ՏԱՏՅԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ Է ՕԳՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ...» ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երկարամյա տնօրենը նշում է իր 90-րդ տարեդարձը ...Այս ազնվատես կինը ամեն օր Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց է գնում արդեն 60 տարուց ավել, որից գրեթե 30-ը (մինչեւ 2007 թ., երբ արդեն 83 տարեկան էր)ՙ որպես տնօրեն... Նրա սաների առաջին սերունդը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ են, ովքեր իրենք արդեն թոռնիկներ ունեն, եւ այդ թոռնիկները այսօր եւս նույն մանկավարժ տիկնոջ սաներն են... Անշուշտ խոսքը Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցի տնօրեն, Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, խորհրդային «Պատվո նշան» շքանշանակիր Տատյանա Բագրատի Հայրապետյանիՙ հռչակավոր Տատյանա Բագրատովնայի մասին է, որին, վստահաբար, հնարավոր չէ բնութագրել ավելի դիպուկ, քան դա արել է դպրոցի շրջանավարտ, հետագայումՙ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զ. Տեր-Ղազարյանը իրՙ Տ. Հայրապետյանի «Մեղեդիներ իմ հուշերի...» ինքնակենսագրական գրքի (2004թ.) նախաբանում. «Տատյանա Բագրատովնա. կես դար եւ մի օջախ, որի լույսի, անշեջ կրակի պահպան ու պահապան անունն է նա: Անկրկնելի վառ անհատականությունՙ ամբողջական եւ ներդաշնակ իր արտաքին եւ ներքին միասնության մեջ : Աշխույժ, կենդանի հայացք, վարվռուն աչքեր, միշտ ժպիտի պատրաստՙ թվացյալ խստությամբ սեղմված շուրթեր: Հազվագյուտ համադրության անձնավորությունՙ կեցվածքի վեհությամբ ակնածանք ներշնչողՙ ամենուր եւ բոլոր պարագաներում, բայց եւ միեւնույն ժամանակ հաստատ համոզմունք, որ այս մարդու հետ կարելի է հավասարի պես ընկերություն անել: Ակտիվ, խոսուն, աղմկոտ, նաեւ լռակյաց, ուշադիր ունկնդիր, որը լսել գիտի, իր բարձունքումՙ ուրիշի խորհուրդին ականջ դնել, համոզել եւ համոզվելՙ եթե արժանի է: Անդավաճան ընկեր է եւ գիտի գնահատել ու տարբերել իրականն անիրականից, էականնՙ անէականից մարդկային հարաբերությունների մեջ: Եվ եթե սիրեց մեկին, ապա նվիրումով եւ ընդմիշտ, իսկ եթե չընդունեցՙ հավերժ: Ռոմանտիկ եւ պրակտիկ Տատյանա Բագրատովնա, որի սիրտը կարող է հուզվել , բայց ճկուն միտքը միշտ կգտնի ամենաճիշտ եւ կարճ ուղին: Տեր է իր գործին, իր դպրոցին: Հավատարիմ է իր սկզբունքներին, իր կոչմանը: Թիկունք է իր ընտանիքին: Մարտիկ է. եւ առաջինը կրակը կնետվի պայքարիՙ իր յուրաքանչյուր աշակերտի համար: Տատյանա Բագրատովնա. անուն, որն արդեն առավել քան կես դար խոր ակոսով ընթանում է հայ երաժշտության միջոցովՙ ուղեկցված երախտապարտ աղերսներով: Տղամարդ կին է: Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի, մեր հարազատ եւ սիրեցյալ «տասնամյակի» , մեր alma mater-ի սիրտ ու տնօրեն Տատյանա Բագրատովնա Հայրապետյանը: Մեր Տանյան...»: ..Երբ ծանոթանում ես Տատյանա Բագրատովնայի կենսագրությանը, ապա համոզվում ես, որ հենց այսպիսի մարդկանց են ամերիկացիները կոչում «self-made man»... Վաղ հասակում նա կորցրել է հորը, հետո էլ, երբ երեխաները պատանի էին, ամուսնունՙ Մեծ հայրենականը սկզբից մինչեւ վերջ անցած զինվորական, հետագայումՙ շնորհալի ճարտարապետ Բագրատ Սմբատյանին, դրանից հետո էլՙ ավագ որդունՙ Սերգեյին, սակայն երբեք չի ընկճվել: Դեռ ավարտած չլինելով Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Տատյանա Հայրապետյանը միանգամից ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիան, սակայն ճակատագիրը մի նոր հարված է հասցրել. քիչ անց սկսվեց պատերազմը, եւ նա ստիպված էր վերադառնալ Երեւան: Բայց ինչպես ասում ենՙ չկա չարիք առանց բարիքի. Մոսկվայի եւ Լենինգրադի կոնսերվատորիաների մի շարք պրոֆեսորներ էվակուացվեցին Երեւան: Ինչպես իր գրքում գրում է Տատյանա Բագրատովնան, «...Այդ տարիների Երեւանի կոնսերվատորիան շնորհիվ դրա հսկայական վերելք ապրեցՙ Իգումնով, Քուշնարյով, Պավլյուչենկո, Տիգրանով, Գաբրիելյան... Ահա եւ ես այստեղ դարձա Ավետ Գաբրիելյանի ուսանողը, իսկ երբ մեզ ետ հրավիրեցին Մոսկվաՙ ես շարունակեցի իմ ուսումնառությունը հանրահայտ Յակով Իլյիչ Ռաբինովիչի դասարանում...» : Մոսկվայում ուսանելու տարիներին Տ. Հայրապետյանի ուսումնակիցներն են եղել այնպիսի անուններ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ադամ Խուդոյանը, Գերոնտի Թալալյանը: Ընդհանրապես, այն տարիների Մոսկվայում Հայ մշակույթի տան հանրակացարանում, հայ, խորհրդային եւ համաշխարհային երաժշտության վերը նշված ապագա աստղերից բացի օթեւանել էին արվեստի այլ բնագավառների ապագա հեղինակություններՙ Երվանդ Քոչարը, Լաերտ Վաղարշյանը, Յուրի Երզնկյանը, Նիկողայոս Նիկողոսյանը եւ ուրիշներ: Դրա փորձասենյակներում պարապում էին ինքըՙ մեծն Արամ Խաչատրյանը, Կոմիտասի անվան քառյակի եւ ջութակի հայկական կատարողական դպրոցի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը: «...Գալիս էին հաճախ մեր մշակույթի տուն Մոսկվայում արդեն հայտնի հայերՙ Պավել Լիսիցյանը, Վահրամ Փափազյանը, Աշոտ Արզումանյանը, ավիակոնստրուկտոր Սերգո Միկոյանը...»: ատյանա Հայրապետյանի հուշերում, միջին, առավել եւսՙ ավագ սերնդի ընթերցողը հասկանալի հուզմունքով է կարդում հեղինակի այն տողերը, որտեղ առանձնահատուկ ջերմությամբ է պատմվում, թե ինչպիսի՛ մթնոլորտ էր տիրում Մոսկվայում ուսանող հայ երիտասարդների շրջանում, ովքեր երբեմն կիսաքաղց էին, երբեմնՙ կարգին հագնելու բան էլ չունեին... «Շատ համերաշխ էինք ապրում իրար օգնելով, իրար պահելով, մեկս մյուսին երեւանյան դելիկատեսներով հյուրասիրելով... Ինձ երբեմն թվում է, որ այս մեր երիտասարդ արվեստագետներին այս շփումը շատ է պակասում, մեկուսացված են, ամեն մեկն իր հոգսերով, իր նեղ նպատակներով, հաճախ իրար չեն էլ ճանաչում եւ չեն էլ պատկերացնում, թե ինչքա՛ն բան են կորցնում դրանով այս կյանքւոմ: Ճիշտ է ասել Էքզյուպերին - «ամենաթանկ բանը այս կյանքումՙ մարդկային շփումն է»: ...Պատերազմի տարիներին կոնսերվատորիայի ուսանողուհի Տատյանա Հայրապետյանը հաճախ է ելույթներ ունեցել հոսպիտալներում վիրավոր մարտիկների առաջ , եւ եթե նրանց մեջ հայեր էին լինում, ապա խնդրում էին նվագել ինչ-որ մի բան հայ կոմպոզիտորներից: Այսպես է գրում այդ դրվագների մասին Տատյանա Բագրատովնան. «...Եվ ե՛ս էի հուզվում, եւ իրե՛նք էին հուզվում, իսկ ես ինձ մի քիչ բավարարված էի զգում, որ մի բանով օգտակար եմ դառնում մեր մարտիկներին: Երբեմն հայ վիրավորները նաեւ նամակներ էին խնդրում հասցնել Հայրենիք: Հուզիչ էր, որ ինձ ընկալում էին իբրեւ Հայաստանի շունչը, ոգին իրենց բերող, Հայաստանի հետ կապող օղակ...» : ...Մոսկվայի կոնսերվատորիան գերազանց ավարտելուց հետո Տատյանա Հայրապետյանը, ով կարող էր առանց մեծ դժվարությունների մնալ ԽՍՀՄ մայրաքաղաքում, գտնել լավ աշխատանք, այնուամենայնիվՙ որպես հայ եւ տոհմիկ երեւանցիՙ վերադառնում է հայրենի Երեւան: Եվ շատ բնական է, որ փայլուն կատարողներ Գաբրիելյանի, Ռաբինովիչի, Յամպոլսկու, նաեւՙ մեծն Արամ Խաչատրյանի սանը սկսեց ակտիվ կատարողական-համերգային գործունեություն. սիմֆոնիկ նվագախումբ, համույթներ, ելույթներ ռադիոյով, համերգային երեկոներ: Սակայն երբ դրան զուգահեռ սկսեց իր մանկավարժի գործունեությունը, ապա, իր իսկ խոստովանությամբ, զգաց, որ դա իր կոչումն է, հավատամքը, եւ շուտով այն լիովին կլանեց նրան: ... Ապագա ամուսնու հետ Տատյանա Հայրապետյանը ծանոթացավ Մոսկվայում ուսանելու տարիներին... Իր նկատմամբ Բագրատ Սմբատյանի զգացմունքը այնքան մեծ էր, որ նա թողեց աշխատանքը, կապերը, տունը Մոսկվայի կենտրոնում եւ տեղափոխվեց Երեւան: Պոլիտեխնիկական ինստիտուտում բացվեց նրաՙ ճարտարապետի եւ մանկավարժի ամբողջ տաղանդը: (Սույն տողերի հեղինակը, այս հոդվածը պատրաստելիս, պատահաբար տեղեկացավ, որ Բ. Սմբատյանը 50-ականներին դասախոսել է նաեւ հայրիկիս, որի բնութագրմամբ Բագրատ Սմբատյանը «հիանալի մարդ եւ դասախոս էր, իսկական ինտելիգենտ») : Տիկին Սմբատյանը իր գրքում այսպես է գրում. «Քսան տարի Բագրատի հետ եւ հետո համարյա քառասուն տարիՙ առանց նրա: Բայց նրա թողած հուշերով, մտքերով եւ մեր երեխաներովՙ ամենամեծ նվերը մեր կյանքում, որոնք ամեն մեկն յուրովի, հոր լավագույն գծերի ժառանգորդն ու շարունակողը դարձան: Ես Սերյոժիկի ինտելիգենտ համեստության, կիրթ կեցվածքի, գրքասիրության, հայրենասիրության մեջ տեսնում էի Բագրատին: Արմենի բարի հոգին, միշտ օգնելու ու հասնելու, կարեկցելու, անսպառ աշխատասիրության եւ նորից հայրենասիրության մեջՙ ես տեսնում եմ էլի Բագրատին: Նրանք արտաքինով էլ բոլոր երեքնՙ իմ սիրելի տղամարդիկ, նման էին միմյանց եւ հարազատ իմ հոգուն մի ուրիշ ջերմությամբ: Բագրատի հետ կյանքը ինձ կարճ ժամանակ էր վերապահել, բայց նա ինձ շատ օգնեց մեր տղաներին իրական հայ, հայրենասեր եւ քաղաքացի դաստիարակել» : ...Սույն հոդվածի հեղինակին բախտ է վիճակվել ծանոթ լինելու Սերգեյ եւ Արմեն Սմբատյանների հետ դեռեւս 90-ականներից: Սերգեյի հետ միասին աշխատել ենք ՀՀ ԱԳՆ-ում: Չափազանց համեստ, կիրթ, բարեհամբյուր մարդ էր: Եվ դրա մեջ ինչ-որ մի հմայք կար... Բոլորի կողմից սիրված մարդ էր Սերգեյը, կամ, ավելի ճիշտՙ Սերգեյ Բագրատովիչը, մեր ավագ գործընկերը... ...Երբ իմացանք, որ անբուժելի հիվանդություն են իր մոտ հայտնաբերել, բոլորս շոկի մեջ էինք... ...Դե իսկ Արմեն Սմբատյանի հետ ծանոթացա այն տարիներին, երբ կոնսերվատորիայի ռեկտոր էր: Հիշում եմ. գյումրեցի ազգականիս դստրիկը փայլուն լսողություն ուներ, սակայն, հասկանալի պատճառներով, ուսման վարձքը չէր կարող վճարել: Դիմեցինք ռեկտոր Արմեն Սմբատյանին: ...Նա նստեցրեց երեխային ռոյալի մոտ, ասաց. «Բալիկս, մի բան նվագի, հա՞»: ...Հինգ րոպե անց արդեն համապատասխան կարգադրություններ էր տալիս պատկան աշխատակիցներին: ...Տարիներ անց կոնսերվատորիան գերազանցությամբ ավարտած դաշնակահար ազգականուհիս Գյումրիից ամուսնացավ իր համակուրսեցու հետ, տղա ունեցան, անունն էլ դրեցին... Արմենՙ ի պատիվ Արմեն Սմբատյանի, ով այդ պահին արդեն Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր, դրանից հետո էլ ցայսօրՙ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրենը... ...Շատ կուզենայի հուսալ, որ կրտսեր որդու մեծ հաջողությունները ի վիճակի են գոնե ինչ-որ չափով մեղմել Տատյանա Բագրատովնայի մեծագույն վիշտը ավագ որդու անդառնալի կորստի առիթով: Մի բանում, սակայն, կարող ենք վստահ լինել. իր ավագ որդուՙ Սերգեյ Սմբատյանի լավագույն գծերը նա կարողացել է լավագույնս փոխանցել սիրելի թոռանը եւ իր սանինՙ Չայկովսկու անվան դպրոցումՙ կրտսեր Սերգեյ Սմբատյանին, իր սիրելի Սերյոժիկին, ով ընդամենը 19 տարեկանում հիմնադրեց կոնսերվատորիայի երիտասարդական նվագախումբը, որն այսօր գրեթե լիովին կայացած, Հայաստանում եւ արտերկրում արագորեն աճող համբավ վայելող մի համույթ է: «... Ուզում եմ Սերյոժայի մեջ տեսնել իմ բոլոր իրականացված ու չիրականացված երազանքներն ու նպատակները» ՙ այսպես է իր գրքում գրում Տատյանա Բագրատովնան իր կրտսեր թոռան մասին: Տատյանա Հայրապետյանը, իր իսկ խոսքերով, դպրոցի ամեն մի աշակերտի հետ դարձել է յոթ տարեկան փոքր երեխա եւ տասնմեկ տարի հետները միասին սովորել, մեծացել եւ ավարտել է: |