հնարավոր ընտրություններին պարզ դիմակայության սխեմա է ստեղծելուՙ գունապնակի այլ գույների համար տեղ չթողնելով եւ ընտրազանգվածին էլ բաժանելով իրար ատող սեգմենտներիՙ իր հետեւանքներով հանդերձ: Իշխանությունը, ռազմագերիներին վերադարձնելու եւ բանակցությունների համազոր նշաձող չապահովելով հանդերձՙ կարծես ընտրությունների գաղափարը մոտակայից ավելի է հեռացնում այնուամենայնիվ, հասարակության ապատիայից օգտվելով: Համենայնդեպսՙ այդպիսի տպավորություն կաՙ եթե նայում ենք Ազգային ժողովում արագ-արագ ընդունվող օրենքների բովանդակությունը, դրանք իշխանության մոտակա խնդիրների լուծմանն են ուղղված, օրինակ վերջին դեպքում, երբ դատական օրենսգրքի փոփոխությամբ դատավորների նոր խումբ է ստեղծվելու, որը միայն կզբաղվի խափանման միջոց որոշելով: Եթե նկատի առնենք, որ շատ անձանց խափանման միջոց կալանքը դատարանները վերջին շրջանում չեղյալ էին անում, ապա հասկանալի կլինի ենթատեքստը: Մնացած հայերը դեռ դուրս չեն եկել պատերազմի կոլապսից, վերլուծող հատվածը, սովորաբար քաղաքական հակոտնյա ազդեցությունների տակ, կետային խնդիրների վրա է կենտրոնացած: Բոլորն ինչ-որ բանով զբաղված են Հայաստանում այնուամենայնիվՙ հարձակվելով, պաշտպանվելով, ոնչնչացնելով եւ ոչնչանալով: Այն աստիճանի են զբաղված, որ չի գտնվում ազդեցություն ունեցող այն շերտը, որը լայն հայացք կգցի դուրսուներսում կատարվողին եւ ըստ էության կտեսնի տարածաշրջանային խաղացողների ընդհանուր նպատակներըՙ մեզ վրա կիրառվող ամենատարբեր գործիքները հաշվի առնելու համատեքստով: Գիտեք որ կետային տեսողությունը միշտ խանգարում է համապատկերը նկատելուն: Ահա, օրինակ, մեր երկու թշնամիները միացյալ, հարձակողական բովանդակությամբ զորավարժություններ են անում հայերիս համար շատ խորհրդանշական վայրում, Կարսում, հիշեցնենքՙ Կարս բերդաքաղաքն առանց կռվի 1920 թվականին ռուս-թուրքական պայմանագրով է հանձնվել թուրքերին, ինչպես, ի դեպՙ Շուշի բերդաքաղաքը դրանից 100 տարի հետո, 2020 թվականին: Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ վերլուծությունները մի պարզունակ բանավեճի մեջ են, թե արդյոք դրանք Հայաստանի համար պատերազմի վտանգ ունեն, թե ոչ: Դիցուք , թե այս պահին չունեն, չնայած հարցնող լինիՙ հապա ո՞ւմ է ուղղված զորավարժությունների հարձակողական բնույթը, եթե ոչ Հայաստանին: Բայց եթե այս զորավարժությունների մնացած ուղերձները վերլուծենքՙ կհասկանանք, թե ինչու Հայաստանը պատրաստ չէր պատերազմի անցած տարվա թուրք-ադրբեջանական ամառային զորավարժություններից հետո, եւ պատրաստ չի լինելու դեռ երկար ժամանակ: Պատրաստ չի լինելու անգամ դիվանագիտական պատերազմի, քանի որ թուրքական գործողությունները պլանավորվում են տասնամյակների կտրվածքով, իսկ մենք անգամ ներկա պահին մեր արտաքին օրակարգը չենք ձեւակերպել, ու մեր տարածքների վերաբերյալ, ինչպես 100 տարի առաջ, որոշումները կայացնում են այլ պետություններ ու մեկ գիշերում: Մենք սպասում ենք, մինչեւ թշնամին հարձակվի, հետո հայտնաբերում ենք, որ մեր ունեցած զենքը ժամանակակից չէ, եղածն անգամ լիարժեք չի աշխատում, ու պարտվելուց հետո մեղքի ու մեղավորների իրական քննությունն անելու, զենքի գնման գործընթացում տասնյակ միլիոնավոր դոլարների յուրացումները բացահայտելու, դրանք հետ բերելու եւ ժամանակակից զենք գնելու փոխարենՙ բացահայտման իմիտացիաներով փորձում ենք հանրությանը կրկին խաբել (պատրոն Դավիթին ներկայացվող խեղճուկրակ մեղադրանքն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել): Է, խաբեք, ինչքան պիտի խաբեք, մինչեւ մյուս հարձակում, երբ էլի կպարզվի, որ մենք զենք չունենք մեզ պաշտպանելու համար: Զինված չենք նաեւ մեր ունեցած պատմական-իրավական փաստաթղթերի ընձեռած իմունիտետով, քանի որ իմունիտետը ձեռք է բերվում այդպիսի նպատակ դնելով, պատրաստվելով, ամեն ոտնձգությանն ի պատասխան հակադրվելու իրավական-միջազգային պատրաստի գործիքակազմ ունենալով: Մեր պատմաբանները, դիվանագետները, միջազգային իրավունքի մասնագետները սպասում են հարցազրույցի, որ միտք հայտնեն այսուայն հարցի վերաբերյալ, նրանք նախաձեռնություններ չունեն, փառք Աստծո դեռ, որ պետությունն ի վերջո ՄԻԵԴ դիմեց Ադրբեջանի դեմ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ գանգատով: Բայց ընդհանուր առմամբ առանց միջազգային գրանտի, առանց շահի, զուտ երկրի ճակատագրի մտահոգությամբ նախաձեռնելուն անսովոր, ակադեմիական ինստիտուտներում լռված մեր մասնագետներն ուղղակի օր են մթնեցնումՙ կորցնելով այն թանկարժեք ժամանակը, որ թշնամին չի կորցնում: Իսկ միջազգային գրանտով, գիտեք, անգամ Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ անմեղ ուսումնասիրությունը կարող է վերածվել ադրբեջանցիներիՙ այդ թաղամասում բնակվելու մասին երանավետ ժամանակի քարոզչության, կամ զանազան բեղլոյաններով հաշված վայրկյանների ընթացքում եւ ոչ իրազեկ մեկնաբանություններով ցունամի առաջացնելուն հայ իրականության մեջ: Հայ հանրությունն էլ, լրագրող աղջկերքով ու տղերքով, նկատեք, կարծես ոչ թե իր պրոբլեմների լուծումն է ուզում, այլ հենց այդ կարգի ցունամիները, այդպես են ուզում նրանց տերերը, ու նաեւ այդպես չի ձանձրանա հանդիսատեսը: Ցեղասպանության հարյուրամյակի գիտաժողովներին տողերիս հեղինկը, լսելով Հայաստանի եւ Սփյուռքի մասնագետներին, սխալմամբ կարծում էր, թե հայերս լավ գիտենք մեր խնդիրները, մնում է հստակ ձեւակերպել ու սկսել գործել: Սխալվում էի, պարզվեցՙ դա եւս իմիտացիա էր, ծուխ, օդի տատանում, պաթոսախեղդ ելույթների շքահանդես պարզապես: Տակը բան չկար, այլապես մենք հիմա պատրաստ կլինեինք Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի ժամկետները լրանալու պահինՙ մեր հստակ գործողություններով, եթե ոչ Հայաստանում, գոնե Սփյուռքում: Այլապես տասնամյակներով անարդյունավետ իշխանություններով չէինք մսխի պետությունը, կունենայինք այնպիսի արդյունավետ պետական համակարգ ու բանակ, որ թշնամին անգամ չէր համարձակվի Արցախի հարցի ռազմական լուծման մասին մտածել, մեծ պետություններն էլ հաշվի կնստեին դրա հետ: Բայց մենք ոչ միայն քնած էինք եւ ենք, անգամ մեր ներսում տրվել էինք եւ ենք պառակտիչ հոսանքների, մեր ներսում բոլոր իշխանությունները տարբեր ժամանակներում եւ հիմա բուծել են քիրվաչիների, գրանտային խաղաղասերների, որոնք տակից, կամացուկ- գաղտնի, մկան պես կրծել են պաշտպանիչ ամրանները: Իսկ թշնամին երբեք քնած չի եղել, ոչ միայն քնած չի եղել, այլեւ տասնամյակ առ տասնամյակ նորացրել է իր գաղտնի ու լավ ձեւակերպված պլաններըՙ Հայաստանը եւ հայերին ոչնչացնելու վերաբերյալ, մեր սնապարծ ելույթներին ու երազանքերով թեթեւ հարբածությանը հակառակ: Այլապես հայերիս տարածքային նվաստացուցիչ կորուստների հարյուրամյա պայմանագրերի ժամկետների լրացման նախօրեին այնպես չէինք նվաստացվի նոր տարածքների կորուստով, որ մոռանանք բոլոր մեր իրավական հնարավորությունները եւ, նոր պարտություններով բարձված, անգամ այլեւս չկարողանայինք ծպտալ ՙ Մոսկվայի, Կարսի պայմանագրերի վերաբերյալ կամ մի վայրկյանով անգամ չընկնենք երազանքների գիրկը Վիլոսոնի իվավարար վճիռը հիշելով: Թուրքիան, այո, մկաններն է այս պահին ցույց տալիս Կարսում, սիմվոլների սիրահար Էրդողանը Կարսի Առաքելովց եկեղեցուՙ որպես մզկիթի նկար է դեմ տալիսՙ նվաստացուցիչ նոյեմբերիննյան հայտարարաությունից երեք ամիս անց, Մոսկվայի պայմանագրի ժամկետի լրանալուց մեկ ամիս, Կարսի պայմանագրի լրանալուց ութ ամիս առաջ, որպեսի անգամ մտքներովս չանցնի ինչ-որ բանից անգամ խոսել, ակնարկելով, որ թշնամու պահվածքը համահունչ է լինելու հայերիս պահվածքին: Հիշեցման կարգով նշենք, որ 1921 թվականի մարտի 16-ի ռուս -թուրքականՙ բարեկամության եւ եղբայրության պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում: Նախիջեւանի մարզը, որպես ինքնավար տարածք, հանձնվեց Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը, պայմանով, որ Ադրբեջանն այդ խնամակալությունը չզիջի մի երրորդ պետության: Մոսկվայի պայմանագրի շարունակություն որպեսՙ 1921-ի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը հարավկովկասյան երկրների խորհրդային իշխանությունների եւ թուրքական կողմի միջեւ, որը հիմնականում կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները: Կարսի պայմանագրի կետերովՙ Թուրքիային էր անցնում հայկական մոտ 18 հազար քառ.կմ, ինչպես նաեւ Երեւանի նահանգի Սուրմալուի գավառըՙ մոտ 3.2 հազար քառ.կմ, իսկ Նախիջեւանի մարզը, ինքնավար հանրապետության կարգավիճակով, անցնում էր Ադրբեջանին` պայմանով, որ Ադրբեջանը չի փոխանցի այն որեւէ երրորդ պետության: Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով սահմանվում էին նոր ձեւավորվող Թուրքիայի Հանրապետության եւ Խորհրդային Միության սահմանները, ըստ որոնց ԽՍՀՄ փլուզումից հետո պիտի գծվեր Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական սահմանը: Տարբեր տեսակետների ֆոնին, թե պետք չէ շահարկել այդ պայմանագրերը, դրանց նշանակությունը կամ դրանց չեղարկման վրա հղում անելու հավանականությունը, մանավանդ, ըստ որոշ տեսակետներիՙ Մոսկվայի պայմանագիրն արդեն 25 տարի հետո դադարել էր գործել (քանի որ 25 տարին մեկ պետք է թարմացվեր, բայց չի թարմացվել), միաժամանակ այս երկու պայմանագրերը մասնագետների հետ քննարկելու խոստումը թողնելով այլ ժամանակի, միայն ասենք, որ Թուրքիան հայերիս նման թեթեւսոլիկ վերաբերմունքով չի ներկայանում այս հարյուամյա հետահայացին: Նա, ինչպես տարբեր ժամանակների բացահայտումներն են ցույց տվել, Ադրբեջանի հետ մանրամասն պլանններ է գծել, թե ինչպես պետք է զրոյացնել այս պայմանագրերին հայերիս ուղղած հայացքի անգամ 0.1 տոկոս հավանականությունը, ու այն, ինչ տեղի է ունենում հիմա, հետնոյեմբերիննյան իրականության մեջ, իրար հաջորդող մեր պարտվողական քայլերի հերթագայությամբ, դրա վկայությունն է: Փոփոխությունների ջատագով լինելով, առանց որոնց Հայաստանի քարացած վիճակը հնարավոր չէինք համարում տեղից շարժել, այնուամենայնիվ, չենք երազել այնպիսի իշխանություն, որը հայկական շահերը պատրաստ կլինի անընդհատ զիջել ու խոսել խաղաղությունից, խաղաղ առեւտրից այնպիսի հարեւանների հետ, որոնց հասկացած խաղաղությունը միայն հայկական շահերը ոտնատակ անելը, հայերին սպանելն ու գերեվարելն է: Ժամանակին, իշխանության փոփոխությունից հետո, մենք մի անգամ չէ, որ գրել ենք, թե պետք է հստակ ձեւակերպել հայկական արտաքին քաղաքականության օրակարգը: Այդ դեպքում ներկա իշխանությունը չէր կարողանա ամեն օր, հընթացս խաբելով ու գաղտնի, վարել մի քաղաքականություն, որը տեսանելի մասում միայն տանում է հայկական շահերի վնասման, անկախ նրանից, որ իշխանությունը հակառակում է համոզված: Գաղտնիությունը, խնդիրների հրապարակային չձեւակերպումը քանդեցին մեր տունը: Նույնիսկ իշխանության նախկին գործընկեր Գոռ Գեւորգյանն էլ է դա նկատել, միայն թե իշխող խմբակցությունից դուրս գալուց հետոՙ բաց աշխատելու կոչ ուղղելով իշխող տղերքին: Ի դեպՙ վստահ ենք, որ իշխանական պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը նույնպես չգիտե, թե իր ղեկավարները դեպի ուր են տանում Հայաստանը: Ժողովրդավարությունից, ազատությունից խոսողներն այնպիսի իրողություններ են ստեղծել, որտեղ կարեւոր որոշումները, հին ավանդույթով, ընդունվեցին խաբելով, գաղտնի, մի գիշերում: Արթնանա՛լ է պետք: |