«ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ»-Ն ԻՐԱՆՈՒՄ ԱԲԲԱՍ ՋԱՀԱՆԳԻՐԻԱՆ Պարսիկ գրողի հիացիկ գրախոսականը Ե. Օտյանի անմահ երգիծավեպի մասին Վերջերս Թեհրանում լույս է տեսել Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» երգիծավեպը պարսկերեն լեզվով, թարգմանությամբ Անդրանիկ Խեչումյանի: Իրանական գրական շրջանակներին ներկայացվելուց շատ կարճ ժամանակ անց Օտյանի գլուխգործոցը մեծ ուշադրության է արժանացել, եւ արագորեն սպասված տպաքանակին հաջորդել է երկրորդ հրատարակությունը: Գրքի շնորհանդեսին ներկա են գտնվել պարսիկ մեծ գրողներ, թարգմանիչներ, դերասաններ, ռեժիսորներ եւ մտավորականներ: Օտյանի արժանավոր գործին արժանի գնահատական է տվել պարսիկ ամնահայտնի գրողներից Աբբաս Ջահանգիրիանը, որի հոդվածը թարգմանագար ներկայացնում ենք ստորեւ: Ինչպես պիտի նկատի ընթերցողը, նա «Ընկեր Փանջունին» համեմատել է Սերվանտեսի «Դոն Կիխոտի» հետ եւ ընդհանրացումներով ընդգծել հայ երգիծաբանի գործի համամարդկային արժեքը:
Գրքի անունն է «Ընկեր Փանջունի», հեղինակն է Երվանդ Օտյանը, պարսկերենի է թարգմանել Անդրանիկ Խեչումյանը, տպագրել է «Օֆող» հրատարակչությունը, 1500 տպաքանակով, 2014 թ. Թեհրան: Գրքի համառոտ բովանդակությունը: Փանջունին, որ անգործ է եւ նյութական ահավոր ու անձուկ վիճակում է գտնվում, որոշում է դառնալ հեղափոխական: Նա գործուղվում է Ծապլվար գյուղը, որտեղ պիտի ստանձի քարոզչի (պրոպականդիստ) դեր ու պատասխանատվությունՙ իր պատկանած կուսակցության գաղափարները տարածելու առաքելությամբ: Գյուղում չկան դասակարգային բաժանումներ, եւ Փանջունին, պարտավորված, մի արտ ու երկու գլուխ կով ունեցող մի ծեր տղամարդու ներկայացնում է իբրեւ բուրժուա եւ մի անուս քահանայիՙ բուրժուազիայի պաշտպան ու ջատագով, իսկ գյուղի երկաթագործին եւ մի խուլիգան երիտասարդիՙ որպես հեղափոխականներ: Փանջունին այդ թվացյալ ու թխածո հեղափոխականներին միջոց դարձնելով, պայքար է սկսում իր երեւակայական թշնամիների դեմ: Հրատարակիչ, թարգմանիչ, հեղինակ եւ գրքի բովանդակություն, ահավասիկ այն գլխավոր գործոնները, որոնք որոշիչ դեր ունեն հրատարկվող գրքի հաջողության, տարածման եւ լայն լսարան ու ընթերցող շահելու առումով, ուստի բախտավոր է այն գիրքը, որ միաժամանակ օժտված լինի այդ չորս գործոններով: 1-Հրատարակիչ: «Օֆող» (հորիզոն) հրատարակչությունը, որը ոչ-պետական հրատարակչություննների թվում Իրանում բարի համբավ է վայելում, անշուշտ նաեւ գրքի տարածման եւ իր յուրահատուկ վերաբերմունքով հանդեպ այն ստեղծագործողների, ովքեր գրական շրջանակներում հասցրել են հեղինակություն նվաճել: 2-Թարգմանիչ: Անդրանիկ Խեչումյանը, որպես թարգմանիչ, իր գործը կատարում է նրբանկատ բծախնդրությամբ, նկատի ունենալով երկու լեզուների աշխարհագրական եւ մարդկային դրվածքն ու արժանիքները: Խեչումյանը, Իրան-Հայաստան գրական կապերի հիմնասյուներից է: Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լեւոն Անանյանը, որ վերջերս ծանր հիվանդության պատճառով հրաժեշտ տվեց կյանքին, այս բնագավառում շնորհակալ դեր ունեցավ: Գեվորգ Ասատրյանն ու Էդվարդ Հախվերդյանը եւս իրենց լուրջ ներդրումն են ունեցել եւ շարունակում են ունենալ նույն ասպարեզում: Անդրանիկ Խեչումյանը, շուրջ 20 անուն գիրք հայերենից պարսկերեն եւ պարսկերենից հայերեն թարգմանած լինելուց բացի, երկու երկրների միջեւ մշակութային հարաբերությունների խթանման նպատակով իրականացրած աշխատանքներում եւ հատկապես կինոյի եւ թատրոնի բնագավառում էլ մնայուն եւ ազդեցիկ իր նվիրված աշխատանքների շնորհիվ, պարգեւատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկյա մեդալով: Նրա յուրաքանչյուր թարգմանությունը ավելի կատարյալ է նախորդից եւ դա փաստ է առ այն, որ նա օր-օրի ավելի լավ է տիրապետել իրանական եւ հայկական գրականությանը: 3-Հեղինակ: Երվանդ Օտյանը 1869 թ. սեպտեմբերի 19-ին ծնվել է Կոստանդնուպոլսում եւ 1926 թ. հոկտեմբերի 3-ին, 57 տարեկանում, մահացել է հայրենի ծննդավայրից հեռու Կահիրեում, ուր եւ հողին է հանձնվել: Նա գրականություն է մտել թարգմանելով ռուս մեծ գրող Տոլստոյի գործերից, սակայն օսմանական Թուրքիայում հայոց ցեղասպանությունը փոխել է նրա գրական ուղին եւ սկսել է գրել ու ստեղծագործել ինքնուրույն: Օտյանը Իրանում ճանաչված գրող չէ, բայց իրանահայերը շատ լավ գիտեն նրա «Անիծյալ տարիներ» հուշագրությունը: Գիրքը ազդեցիկ եւ նշանակալից ստեղծագործություն է, որում ներկայացնում է հայերի ցեղասպանությունը Թուրքիայում: Օտյանը թերեւս շատ ուշացումով ներկայացվեց Իրանում, սակայն «Ընկեր Փանջունի»-ով իրանական գրական շրջանակներին ներկայացվելուց շատ կարճ ժամանակ չանցած, այնքան մեծ եղավ նրա նկատմամբ ուշադրությունը, որ գիրքը շատ կարճ ժամանակաընթացքում (ընդամենը շուրջ 50 օր) երկրորդ հրատարակության արժանացավ: Նա այս երգիծավեպը գրել է այնպիսի խելամտությամբ, որ հեռու չի թվում այն օրը, երբ նրա անունը Իրանում կդասվի հանաշխարհային չափանիշներով ճանաչված գրողների շարքում: 4-Գիրքը (ըստ իր բովանդակության): «Ընկեր Փանջունի» գրքի պարսկերեն թարգմանության «Օֆող« հրատարակչության կենտրոնավայրում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում ինձ համար մի հարց մնաց անպատասխան, թե կյանքի երիտասարդ տարիներին ահավոր եւ ոչ մարդկային պայմաններում ապրած Օտյանը, որ ի դեպ եղել է վկան ու ականատեսը աշխարհի դաժանագույն ցեղասպանության, այդ ինչո՞ւ »Ընկեր Փանջունի«-ում չի ողբում ու սգում այդ աննկարագրելի եղեռնը, այլեւ իր ստեղծագործությանը երգիծանքի տարազ է հագցնում: Գիրքը կարդացի եւ հարցիս պատասխանը հե՛նց գրքում գտա: Ես կարծում եմ Օտյանը երկու պատճառով է նախընտրել երգիծանքը իր ստեղծագործություններում: ա) Հայ ժողովուրդը դաժան եւ աղետալի ցեղասպանության հետեւանքով հոգեկան ծանր պայմաններում հայտնվելով մոռացության էր տվել ժպտալու եւ կենսուրախ լինելու տրամադրությունը, ինչի կարիքը հոգեկան եւ հասարակական սոսկալի արհավիրք ապրած ժողովրդի համար կարեւոր է, Օտյանը ճիշտ ու համոզումով էր հասկացել եւ այդ թեման նրա մտքում հուզմունք ու խռովք էր առաջացրել: բ) Օտյանը փորձել է բացատրել ու ցույց տալ արմատները այնպիսի մտածողությունների, որոնք տանում են ցեղային, ազգային, կրոնական ու քաղաքական բռնադատություններով հագեցած անմարդկային ու ռասիստական դաժանությունների: Օտյանը գիտեր, որ այն, ինչ Օսմանական պետությունն իրագործեց հայ ազգի նկատմամբ, ոչ թե անհատի կամեցողության ու զգացմունքների, այլ մի ինքնահմայված գաղափարախոսության արդյունքն էր, որ ասում էրՙ «մենք բոլորից բարձր ենք, որովհետեւ մեր գաղափարն ու ցեղի տեսակն է բոլորից բարձր, եւ նա ով մեզ հետ չէ, մեր թշնամին է եւ պետք է ոչնչացվի»: «Ընկեր Փանջունի»-ն ներկայացնում է բարձր հովերով տարված, կարիերամոլ, ցնորական մտքերով մոլորված անհատականություն, որպիսիք իրենց համարում են աստծո ստվերը կամ տեղակալը երկրի վրա, կամ էլՙ ճշմարտության ու հասարակական արդարության մարմնացում եւ մարդկության փրկիչ: Եվ այդպես, համոզված են, որ այդ մենաշնորհյալ ճշմարտությանը մերժող ու դրան դեմ գնացող յուրաքանչյուր անհատ իրենց ոսոխն է եւ պետք է վերացվի: Ստալինը բնավ չեր պատկերացնում, որ հազարավոր գրողների, գիտնականների ու մտավորականների աքսորը Սիբիրի մահվան ճամբարներ, անմարդկային ու անբարոյական արարք է: Նրա մասին կան բազմաթիվ ճչացող փաստեր, ըստ որոնց նա իր կազմակերպված ու սիստեմատիկ դաժանությունները դնում է իր դավանած գաղափարախոսության ու իդեալների հիմքերում, մարդու երջանկությունը տեսնելով իր ցնորամտությունների իրականացման մեջ: Հակասությունն ու հակադրությունը հիմնական տարրերն են երգիծանքի, եւ իրականությունն ու երեւակայությունը հակադրվելով այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ հեգնանք ու ծիծաղ են դրոշմում ընթերցողի կամ ունկնդրի դեմքին: Դոն Կիխոտը ձգտում է ձեռնունայն, մի ձիով, մի նիզակով, մի զինվորով (Սանչո) եւ մի էշով պատերազմի գնալ ընդդեմ թվացյալ թշնամու: Օտյանը, անտարակույս, ծանոթ է եղել այն աշխարհին, որն իր անմահ վեպում պատկերել է Սերվանտեսը: Այդ երկու ստեղծագործություններն ունեն շատ ընդհանրություններ: Իհարկե «Ընկեր Փանջունի»-ն ավելի խորիմաստ ու խորաթափանց է, քանզի նա մատ է դնում համամարդկային մի մեծ վերքի վրա եւ վերլուծում ու փորձում է բացել այնպիսի մտայնության ծալքերը, որոնք ի սկզբանե հուզել ու ընդվզման են մղել ողջ մարդկությանը Երկիր մոլորակի բոլոր ծագերում: Գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթով հանդես եկած դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը հանգամանալի ներկայացրեց Ե. Օտյանի կյանքն ու գրական գործունեությունը: Նա ի դեպ նշեց, որ «փանջունի» բառը արեւմտահայերենում նշանակում էՙ անբան, անգործ: Եվ, ահա ինչպիսի պատահական ու հետաքրքրական նմանություն այդ երկու կերպարներիՙ Օտյանի Փանջունու եւ Դոն Կիխոտի աղքատ ու անբան օգնականիՙ Սանչոյի միջեւ: Երբ փոքր մարդիկ մեծ գործեր են վերցնում, ինքնստինքյան դառնում են այլոց ծաղրուծանակի առարկան: Հիշենք «Մեծ դիկտատորը» կինոնկարի այն տեսարանը, որտեղ Չառլի Չափլինը հանդես է գալիս Հիտլերի դերում եւ որպես մի մեծ փուչիկ խաղում է երկրագնդի հետ: Չափլինը, իր բացառիկ տաղանդի շնորհիվ, ամենայն վարպետությամբ այդ պլանը դարձնում է գերտպավորիչ ու հիշարժան: Նրա արտակարգ յուրօրինակ կոմիկ շարժումները միլիոնավոր մարդկանց դեմքերից ծիծաղ են քաղում, եւ նրանք ծիծաղում ու ատելությամբ են լցվում այն մարդու նկատմամբ, որը 22 միլիոն մարդու կյանք զոհեցՙ հանուն իր կուսակցության նեղմիտ ընչաքաղցության: Գոյատեւումը այն ժողովուրդների, որոնք հեծծում են սին պատրանքներով տարված ղեկավարների ու առաջնորդների լծի տակ, մազից է կախված, եւ ամեն պահ նրանց կարող է սպառնալ կործանման վտանգը: Աշխարհի պատմության մի մասը հենց այդ «փանջունի»-ներն են կերտել: Այդ երազկոտ գաճաճները ժողովուրդների գլխին պատուհաս դառնալովՙ նրանց պարտադրել են կործանարար պատերազմներ: Իրաքի երբեմնի բռնակալ ղեկավար Սադդամ Հուսեյնը իրեն Արաբ աշխարհի առաջնորդն էր համարում, եւ իր նկրտումներն իրագործելու համար, կառչելով իր ղեկավարած «Բաաս» կուսակցությանը, իր ժողովրդին ներքաշեց երեք իրարահաջորդ հայրենակործան պատերազմների մեջՙ ընդդեմ Իրանի, Քուվեյթի եւ Ամերիկայի: Փանջունու տեսակի մարդիկ, որոնք անկարող են կառավարել անգամ մի գյուղ, երբ մի սահմանափակ իշխանություն են ձեռք բերում, աշխարհին տիրելու մոլեգին պատրանքով են սկսում տառապել, ինչի արդյունքում տուժում են ե՛ւ իրենք անձամբ ե՛ւ իրենց ժողովուրդը: Փանջունին Ծապլվարում ոչ միայն ոչ մի ձեռքբերում չի ունենում, այլեւ պառակտում ու թշնամանք է սերմանում գյուղում, որտեղ ժողովուրդը ապրում էր խաղաղ ու համերաշխ, քանի դեռ նրա ոտքը չէր հասել այդտեղ: Ծապլվարը սոսկ մի գյուղ չէ, այլ նույնինքն ողջ աշխարհն է: Փանջունին, ուր էլ որ լինի, թշնամու կարիք ունի: Աշխարհի շատ պատերազմները, ցեղային բնաջնջումներն ու գաղափարապաշտական ընդհարումները, արդյունք-հետեւանքն են փառամոլական ինքնազմայլանքի, իսկ գաղափարական ինքնափառաբանման ախտով տառապել ու տառապում են բոլոր փանջունիները, եւ նրանց համոզմամբ, այն ինչ աղերս չունի եւ խույս է տալիս իրենց իդեոլոգիական շրջանակից, արժեք չի ներկայացնում եւ պիտի ոչնչացվի: Եվ Օտյանը այդ իդեալիստական ինքնահմայվածությունը ինչպես մեծադիր մի հայելի դնում է մարդկության դիմաց: Գաղափարապաշտական ինքնահիացմունք կոչվող երեւույթը կարող է գոյատեւել այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը չի դադարել լինելուց, այսինքն մինչեւ նրա իսպառ ապագոյանալը: Օտյանը, հենց այս երեւույթի արմատները հայտնաբերելու նպատակով է դիմել երգիծանքի արտահայտչաձեւին, համոզված լինելով, որ երգիծանքի կծող ու մերկացնող լեզուն ըստայդմ կարող է ավելի հատու եւ ազդեցիկ լինել, քան գիտական ու պատմական վերլուծություններն ու տեսությունները: Ես խոնարհվում եմ Երվանդ Օտյանի, այդ ազատատենչ մեծ մարդու անվան առջեւ, թող որ օրհնված ննջի նրա անբասիր հոգին: Ուզում են շնորհակալություն հայտնել Անդրանիկ Խեչումյանին, որ նման մի մեծ ու արժանի գրողին մեզ ծանոթացրեց եւ իր սահուն ու պերճախոս թարգմանությանբ «Ընկեր Փանջունի» երգիծավեպը պարսկերեն ընթերցելու մեծ հաճույքին մեզ արժանի դարձրեց: Կարդացե՛ք «Ընկեր Փանջունի»-ն: Պարսկերենից թարգմանեց ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ |