RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 28-02-2014



Տեղադրվել է` 2014-02-28 00:56:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1758, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 34

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դեկտեմբեր ամսին հրապարակվեց Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի հնգամյա ծրագիրը, բաղկացած 33 էջից, պատրաստված բաժանմունքի նոր տնօրեն Ռազմիկ Փանոսյանի կողմից եւ հիմնարկութան հոգաբարձու Մարտին Եսայանի առաջաբանով: Համապարփակ մի ծրագիրՙ որը բխում է արեւմտահայ լեզվի, արեւմտահայության ճակատագրի եւ ընդհանրապես հայ նորահաս սերունդների հայեցի դիմագիծը պահպանելու խոր մտահոգությունից: Գլոբալիզացիայի բուռն զարգացման մեր ժամանակներում ինչպե՞ս են գոյատեւելու մեր այս եւ հաջորդ սերունդները ազգային իմաստով, հատկապես սփյուռքյան պայմաններում, ի՞նչ պատասխանատվություն ենք կրում այդ եւ նման մարտահրավերները դիմագրավելու գործում, որո՞նք են մեր կռվաններն ու ռեսուրսները:

Այդ մարտահրավերներին ընդառաջ որոշ կարողականություն ունի Գյուլբենկյան հիմնարկությունըՙ լինելով, առաջինը, վերկուսակցական կառույց, եւ երկրորդՙ ունենալով նյութական որոշակի միջոցներ եւ մշակութային-կրթական տասնամյակների փորձառություն:

Առ այդ, Հիմնարկությունը, ըստ հնգամյա ծրագրի, իր առջեւ խնդիր է դրելՙ

ա) «Զարկ տալ հայերէնի եւ հայ մշակույթի պահպանումին եւ Սփիւռքի զարգացումինՙ իրարու կամրջելով Սփիւռքի տարբեր հատուածները եւ ոյժերը ներդնելով կթրութեան ոլորտին մէջ:

բ) Սատարել կենսունակ Հայաստանի զարգացումինՙ գրաւը դնելով հայրենի երիտասարդութեան եւ քաղաքացիական հասարակութիւն կերտելու անոր յանձնառութեան վրայ:

գ) Բարելաւել հայ-թրքական յարաբերութիւններըՙ հովանաւորեով այնպիսի ծրագրեր, որոնք կը քաջալերեն հասարակաց երկար պատմութեան փոխադարձ ըմբռնումը:

դ) Հայ գրական ժառանգութեան պահպանումն ու տարածումը»:

Այս նպատակներն ու դրանց առնչակից «ճանապարհի քարտեզը» իրականացնելու հարցում Հիմնարկությունն ունի նյութական որոշակի միջոցներ: Հետեւաբար, Հնգամյա ծրագիրը հնարավորություն ունի իրականություն դառնալու, եւ, ուստի, անհրաժեշտ է ավելի մանրամասն քննարկել դրա տարբեր երեսակները:

Ահա այդ նպատակով, որպես սկիզբ, կողքի սյունակներում անգլերենից թարգմանաբար ներկայացնում ենք հայտնի մտավորական եւ մեր թերթի ամենահմուտ աշխատակիցներից Երվանդ Ազատյանի արձագանքը, որին հետեւելու են, վստահ ենք, այլ արձագանքներ:

Խմբ.


Ցեղասպանությունն ուղղված էր ոչ միայն պատմական Հայաստանի բնիկ ժողովրդի, այլեւ նրա մտավորական խավիՙ մշակույթի արարիչների ու լեզվի պահապանների դեմ, վստահ լինելու համար, որ հայերն այլեւս երբեք ոտքի չեն կանգնի որպես հայրենիք ունենալու արժանի քաղաքակիրթ մի խմբավորում: Ի հակադրություն այդ ազգակործան քաղաքականության, սփյուռքահայությունը աշխարհով մեկ բացեց իր դպրոցները, մշակույթի կենտրոնները, եկեղեցիները եւ հասարակական կազմակերպություններըՙ պահպանելու համար իր ինքնությունը արեւմտահայերենի եւ արեւմտահայկական մշակույթի ժառանգության միջոցով:

Խորհրդային Հայաստանի գոյառումը եւ լեզվի, գրականության եւ մշակույթի անժխտելի զարգացումը հայրենիքում միայն մակերեսային ազդեցություն թողեց սփյուռքահայության վրա, քանի որ արեւմտահայերենի զարգացմանն ուղղված ոչ հստակ ծրագիր կամ քաղաքականություն կար, ոչ էլ լուրջ մտահոգություն դրա անգնահատելի ժառանգության կորստի նկատմամբ: Սփյուռքը թողնված էր ինքնուրույն միջոցներով ձեւավորելու իր ճակատագիրը:

Համայնականությունը (գլոբալիզացիան) իր մի շարք դրական ազդեցություններին զուգահեռ հիմնահատակ խորտակեց սփյուռքում արեւմտահայերենի եւ արեւմտահայկական մշակույթի պահպանմանն ուղղված մղիչ ուժերն ու դրանք վառ պահելու բոլոր ջանքերը: Մենք անկանատես եղանք լեզվի եւ ժառանգության պահպանման ու զարգացման ամրոցներիՙ դպրոցների աստիճանական նվազմանն ու փակմանը:

Հայաստանի անկախացումը առանձնապես նշանակալի փոփոխություն չմտցրեց Սփյուռքին օժանդակելու հարցում: Պետական ծրագիր չկա փրկելու արեւմտահայ մշակույթն ու լեզուն: Կան դժկամ, երբեմն նույնիսկ ինքնանպատակ ջանքեր օգնություն հասցնելու, բայց նույնիսկ հայկական սահմանադրությունը չունի որոշակի հոդված փրկելու վտանգած արեւմտահայերենը: Չնայած ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ սահմանադրությունը ամրագրում է, որ երկրի պաշտոնական լեզուն գրական հայերենն է, բայց այնտեղ լեզվի երկու ճյուղերի վերաբերյալ ոչ մի նշում չկա:

Եվրոպական մշակույթի ազդեցության ներքո, արեւմտահայերենը լիարժեք զարգացում ապրեց, հարստացավ բառապաշարը, մշակվեց որոշակի ոճ, բայց ներկայիս, օգտագործման ոլորտների սակավության հետեւանքում, այդ բոլորը կործանման, անհետացման եզրին են կանգնած:

Հայաստանի լրատվամիջոցները, գրականությունը եւ քաղաքական բանավեճերը զարմանալի ազատությամբ ռուսերենից եւ այլ օտար լեզուներից փոխ են առնում բառեր ու բառակապակցություններՙ ամբողջովին անտեսելով արեւմտահայերենի հարուստ ժառանգությունը: Միայն մի քանի անհատ մտավորականներ եւ հաստատություններ լրջորեն զբաղվում են արեւմտահայերենի եւ արեւմտահայ գրականության գնահատման, պահպանման եւ զարգացման գործով: Դրանցից մեկը Սարգիս Խաչենց հրատարակչությունն է, նաեւ խորագիտակ գրականագետ Երվանդ Տեր¬Խաչատրյանի ջանքերի շնորհիվ, իսկ մյուսըՙ Պետական մանկավարժական համալսարանում գործող Սփյուռք գիտահետազոտական կենտրոնըՙ Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ: Երեւանի պետական համալսարանում եւս գործում են մի քանի ծրագրեր, որոնք, սակայն, գործնականում քիչ ծառայություն են մատուցում արեւմտահայ մտավոր ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: (*)

Պարտվողականության զգացումը գերիշխում է սփյուռքում, քանի որ լեզուն եւ գրականությունը արագորեն անկում են ապրում: Որպես ժամանակակից ուղղությունների անխուսափելի հետեւանք առավել հեշտ է դարձել ընդունել մշակութային հարուստ ժառանգության անհետացումը եւ ընթանալ հոսանքի հետ: Բայց ոչ մի զորավար չի կարող իր տեղում, իր գործին գիտակ համարվել, եթե նա չի հավատում, որ կարող է հաղթել անխուսափելի պատերազմում: Չպետք է թողնել ամեն ինչ ճակատագրի քմահաճույքին:

Բարեբախտաբար, որոշ անվեհեր անհատներ եւ հաստատություններ ընդունել են մարտահրավերը եւ մղում են այդ անխուսափելի պատերազմը: Հաստատություններից մեկը Անթիլիասի կաթողիկոսարանն է Արամ Առաջին իմաստուն հայրապետի գլխավորությամբ: Անթիլիասը իր վրա է վերցրել դերը Վիեննայի, Վենետիկի եւ Երուսաղեմի վանքերի, որոնցում հսկայական հետազոտություններ են կատարվել, կրթական ծրագրեր մշակվել: Աշխարհով մեկ դպրոցներ են բացվել, հին ու նոր գրականություն է հրատարակվել, ուսումնական ձեռնարկներ պատրաստվել, սեմինարներ կազմակերպվել: Ընդհանուր առմամբ կա մտավորական մի շարժում, որը լի է արեւմտահայ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ տարածելու վճռականությամբ:

Մյուսը Փարիզում գործող Տիգրան Չուխաճյան հետազոտական կենտրոնն է, որը նպատակ է հետապնդում կյանք ու շունչ ներարկելու արեմտահայ մշակույթին եւ դրա անզուգական գոհարները ներկայացնելու համաշխարհային բեմերի վրա:

Երրորդըՙ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Հեռավար (virtual) համալսարանն» է, նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ մատուցվող լեզվամշակութային ուսումնական ձեռնարկըՙ առցանց եղանակով: (**)

Չորրորդըՙ Գյուլբենկյան հիմնարկության «Հայկական համայնքների ծրագիրն» էՙ հագեցած նոր մոտեցումներով եւ լավատեսական նոր գաղափարներով: Իր հիմնադրումից ի վեր հիմնարկությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել աշխարհով մեկ, սակայն իր հնգամյա նոր ծրագիրը, որը հրապարակվեց 2013-ի դեկտեմբերի 11-ին, ամբողջովին նոր շունչ է հաղորդում բարեգործությանը, այն ուղղորդելով որբացած արեւմտահայ մշակույթի պահպանման եւ զարգացման վեհ գործին:

Այս տեսլականը մանրամասն մշակված ծրագիրն ու նոր տեխնոլոգիաների միջոցով դրա իրականացման հնարավորությունները հաստատության նոր ղեկավարիՙ դոկտ. Ռազմիկ Փանոսյանի մտահղացումն են: Ծրագրի առաքելությունը, ըստ հրատարակված հաղորդագրության, հետեւյալն է. «Ստեղծել հայ ժողովրդի համար մրցունակ մի ապագա, որտեղ նրա մշակույթն ու լեզուն կպահպանվեն ու կգնահատվեն»: Այնուհետեւ վեց բաժիններով ներկայացված են ծրագրի իրագործման մանրամասնությունները: Ծրագրի մշակման մղիչ ուժ է հանդիսացել արեւմտահայ մշակույթին սպառնացող վտանգի խորը մտահոգությունն ու միջոցներ ձեռք առնելու պատմական պահի գիտակցումը, քանի որ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ¬իՙ «արեւմտահայերենը վտանգված լեզու է համարվում», որը անհետացման եզրին է, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն այն փրկելու համար:

Ներկա սերունդը հավանաբար վերջինն է, որ կարող է ինչ¬որ ձեւով օժանդակել պահպանմանը կամ շրջել արագ անհետացման գործընթացը մի լեզվի, որն ընդամենը կես դար առաջ դեռեւս կենսունակ աղբյուր էր հայկական մշակույթի:

Առաջարկվող ծրագիրը, ըստ էության, պրոակտիվ է եւ ինտերակտիվ, այսինքնՙ ներգործունամետ է եւ փոխադարձ համագործակցություն պահանջող: Այն հակադրվելու միտում չունի: Ոչ էլ թերագնահատելու նույն նպատակին ծառայող այլ ջանքեր: Ընդհակառակը, ծրագիրը այլ ծրագրերի եւ հաստատությունների հետ համագործակցելու լայն ճանապարհ է հարթում: Այն նաեւ, իր երրորդ բաժնում, շոշափում է հայ¬թուրքական հարաբերությունների չափազանց զգայուն հարցը, զգուշավոր մի արտահայտությամբ. «Բարելավել հայ¬թուրքական հարաբերություններըՙ հովանավորելով ծրագրեր, որոնք կխրախուսեն երկու երկրների պատմության փոխադարձ, համընդհանուր ըմբռնմանը»:

Ձեւակերպման զգուշավորությունը պայմանավորված է նրանով, որ հայերն իրենց խղճուկ միջոցներով ի վիճակի չեն պարտադրելու թուրքերին, որ ճանաչեն ցեղասպանությունը, ոչ էլ ակնկալել որեւէ փոխհատուցում: Այնպես որ, մնում է միակ տարբերակՙ համագործակցել ազնիվ ու առաջադիմական թուրք պատմաբանների եւ մարդու իրավունքների պաշտպանների հետ, որպեսզի թուրք բնակչության գիտակցության մեջ առաջանան քանակական եւ որակական փոփոխություններ, որոնք հետագայում կկարողանան ներազդել երկրի քաղաքական ուղղության վրա:

Սա ողջունելի ծրագիր է մի ազդեցիկ հաստատությանՙ Գյուլբենկյան հիմնարկության կողմից, որն իր ֆինանսական ռեսուրսները ուղղորդում է առավելագույն արդյունավետություն ակնկալելու մարտավարական տեսլականին: Այդ տեսլականն ավելի շատ ռեալիստական ու գործնական է, քանՙ լավատեսական, եւ իր հետ բերում է ոչ միայն գործողության հստակ ընթացակարգ, այլեւՙ սփյուռքյան ուղենշային սկզբունքներ մշակելու նոր մոտեցում:

(*) Կարծում ենք հոդվածագիրն այստեղ համեստություն է արել զանց առնելով «Ազգ» թերթի կատարած դերը անցնող 23 տարվա ընթացքում: Նա, որպես մեր թերթի հիմնադիրներից եւ գլխավոր հեղինակներից մեկը լավ գիտի, որ «Ազգ»ը ջանք չի խնայել արեւմտահայերենի եւ արեւմտահայության մտահոգությունները արծարծելու Հայաստանում եւ սփյուռքում, քաջալերելու արժեքավոր յուրաքանչյուր ձեռնարկ եւ միջոցառում, որն ուղղված է արեւմտահայ լեզվի, ուղղագրության, գրականության ու դպրոցի պահպանմանը:

(**) Այստեղ չենք կարող չնշել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, հակառակ վերջին տարիների նորարարական իր որոշ ձեռնարկներին, ամենածանր հարվածը հասցրած եղավ արեւմտահայ լեզվին ու դպրությանըՙ փակելով Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը: Բայց այս մասին ավելի հանգամանալիցՙ մեկ ուրիշ անգամ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ