RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 25-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:52:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 373, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՔ ԳԻՐՔՙ ՄԵԿ ՀԵՂԻՆԱԿԻՑ

Հ. Ծ.

Ֆրանսահայ Դընի Դոնիկյանի գրական հունձքը

Մոտ 50 երկար տարիներ Դընի Դոնիկյանը (Denis Donikian) ձայնազուրկների մունետիկն է եղել, անզիջող քննադատը կաշառակերների ու բռնապետերի: Ծնվել է Վիենում (Ֆրանսիա) Ցեղասպանությունից փրկված ծնողների ընտանիքում: Հեղինակ է, ըստ «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ավելի քան 40 արձակ եւ չափածո հատորների: Գրում է հիմնականում ֆրանսերեն լեզվով, երբեմն նաեւ հայերեն: Ավարտել է Սեւրի քոլեջը եւ Երեւանի պետական համալսարանը: Շատ է ճանապարհորդել: Եղել է Ուկրաինայում եւ Վրաստանում, որտեղ առիթ է ունեցել ծանոթանալու Սերգեյ Փարաջանովի հետ: Բեղմնավոր գրող է: Նախասիրած թեմաներն են կանայք, աֆորիզմները, Փարաջանովը: Այդ թեմաներին էլ նվիրել է իր եռերգությունը: Բայց դրանցից առաջ նա հրատարակել է «Հայոց ցեղասպանության (400 էջանոց) համառոտ հանրագիտարանը» (La Petite Encyclopedie du Genocide Armenien) որոշակի թեմաներ պարունակող գլուխներով:

Գալով եռերգությանը, առաջինը գեղեցիկ սեռին է նվիրված: Դոնիկյանը պարզապես սիրում է նրանց հմայքը, հրապուրելու շնորհքը, հնարամտությունն ու պճնագեղությունը: Բանաստեղծությունների երկլեզու հատորի վերնագիրն է «Իգական մարմնի էությունը» («L՛Esprit du Corps Feminin), բավականին էրոտիկ բովանդակությամբ: Հաջորդը աֆորիզմներիՙ «Ապուշների եւ ապուշության մասին» գիրքն է (Idiots and Idiocy), որտեղ ամփոփված են 201 խիստ ուշագրավ, երբեմն զավեշտական եւ երբեմն էլ քննադատական աֆորիզմներ, հայոց պատմության, մշակույթի, հեռատեսության պակասի եւ կառավարական հիմնարկների անազնիվ ղեկավարների վերաբերյալ: Դոնիկյանն ու կանադահայ Արա Պալիոզեանը սփյուռքահայ երկու գրողներն են, որոնք ամբողջական հատոր են նվիրել աֆորիզմներին: Երրորդ գիրքը հայերենից անգլերենի է թարգմանել Լիլիթ Մնացականյանը: Վերնագրված է «Փարաջանովի ձիերը» (Paradjanov՛s Horses): Դոնիկյանը բանաստեղծությունների այդ հատորը գրել է ավելի քան 40 տարի առաջՙ 1979-ին, Թբիլիսիում հանճարեղ ռեժիսորի հետ հանդիպումից հետո:

Գրքերի հրատարակման առթիվ Դոնիկյանը խոստովանել է, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել եւ ներշնչանքի աղբյուր ծառայել Սեն-Ժոն Պերսն ու Սոլժենիցինը:

Գրողի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելել www.denisdonikian.com կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 25-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ