RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 25-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:52:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2909, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Ի՞նչ են գրել համանուն թերթերը, որո՞նք են դրանց նկրտումները

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքը: Ընտրություններն անցան ներքաղաքական ավելի քան լարված պայմաններում: Նույնքան լարված էր նաեւ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններում, մասնավորապես Սյունիքի հատվածում: Ժամանակ առ ժամանակ Հայաստանի հետ մերձեցման մտավարժանքներ անող, հայաստանյան իշխանություններին դրական ազդանշաններ հաղորդող Թուրքիայում, որը Զանգեզուրի միջանցքով է տառապում, մոռանալով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ի լուր աշխարհի հայտարարությունը, թե իր երկիրը ղարաբաղյան պատերազմին մասնակցում է «1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու» առաջադրանքով, մամուլը լայնորեն արձագանքեց ընտրություններին:

Թուրքական մամուլը, ինչպես համանուն իշխանությունները, ՀՀ խորհրդարանական ընտրություններին մոտենում է Ադրբեջանի նկատմամբ հայկական իշխանությունների դրքորոշման, Զանգեզուրի «միջանցքի» հանդեպ վերջիններիս մոտեցման տեսանկյունից: Թերեւս դա է պատճառը, որ այս երկու հարցերն էլ գրեթե անխտիր արծարծվում են թուրքական թերթերի ընտրություններին նվիրված բոլոր հոդվածներում: Ընդ որումՙ պատերազմից շուրջ 9 ամիս է անցել, մենք չենք կարողանում ստանալ մեր ռազմագերիներին, իսկ Թուրքիան Զանգեզուրն է պահանջուն, որ Նախիջեւանից Մեղրիի տարածքով ցամաքային ուղիղ կապ հաստատի Ադրբեջանի հետ: Նրա այդ չարանենգ նկրտումները մինչեւ վերջերս արժանանանում էին հայ ազգի շա՜տ ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խրախուսանքին: Պարզապես ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի տարածաշրջան վերադառնալու առաջադրանքը խախտել է Պուտինի աշխարհաքաղաքական հաշվարկները:

Քանի որ այդ առաջադրանքն Էրդողանին էլ զրկել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ խուսանավելու հնարավորությունից, ուստի Պուտինը միայնակ է մնացել ընդդեմ նախագահ Բայդենի, ինչը էապես խախտել է նաեւ ՌԴ նախագահի անդորրը: Համենայն դեպս, ընտրություններին հունիսի 21-ին արձագանքել է թուրքական հանրայինը` «TRT Haber» -ը, մասնավորապես նշելով. «Հայաստանի անունից պատասխանելով Ալիեւին, Փաշինյանն ասաց. «Նոյեմբերի 10-ի զինադադարի եռակողմ հայտարաության մեջ առհասարակ չեն հիշատակվում Մեղրի, Զանգեզուր եւ միջանցք արտահայտություններ: Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, որովհետեւ դա որքան Ադրբեջանին է անհրաժեշտ, այնքան էլ մեզ»: Թուրքական աղբյուրը նշում է նաեւ Էրդողանի ու Ալիեւի ստորագրած «Շուշիի հռչակագրի» մասին:

Մինչ այդ, հունիսի 20-ի ընտրություններին արձագանքել էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Ջումհուրիեթ» թերթը, գրելով. «Այսօր Հայաստանում խորհրդարանական վաղաժամկետ ընրություններն են: Անցյալ տարի, ղարաբաղյան պատերազմի ավարտին Հայաստանում ազգայնական տարրերը, մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի դեմ պարտվողական դիրքորոշում որդեգրելու մեջ, նրան համարեցին պարտության պատասխանատուն եւ պահանջեցին, որ հրաժարական տա:

Ներքաղաքական իրավիճակը երկրում էլ ավելի սրվեց, երբ փետրվարին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւս պահանջեց նրա հրաժարականը, իսկ Փաշինյանը դա որակեց որպես հեղաշրջում եւ պաշտոնից ազատեց Գասպարյանին: Պետական որոշ կառույցներն աջակցեցին Գասպարյանին, որոշներն էլ Փաշինյանին, իսկ դա քաղաքական ճգնաժամ առաջացրեց երկրում: Այդ ճգնաժամը մասնակի թուլացավ Փաշինյանի երկրում խորհրդարանական ընտրություններ նշանակելու որոշումով: Թվում է, թե առաջիկա օրերին Հայաստանում լարվածության սրման նոր աղբյուր կդառնա Թուրքիան Ադրբեջանին կապող «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Մանավանդ որ Ալիեւը հայտարարել է, թե իրենք սոսկ խոսքով չեն բավարարվում, այլ շարունակում են գործնական քայլեր կատարել, կառուցելով տրանսպորտային ուղիներ, երկաթգիծը ներառյալ»:

Հունիսի 23-ի համարում «Հայաստանի ընտրություններն ու Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները» վերնագրով խնդրո առարկա հարցին անդրադարձել է նաեւ «Միլլիեթ» -ը: Այս երթը իշխանամետ է: Սակայն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին եւ հայերին, թուրքական թերթերը, իշխանամետ թե ընդդիմադիր, իրարից չեն տարբերվում: Պարզապես, այս թերթի հոդվածագիրը պրոֆ. Քեմալ Չիչեքն է: Ահա թե ինչ է գրել.

«Հայաստանյան ընտրությունների վրա իր կնիքը թողեց այն հարցը, թե Հայաստանը ինչ դիրքորոշում կորդեգրի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հանդեպ: Որքան էլ Փաշինյանը հանդես գա Թուրքիայի, Ադրբեջանի դեմ, այնուամենայնիվ, մատնանշել է, որ հավատարիմ է մնալու ղարաբաղյան պատերազմի ավարտին ստորագրված եռակողմ հայտարարությանը: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրան մեղադրեցին ռազմադաշտում պատերազմը տանուլ տալու, իսկ Ղարաբաղը բանակցությունների սեղանին կորցնելու մեջ: Սակայն, ինչպես երեւում է Փաշինյանը քարոզարշավի կրակոտ ելույթներով կարողացել է համոզել հայ հասարակությանը, ասելով. «Պատերազմում պարտության իրական պատասխանատուները բանակին ծանր կացության մեջ գցած նախկին առաջնորդներն են, որոնք խուսափել էին փոխզիջման դիմաց Ադրբեջանին հանձնել հարակից 7 շրջանները: Քոչարյանի եւ Սարգսյանի այս անհաշտ քաղաքականությունը նախադրյալներ ստեղծեց, որ մասնակի կորցնենք Ղարաբաղը»:

Անկախ նրա ազդեցիկ այս ելույթից, քաղաքական դիտորդները դժվար են համարում Փաշինյանի միանձյա իշխանությունը: Ըստ նրանց ոչ մի պատճառաբանություն չի կարող վարչապետին ազատել պարտության ծանր պատասխանատվությունից: Նվազել էր նրա ժողովրդականությունը հատկապես Երեւանում: Այդ իսկ պատճառով, ինչպես Սարգսյանը, այնպես էլ Քոչարյանը Փաշինյանին մեղադրեցին դավաճանության, նույնիսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ:

Դա մի կողմից, իսկ մյուս կողմից ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում հրապարակ իջան Թուրքիային եւ Ադրբեջանին հասցեագրված ատելության արտահայտություններով: Քոչարյանն խոստացավ, որ Ռուսաստանի աջակցությամբ կհզորացնի Հայաստանի բանակն ու պատերազմով հետ կվերցնի Շուշին ու Հադրութը: Ինչպե՞ս: Այս հարցը պատասխան չունի:

Սարգսյանի քարոզարշավն էլ իր բովանդակությամբ առանձնապես չէր տարբերվում Քոչարյանի քարոզարշավից: Սակայն, վերլուծաբանների հավաստմամբ ժողովուրդը դեռ չէր մոռացել նրա օրոք կատարված քաղաքական սպանությունները, գագաթնակետին հասած կոռուպցիան, կաշառակերությունն ու անօրինականությունները:

Որպես Հայաստանին եւ հայկական հարցին տարիներ շարունակ հետեւող մասնագետ կարող եմ ասել, որ ինչ ուժեր էլ իշխանության գան Հայաստանում, իշխանության կազմելու դեպքում պարտավոր են Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Դա նույնիսկ վերաբերում է թավշյա հեղափոխության շնորհիվ եւ Արեւմուտքի աջակցությամբ իշխանության եկած Փաշինյանին: Կասկածից վեր է, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, քան ղարաբաղյան պատերազմից առաջ էր: Այդ ճշմարտությունը լավագույնս նկատող Քոչարյանը անտեղի չէր բացականչում, թե Փաշինյանը փչացրել է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ պարտվել են: Նա հաճախակի ընդգծում էր, որ ինքը Պուտինի բարեկամն է»:

«Ազգ»ի կողմից ասենք, որ Քոչարյանին եւ Սարգսյանին վերագրվող խոսքերից շատերը հերյուրածո են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 25-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ