RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 28-02-2014



ՄԵԾ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Տեղադրվել է` 2014-02-28 00:56:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2978, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ԿԼԱՈՒԴԻՈ ԱԲԲԱԴՈ

Հրատարակության պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(1933-2014)

Նոր տարվա առաջին երկու ամիսների ընթացքում աշխարհով մեկ շարունակվող քաղաքական եւ տնտեսական վերիվայրումներին ու հուզումներին գումարվեց նաեւ համաշխարհային մշակույթի, մասնավորապես դասական երաժշտութան ոլորտում կորուստը մի մարդու, որին ճանաչում էին որպես «ռիթմի բացառիկ զգացողության տեր դիրիժորի»: Հունվարի 20-ին Բոլոնիայում ութսուն տարեկանում իր մահկանացուն կնքեց աշխարհում օպերային մշակույթի խոշորագույն կենտրոններից մեկիՙ Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի եւ Վիեննայի պետօպերայի երաժշտական տնօրեն, ինչպես նաեւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ Բեռլինի ֆիլհարմոինկ նվագախմբի դիրիժոր, իտալացի Կլաուդիո Աբբադոն, որին 2013 թվականի օգոստոսին Իտալիայի Սենատը, նախագահ Ջիորջիո Նապոլիտանոյի առաջարկով «ցմահ սենատորի» պատվավոր կոչմանն էր արժանացրել:

Հայաստանյան մամուլը գերզբաղված լինելով զանազան մեծ ու փոքր այլեւայլ խնդիրներով, ժամանակ չգտավ արձագանքելու այդ կորստին: Բարեբախտաբար փետրվարի 19-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի եւ Ազգային պետական երգչախմբի կատարմամբ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը ի հիշատակ մեծ դիրիժորի հնչեցրեց Վերդիի «Ռեքվիեմը», սոլիստների շարքում ունենալով աշխարհահռչակ Հասմիկ Պապյանին եւ Բարսեղ Թումանյանին: Ստորեւ հրատարակվող նյութը փորձ է հարգանքի տուրք մատուցելու մեծ երաժշտին:

Կյանքի վաղ շրջանը

Կլաուդիո Աբբադոն ծնվել է Միլանում, երաժիշտ կատարողների ընտանիքում, 1933 թվի հունիսի 26-ին: Մայրըՙ Մարիան եւ հայրըՙ Միքելանջելոն եղել են դաշնամուրի նրա առաջին դասատուները եւ դասական երաժշտության հանդեպ սեր առաջացնողները: Հայրը ջութակահար էր եւ դասավանդում էր Ջուզեպպե Վերդիի անվան երաժշտանոցում, որտեղ Կլաուդիոն իր ավագ եղբորՙ Մարչելլոյի օրինակով հետեւել է կոմպոզիցիայի եւ դիրիժորության դասընթացների: Մարչելլոն հայտնի դաշնակահար է եւ կոմպոզիտոր: Կլաուդիոն առաջին անգամ երազել է խմբավար դառնալու մասին, երբ ունկնդրել է Կլոդ Դեբյուսիի «Նոկտյուրներ» եռապատկերը: Նա հնարավորություն է ունեցել Միլանում ներկա գտնվելու նվագախմբային բազմաթիվ փորձերի, որոնց ընթացքում ականատես է եղել Արթուրո Տոսկանինիի եւ Վիլհելմ Ֆուրտվանգլերի դիրիժորական առանձնահատկություններին: Հետագայում, հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ Տոսկանինիի «բռնակալական եւ երբեմն վիրավորական վերաբերմունքը նվագողների նկատմամբ չափազանց տհաճ զգացմունքներ է առաջացրել իմ մեջ»: Ինքը նախընտրել է հետեւել Բրունո Վալտերի առավել մեղմ օրինակին: Եղել է ամենադեմոկրատը բոլոր դիրիժորներից, համբերատար, լսող, համագործակցող եւ մանավանդՙ ոգեշնչող:

Միլանի երաժշտանոցից հետո նա շարունակել է դիրիժորական արվեստում իր գիտելիքները խորացնելՙ աշակերտելով (1955-ին) Հանս Սվարովսկուն Վիեննայի երաժտական ակադեմիայում: Հաճախակի այցելել է Սիենայում գտնվող Չիգիանա երաժշտական ակադեմիան, որտեղ մտերմացել է մեկ ուրիշ խոստումնալից ուսանողիՙ Զուբին Մեհտայի հետ: Միասինՙ լարված հետաքրքրասիրությամբ նրանք ուսումնասիրել են Հերբերտ ֆոն Կարայանի դիրիժորական արվեստի կատարողական տեխնիկան:

1958-ին Տանգլվուդի (ԱՄՆ) երաժշտական փառատոնին մասնակցելով, Սերժ Կուսեվիցկու անվան դիրիժորների միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել, որի արդյունքում Իտալիայի մի շարք օպերային նվագախմբեր ղեկավարելու եւ պայմանագրեր կնքելու լայն հնարավորություններ են բացվել իր առջեւ: Իսկ 1963-ին արժանանալով Դիմիտրի Միտրոպուլոս մրցանակին, նա հրավիրվել է Նյու Յորքՙ 5 ամիս ժամկետով ղեկավարելու տեղի Ֆիլհարմոնիկը:

Ստեղծագործական տարիները

Միլանի «Լա Սկալայում» Կլաուդիո Աբբադոն իր առաջին քայլերն է սկսել 1960-ին: 1968-1986 թվերին դարձել է այդ թատրոնի երաժշտական տնօրենը: Նրա պաշտոնավարության տարիներին թատրոնի նվագախումբը կատարել է ոչ միայն ավանդական իտալական ստեղծագործություններ, այլեւ ներկայացրել ժամանակակից կոմպոզիտորների օպերաները, ինչպես նաեւ համերգաշարերՙ նվիրված Ալբան Բերգի եւ Մ.Պ. Մուսորգսկու ստեղծագործություններին: Աբբադոն աշխատել է թատրոնը մատչելի դարձնել նաեւ աշխատավոր ժողովրդին: 1982-ին նա հիմնել է «Filarmonica della Scala»-նՙ նվագախմբային համերգների կատարումներն առավել ժողովրդականացնելու նպատակով: 1965-ին նա առաջին անգամ Զալցբուրգի փառատոնում ղեկավարել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, իսկ 1971-ն դարձել նրա գլխավոր խմբավարը: 1986-ից 1991-ը նա եղել է Վիեննայի պետօպերայի երաժշտական տնօրենն ու խմբավարը: Այդ տարիների հիշարժան ներկայացումների թվին պետք է դասել Մուսորգսկու հանրահայտ «Boris Godunov» օպերան, քիչ հայտնի «Khovanshchina» ժողովրդական-երաժշտական դրաման, ինչպես նաեւ Շուբերտի «Fierrabras»-ը եւ Ռոսսինիի «Il viaggio a Reims-ը:

1965-ին Աբբադոն իր առաջին ելույթն է ունեցել Մեծ Բրիտանիայումՙ ղեկավարելով «Հալլե» նվագախումբը, որից հետո 1966-ին ղեկավարել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը: Նրա բացառիկ տաղանդի ցայտուն գնահատական է այն, որ 1979-88 թվերին նրան են վստահել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր խմբավարի պաշտոնը: Իսկ 1982-ից 1986-ը նրան հրավիրել են ղեկավարելու Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը:

Բեռլինի Ֆիլհարմոնիկի հետ

1989-ին Բեռլինի Ֆիլհարմոնիկը Աբբադոյին է ընտրել փոխարինելու երջանկահիշատակ Հերբերտ ֆոն Կարայանինՙ որպես իր գլխավոր խմբավարի: Պայմանագիր է ստորագրվել, որ նա կպաշտոնավարի մինչեւ 2002 թվականը:

2000 թվականին բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ստամոքսի քաղցկեղ, որի բուժման շրջանակներում նա լուրջ վիրահատության է ենթարկվել: Սակայն դա չի խանգարել, որ 2004-ին վերստանձնի Բեռլինի Ֆիլհարմոնիկի խմբավարի պաշտոնը եւ հանրությանը ներկայացնի Գ. Մահլերի N6 սիմֆոնիանՙ կենդանի համերգների շարքում: Այդ առթիվ թողարկված խտասալիկը արժանացել է «Լավագույն նվագախմբային ձայնագրություն» տիտղոսին եւ «Gramophone» ամսագրի 2006 թվի «Տարվա ձայնագրություն» մրցանակին: Իր պատվին Բեռլինի Ֆիլհարմոնիկի «Նվագախմբային ակադեմիան» 2006-ին հիմնել է «Կլաուդիո Աբբադոյի անվան կոմպոզիցիայի մրցանակը»:

Բացի իր ղեկավարած հանրածանոթ նվագախմբերից աշխարհի ամենատարբեր ծայրերում, նա ինքը ստեղծել է նվագախմբեր, ինչպես, օրինակՙ European Union Youth Orchestra (Եվրոմիության երիտասարդական նվագախումբը) «Gustav Mahler Youth Orchestra» (Գուստավ Մահլերի անվան երիտասարդական նվագախումբը) եւ Orchestra Mozart (Մոցարտի նվագախումբը):

Այնքան բեղմնավոր է եղել նրա գործունեությունը, որ 2003-ին քաղցկեղից հազիվ ապաքինված, նա ձեռնամուխ է եղել կազմավորելու «Լյուցեռնի փառատոնային նվագախումբը», որի համերգները մեծապես գնահատվել են մասնագետների կողմից: Նա նաեւ որպես երաժշտական տնօրեն ղեկավարել է Բոլոնիայի «Մոցարտի նվագախումբը»:

2007-ին հետեւելով բժիշկների խորհրդին, նա չեղյալ է համարել խմբավարման իր հետագա բոլոր պամանավորվածությունները, սակայն երկու ամիս անց վերստին ստանձնել է Բոլոնիայում իր պարտականությունները, իսկ 2011-ին հայտարարել, որ «առողջական լավ վիճակում է»:

Իր բնավորությանը համահունչ ապրելով, Աբբադոն խուսափել է կոնֆլիկտային իրավիճակներից: Մեծ տեղ է հատկացրել ինչպես ռոմանտիկական ժանրի ստեղծագործություններին, այնպես էլ երիտասարդ, ժամանակակից կոմպոզիտորների գործերին: Նրա ինքնատիպ մեկնաբանություններին են արժանացել այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Առնոլդ Շյոնբերգը, Կարլհայնց Ստոկհաուսենը, Ջակոմո Մանցոնին, Լուիջի Նոնոն, Բռունո Մադենան, Թոմաս Ադլերը, Ջիովաննի Սոլլիման, Ջորջ Բենջամինը եւ Ֆրանկո Դոնատոնին:

1988-ին նա հիմնել է «Wien Modern» երաժշտական միջճյուղային փառատոնը, որն իր ղեկավարությամբ հաջողությամբ անց է կացվել ամեն տարի: Հատուկ հետաքրքրասիրություն եւ մեծ սեր է ունեցել Ջոակինո Ռոսսինիի եւ Ջուզեպպե Վերդիի ստեղծագործությունների հանդեպ: Մերժել է իտալացի դասական կոմպոզիտորների գործերի ձայնագրության որեւէ առաջարկ, որի կատարողը իտալական նվագախումբ չի եղել: Վերջին տարիներին համագործակցել է Վենեսուելայի «Սիմոն Բոլիվարի անվան սիմֆոնիկ նվագախմբի» հետ (Orquestra Sinfonica Simon Bolivar):

Մրցանակներ

«Երաժշտությունն ինձ կենսունակություն է պարգեւում», խոստովանել է նա քանիցս:

Տաղանդավոր խմբավարը արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվումՙ «Պատվո լեգեոնի մեծ խաչի», Ճապոնիայի «Կայսերական մրցանակին», «Մահլերի» մեդալին, «Խիտերա» մրցանակի եւ պատվավոր դոկտորի կոչումներիՙ Ֆերրարա, Քեմբրիջ, Աբերդին եւ Հավանա համալսարաններից: 1973-ին նրան է շնորհվել «Մոցարտի մեդալը», իսկ 1994-ինՙ «Էռնստ ֆոն Սիմենս» երաժշտական մրցանակը: 1997-ին եւ 2005-ին արժանացել է նաեւ «Գրեմմի» մրցանակների: Իսկ 2012-ի ապրիլին նրա անունը տեղ է զբաղեցրել «Գրամաֆոնի փառքի դահլիճում»: Նույն տարվա մայիսին «Արքայական ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտական մրցանակաբաշխությանը» նրան է շնորհվել դիրիժորական մրցանակը:

Անձնական կյանքը

Աբբադոն պաշտոնապես ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին կնոջիցՙ Ջիովաննա Կավացցունիից ունեցել է մեկ որդի (Դանիել Աբբադո, որ օպերային թատրոնի տնօրեն է այժմ) եւ մեկ դուստր (Ալեսանդրա): Երկրորդ կինըՙ Գաբրիելլա Կանտալուպին նրան է պարգեւել մի որդի, որին անվանել են Սեբաստիանո: Կլաուդիոն սիրային կապ է ունեցել նաեւ ջութակահարուհի Վիկտորիա Մուլովայի հետ, որի ավագ որդուՙ Միշայի հայրն է:

Աբբադոյին ճանաչողները նշել են, որ նա կարողանում էր ձեւ, բովանդակություն եւ իմաստ հաղորդել նույնիսկ «ամենաամորֆ» ստեղծագործություններին: Մերժել է երաժշտության «գետտոյականացումը», հրաժարվել դասական եւ ժամանակակից հեղինակները իրարից անջատելու ոմանց նկրտումներից եւ ամբողջովին կողմնակից է եղել հավասարության սկզբունքով հարգել ե՛ւ անցյալի, ե՛ւ ներկայի ստեղծագործողներին: Եվ այստեղ է հավանաբար նրա տաղանդի մեծությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 28-02-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ