ԳՆԱՑՔՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԸ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ Դավիթ Մուրադյանի հերոսը Մեկնում ռելսերով... մոտեցող ամպածածկ հեռու...քայլերի արձագանքող ոլորուն աստիճաններ... վերնահարկի ճռռացող դռնակը վախվորած բացող ձեռք... մի արվեստագետի փղոսկրե աշտարակում հայտնված ընթերցող... Ինտելեկտուալ, մի տեսակ նուրբ ու խնայող աբսուրդ, ներողամիտ ժպիտով ու հեգնանքով թաթախված տողեր, բոլորովին նոր հայացք, խառնակ ժամանակների սեփական մտորումներ ու գեղարվեստական վերարտադրության կերպ, պիեսի ստեղծման նոր կառույց իր հետ գրականություն ու թատրոն բերեց Դավիթ Մուրադյանը: «Բացառություններ խոցող սուսերամարտիկի» (լսարանային ձեւակերպում` Դ. Մուրադյան) արվեստ: Այսպես դրամատուրգի արվեստը ընկալեց ուսանողների մի ողջ սերունդ: «Մեր հին դաշնամուրը», «Ժառանգության իրավունք», «Ձեր տոմսակը, խնդրեմ»: Պիեսներ, որտեղ այս հեղինակը արհեստավարժ կերպով կիրառում է իր «սուրը»: Հարված աջ ու ձախ, մեկ, երկու, երեք ու... հարվածը չի վրիպում, գտնում է իր որոշակի թիրախն ու խոցում` երբեմն զգուշական, երբեմն ձաղկող, երբեմն անխնա հեգնող, երբեմն ... «Մեր հին դաշնամուրը»: Դարավերջի ու դարասկզբի սահմանագծին հայտնված մարդու ինքնազննում: Խոհ-երկխոսություն, ընթերցողի գիտակցական աշխարհ տեղափոխված գործողություն: Դաշնամուր եւ Միքայել` իրական ու գերիրական տիրույթում հայտնված հերոս: Անցյալի եւ ներկայի միջեւ եղած հակամարտություն` նրան լքող անցյալ: Որպես կերպարի բացահայտման միջոց հեղինակը պիես է ներմուծում անցյալում հերոսի թանկ ու կարեւոր մարդկանց համր կերպարներ, որոնց հետ զրույցը դառնում է յուրատեսակ մենախոսություն, ընթերցողին մոտեցնում Միքայելի պատմությանը: Դրամատուրգը սիմվոլներով է շփվում իր ընթերցողի հետ. հետզհետե դատարկվող տուն` հեռացում ու բաժանում, մանկության փղիկներ, որոնք իրենց առեւանգված ընկերոջը գտնում են պիեսի վերջում ու յոթնյակ կազմած` իրենց իսկ ներկայությամբ երջանկություն խոստանում, լույս, որի յուրաքանչյուր մարում ունի իր դրդապատճառը, որոշակի հոգեվիճակ է արտահայտում, իսկ մոմերից մեկի վերջանալը` ճակատագրական բաժանում, հեռախոսազանգեր, ասես նյարդերիդ ամրությունը փորձող: Գնալու ու մնալու խնդիր: «Սեւ ձմեռների» (բնորոշումը` Դ. Մուրադյանի) բարեկամին վաճառել ճերմակ գարուններին նշանակում է` օտարանալ անցյալիդ, անհաղորդ մնալ դաշնամուր նվագող մանչուկին եւ դրա փոշիները սրբող մորը: Ահա այս հակասությունն է, որ ողջ պիեսի ընթացքում ուղեկցում է Միքայելին, մինչեւ որ հայտնվում է եւս մեկ, հայրենասիրությունը անվան մեջ առած կերպար` Ռուզանը: Ճակատագրական հանդիպում... Մնալու հաստատուն որոշում... ուրախությամբ եւ ազատությամբ լեցուն նոր սկիզբ խորհրդանշող որոշում: Ծանոթանալով Դ. Մուրադյանի գրական այլ ստեղծագործություններինՙ նկատելի է, որ նրա հերոսը խորհրդածող ճամփորդն է, անհատ` իր քննախույզ հայացքով եւ տպավորությունները կիսող: Պատկերը այլ է գրողի թատերախաղերում: Այստեղ այդ կերպարը ամբողջացնելու է գալիս ընտանիքը: Ընտանիք, որի անդամները հայերն են, ու որոնց շուրջ էլ այդքան ջերմությամբ հյուսում է իր պատմությունը դրամատուրգը: Կերպարներ, որոնք երեւում են իրենց ողջ ռեալությամբ: Նրանց կարելի է հանդիպել սրճարանում, պատահմամբ բախվել գնացքի սպասասրահներից մեկում: Նրանց հասկանալու համար պետք է գնացքով ճամփորդելու կուլտուրա ունենալ, թունելով ժամանող լուսարձակներին նայելիս զգալ մեկնումի ջերմությունը: Արժանապատիվ վեհությամբ է գրողը երեւան բերում իր հերոսներին: Մի յուրատեսակ արժանապատվությամբ ու ակնածանքով ես ծանոթանում նրանց հետ: Եվ այսպես` «Ժառանգության իրավունք»: Պիես, որտեղ հայ ազգի եղերական ողբերգության զոհերից մեկի ժառանգի միջոցով անցյալի արյունոտ էջերի վերհիշումն է, ինչու չէ, նաեւ` ժառանգների հանդիպում: Ցավի ու կորստի սաստիկ զգացողություն, արցունք կորզող իրողություն: Դրամատուրգը գնացել է զուսպ ու խիստ ժլատ նկարագրության ճանապարհով: Բերել է հույզեր, բայց ոչ տողերում, դրանք արթնանում են ընթերցողի հոգում, արձագանքում նրա հայկական գեներին, ծնում ընդվզում: Նրա կորստի զգացողությունը սաստիկ է, իսկ բողոքը` չձանձրացնող: Անցյալի ու ներկայի մեկտեղում, իրար հետ համերաշխ համակարգիչ եւ եռոտանի հին լուսանկարչական սարք: Բեմում մի դեպքում անցյալն է` մահերի ժամանակներում կյանք ապրեցնելու խնդիր, մյուս դեպքում ներկան` ժառանգներ եւ իրողություն: «Ժառանգական իրավունքի գրասենյակը» մի վայր է, ուր հանդիպում են ժառանգները` կորստյան ցավը սրտներում: Որքան ընդհանրություններ ունեն այս մարդիկ, որքան չասված խոսքեր ու անկատար նպատակներ, որքան ուշացած են նրանք: Տղամարդ կոչվող կերպարը այդ գրասենյակում իր անցյալն է գտնում, հաստատվում սրճագույն սյուրթուկով, ժամացույցի շղթան գրպանից կախ ինքնահրկիզված մտավորականի ժառանգ: Հերոսների յուրաքանչյուր շարժում իր տրամաբանությունն ունի, ծնվում է ներքին խորը հուզական տեղաշարժերից: «Ձեր տոմսակը, խնդրեմ»: Դրամատուրգը ժամադրավայր է բերում մի բուռ ուղեւորների, առիթ տալիս հանդիպելու` տարբեր գաղափարների տեր, կյանքի առաջին տասնամյակներն անցած միայնակների, ովքեր ունեն միմյանց կարիքը: Թվում է, միայն այս կերպ է հնարավոր այսպիսի ժամանակներում մարդուն մղել շփվելու, հաղորդակցվելու: Եթե նախորդ պիեսների հերոսները երեւանյան փողոցներով շրջող մարդիկ էին, ապա այս հերոսները` «աշխարհի քաղաքացիներ» (ձեւակերպումը` Դ. Մուրադյանի): Պիեսում իր որոշակի նշանակությունն ունեն հերոսների անունները, որոնք բխում են նրանց կերպարային առանձնահատկություններից: Դրամատուրգը անտարբեր չէ նաեւ լույսի, աղմուկի, շչակի, ռելսերի զրնգոցի նկատմամբ: Սրանք դառնում են ազդակներ ` մթնոլորտ ձեւավորող, կերպարի ներքինը բացող: Էքսպոզիցիան ծայր է առնում հսկիչի «Ձեր տոմսակը, խնդրեմ» չափազանց քաղաքավարի ու հեգնահունչ բառերով, որը խթանում է բացելու կյանքի աբսուրդայնության, սպասման, ինչ-որ անհայտ գալիքի նկատմամբ ունեցած տագնապի թեման: Պիեսում առկա հերոսներից իմաստնացած մի կնոջ` Մալգոժատայի խնձորներով հրապուրելու գայթակղիչ առաջարկները ակամա հիշեցնում են մարդկության նախնիների պատմությունը, եւ այստեղ էլ խնձոր վերցնողը իր կատարած ընտրության համար պատասխանատու է դառնում: Նրանք բոլորն էլ, ասես, դրախտ են փափագում, յուրաքանչյուրը տարբեր, յուրովի, իր երեւակայության մեջ հառնող: Ուղեւորներից մեկին` Պետերին, ճակատագիրը որոշում է հեգնել, հրապուրում փառքով, ապա` խլում այն: Հաջորդող զարգացումները ցույց են տալիս հերոսի հոգու ներքին հակասությունը, ամբողջովին նոր կյանք սկսելու մարմաջը: Սա էլ իր հերթին, ասես, ստիպում է մտածել, որ կյանքը այլաձեւ խաղ է, որի կանոնները հարափոփոխ են, դրանց գուշակումը` պարտություն: Հարգանքի հասնող կիրթ խոսքը վստահություն է ներշնչում հսկիչի` Թոմասի նկատմամբ: Ի վերջո, նա է կարգված պիեսի հանգուցային կետերում, նա է Աբելի հետ կիսում խոհական ծանրությունը եւ, ի վերջո, հենց նա է հանդիպում իրականի մեջ` անիրականին, ինքն էլ յուրովի ճաշակում իրականության ու միայնակության դառը համը: Տիրող անհասցե սպասումը ցրելու են գալիս սեւ ակնոցներով, բայց գունեղ հոգով երկու երիտասարդ, իրենց հետ բերելով հեգնանքի մի ծփանք: Նրանց «փառահեղ» մուտքը եւ սպառնական թեմաները կյանքի վերաիմաստավորման մի նոր հնարավորություն են: Հենց հերոսուհու` Աննայի խոսքերով էլ կարելի է եզրակացնել. երազ-ճամփորդություն-իրական կյանք: Հեղհեղուկ սահմաններ` որքան իրական, այնքան էլ` անիրական: Ասես, ձանձրանալով` դրամատուրգը հապշտապ ավարտում է հանդիպումը, հրահանգում գնացքավարին` շարժվել, նույնքան հրատապ էլ հրաժեշտ տալիս: Գնացքը հեղինակի մոտ, ասես, հանդես է գալիս որպես մետաֆոր` որպես կյանքի, տապանի, խոստովանարանի: Վայր, ուր հանդիպում են հնարավորն ու անհնարը, իրականացված եւ չիրականացված երազանքները եւ սուրում ռելսերով դեպի անհայտություն: Իմպրեսիոնիստական մի իլյուզիա է հայտնվում ընթերցողի մտքում, որտեղ ներդաշնակորեն ձուլվում են դաշնամուրի ու գնացքի արձակած հնչյունները, ցուրտ ու նուրբ, երբեմն ջերմ գույները, որոնց խառնվում է բալենու ծաղիկների բույրը: Դավիթ Մուրադյան ընթերցողը, ասես, հետապնդում է մի հավերժ ուղեւորի, նրա հետ գնացքից-գնացք տեղափոխվում, լինում մեկ այս, մեկ այն կուպեում, երբեմն կորցնում նրան հոծ ամբոխի մեջ, բայց ի վերջո վերագտնում նրան` ծխելիս, գրելիս, նկարելիս, նվագելիս կամ էլ պատուհանից դուրս նայելիս: Ու այսպես` կայարանից-կայարան: Դա մի ընթերցում-ճամփորդություն է, որը դառն ու քաղցր ժամանակներիդ սպեղանին է: Ինքդ քեզ hանդիպեցնող ուղիների որոնում: ...Եվ այսպես` շչակները սուլում են, իրարանցում է, գնացքը փնչալով սլանում է... |