RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21 > #005, 2014-03-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 14-03-2014



-ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-03-13 23:39:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2968, Տպվել է` 76, Ուղարկվել է էլ.փոստով` 69

«ԱՆՏԱՐԵՍ». ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՐԿ

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Երկու տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո սկսվեց «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումը: Իսկ այսօր ինչպիսի՞ վիճակում են հայ գրքի հրատարակումն ու տարածումը: «Անտարես» հոլդինգը իր տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ Հայաստանի յուրօրինակ եւ էկլեկտիկ հրատարակչական կառույցներից մեկն է: Դա հույս է ներշնչում, որ գրքի շուկան ապագա կունենա:

Երեւանի գրախանութներում եւ թերթի կրպակներում կարելի է տեսնել «Անտարեսի» հրատարակած դասական եւ ժամանակակից ստեղծագործություններ. գրքերի չափերը հարմար են, գներըՙ ոչ այնքան բարձր: Արմեն Մարտիրոսյանի հիմնած «Անտարեսը» ոչ թե սոսկ հրատարակչություն է, այլ մի իսկական հոլդինգ, որը գործում է հաղորդակցության, գովազդի ոլորտներում, ունի դիզայնի ստուդիա, խորհրդատվական գրասենյակ, տպարան եւ, իհարկե, հրատարակչություն: Իր բազմապիսի ծառայությունների շնորհիվ «Անտարեսը» կարողացել է արդյունավետորեն հարմարվել մեծ փորձությունների հետ կապված այս զբաղմունքի վայրիվերումներին:

Խավար ու ցուրտ ժամանակներումՙ 1992 թվականին հիմնադրված ձեռնարկությունը գոյատեւել է մի քանի վճռորոշ գործոնների շնորհիվ, որոնցից գլխավորը տնօրենի հրատարակչական խստապահանջությունն է: Իսահակյան փողոցում գտնվող Արմեն Մարտիրոսյանի աշխատասենյակում պատերը ծածկված են զանազան պատվոգրերով, այստեղ-այնտեղ դրված են թղթապանակներ: Տնօրենն ունի բաց գույնի աչքեր, գրավիչ հայացք, ձեւավոր մորուք, արեւառ դեմք եւ (յուրօրինակության գագաթնակետ) ծխում է ցախուց պատրաստված ծխամորճ: Արմենը սերնդակից է այն երիտասարդ համալսարանականների, որոնք անկախության նախօրեին քսան տարեկան էին, եւ որոնց կյանքի ընթացքը լրջորեն սասանվեց: Կրթությամբ մաթեմատիկոս Արմենը մութ տարիներին դիմացավ գերընդունակ եւ մի քիչ էլ ցրված գնչուի նման:

Ինձ հետ զրուցելիս նա ընդհանուր գծերով պատմում է իր արկածները: Անկախության պահին իրենք նույն ֆակուլտետի չորս տաղանդավոր ընկերներ էին, երիտասարդ, գեղեցիկ, մի քիչ էլ խենթ: Առաջին փորձը «Սիեստա» գովազդային գործակալությունն էր, ոը 1996-ին տեղը զիջեց «Անտարեսին»: Դա Կարիճի համաստեղության գերհսկա զուգաստղի անունն էր, որի տրամագիծը 700 անգամ գերազանցում է Արեգակի տրամագծին: «Հակամարտությունը նոր էր ավարտվել: Դրա ընթացքում իշխանությունները կարողացել էին անել անհնարինըՙ մեզ մոռանալ տալով, որ պատերազմի մեջ ենք: Այդ ժամանակաշրջանում ստեղծագործական կյանք կար: Այսօր հասարակության բոլոր ցավերը բխում են գլխավորապես մեկ պատճառից. երկիրը կառավարում են անկիրթ մարդիկ:

Նրանք ինչպիսի՞ օրինակ կարող են ծառայել բնակչությանը», ասում է տնօրենը:

Ձայնը տրվում է երիտասարդ տաղանդներին

Ընդդիմության շարքերում ոմանք անպտուղ ճարտարապետությամբ են բավարարվում այն ժամանակ, երբ հարկավոր է դատապարտել իշխանության թերացումները մշակութային քաղաքականության մեջ: Նույնը չի կարելի ասել Արմեն Մարտիրոսյանի մասին: Իր բազմաճյուղ հոլդինգի միջոցով նա անհավասար պայքար է մղում անկախացումից ի վեր եկիրը քայքայող դանդաղ անկման դեմ: Նրա աչքերի առաջ ի չիք դարձավ պոտենցիալ ընթեցողների մի ամբողջ սերունդ: Հարկավոր է այդ կորուստը մեղմացնել ներքեւից: Անհրաժեշտ է մասնակցել կյանքի դժվարություններից ուժասպառ եղած հասարակության արթնացմանը, նրան դիմելով «ոչ թե որպես հպատակի, այլ որպես քաղաքացու», մինչդեռ այդ եզրույթը «հանված է քաղաքական ղեկավարների բառապաշարից»:

Մոտ հարյուր երկ լույս ընծայած հրատարակչությունը զգալի տեղ է հատկացնում երիտասարդությանը: Կան ամեն տարիքի երեխաների համար անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից եւ նույնիսկ պորտուգալերենից թարգմանված խաղային գրքեր: Որակով դրանք բնավ չեն զիջում եվրոպական հրատարակություններին: Զուգահեռաբար «Անտարեսը» ձեռնարկել է էժան գրքերի մատենաշար, որն ընդգրկում է երիտասարդ սերնդի բազմաթիվ հայ գրողների: Արմեն Մարտիրոսյանն այդ հեղինակներին հավանաբար չէր բացահայտի, եթե չանցկացվեին գրական օլիմպիադաներ: «Ես մտադիր եմ նույն կերպ վարվել ավելի փոքրերի հետ: Դպրոցում ընթերցանությունը ծաղրի առարկա դարձնելու որեւէ պատճառ չկա: Մենք մեր առաջին օլիմպիադաները սկսեցինք երեխաների շրջանում գիրքը վերարժեւորելու նպատակով: Առաջին արդյունքները հույժ դրական են: ԱՄՆ-ի դեսպանության եւ «Ալիտալիա» ավիաընկերության հետ մեր գործընկերության շնորհիվ հաղթողները ստացան դեպի Ֆլորենցիա ճամփորդելու հնարավորություն, թեկնածուի դպրոցը նույնպես պարգեւատրվեց: Այսպիսով բոլոր տարրերն առկա են ապագայում համատեղ գործունեություն ծավալելու համար», նշում է Ամեն Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է մյուս գրական օլիմպիադաներին, դրանք վերաբերում են 16-ից բարձր տարիք ունեցողներին: Որոշ երիտասարդ տաղանդներ արդեն պարգեւատրվել են եւ աչքի ընկել: Այստեղ եւս «Անտարես» կառույցը հարթակի եւ խթանիչի դեր է կատարում:

Հայկական արձակի եւ չափածոյի ժողովածուներ հրատարակելուց բացի, «Անտարեսը» տպագրում է «Գրանիշ» ավանգարդային գրական հանդեսը, որի երիտասարդ հեղինակներն ու քննադատները կապված չեն իրենց ավագ գործընկերների միջավայրում ընդունված չափանիշներին:

«Կառուցենք նախ մեր տունը»

Սակայն «Անտարեսը» դրանով չի սահմանափակվում: Հրատարակչությունը փորձում է պրոֆեսիոնալ դարձնել գրական թարգմանությունը, որը մարդկանց մեծամասնությունը համարում է անշնորհակալ եւ վատ վարձատրվող զբաղմունք: «Հարկավոր է այնպես անել, որ համաշխարհային դասական տեքստերը թարգմանեն անմիջականորեն բնագրի լեզվից, այլ ոչ թե ռուսերենի միջնորդությամբ: Դրա համար անհրաժեշտ են միջոցներ: Արդ, երկրում չկա Գրքի ազգային կենտրոնին համարժեք որեւէ կառույց. գրքի տարածումն ու վաճառքն ապահովում են դեռեւս գործող հատուկենտ գրախանութները», ասում է տնօրենը:

Գրքերի տարածման ավանդական ցանցով չսահմանափակվելովՙ «Անտարեսը» սկսել է օգտագործել համացանցի, սոցիալական ցանցերի եւ Հայաստանի կրպակների հնարավորությունները: Հրատարակչության գործունեությունը դուրս է եկել հանրապետության սահմաններից: «Անտարեսը» նաեւ վրացերեն երկեր է հրատարակում Վրաստանի շուկայի համար, միեւնույն ժամանակ վերահրատարակելով հայ եւ օտարազգի մեծ դասականների, ինչպես նաեւ արդի հայ գրականության հայտնի դեմքերի (օրինակՙ արձակագիրներ Լեւոն Խեչոյանի եւ Վահրամ Մարտիրոսյանի) ստեղծագործությունները: «Անտարեսի» տնօրենի կարծիքով, այդ գրողները Հայաստանի «մեղմ ուժն» են, նրա մշակույթի արժանավոր դեսպանները: Իր «անդրարարատյան» հայրենակիցներին չխնայելովՙ նա «բարեկամաբար» նրանց առաջարկում է «առավոտից մինչ երեկո ցեղասպանության հարցով մտահոգվելու փոխարեն աշխարհին ներկայացնել հայ հեղինակներին»:

Այս տեղեկությունների հրապարակումից հետո ավելորդ է խոսել պաշտոնական կառույցների խաղացած համեստ (եթե չասենք հակադիր արդյունք տվող) դերի մասին: Իհարկե, կա մշակույթի նախարարություն, որը համագործակցում է «Անտարեսի» հետ: «Մենք նրանց շատ ենք քննադատում: Բայց վերջին հաշվով նրանց ծառայություն ենք մատուցում, քանի որ քննադատությունը համարժեք է անվճար խորհրդատվությանը», քահ-քահ ծիծաղում է տնօրենը: Ինչ վերաբերում է գրքի վրա դրված հավելյալ արժեքի հարկի բարձրացմանը, Արմեն Մարտիրոսյանը դժվարանում է արտահայտվել այդ հարցի առնչությամբ: Թեեւ պետությունը գրքի հետ կապված տուրքերը բարձրացրել է 20 տոկոսի, գրացանկի զգալի մասը կազմող դպրոցական եւ մերձդպրոցական ձեռնարկները չեն հարկվում: Կարեւոր նախագծերից մեկը ենթադրում է Հայաստան ներմուծել գրական երկերի տարածմամբ զբաղվող մի գործակալությունՙ հատուկ կառույց, որը գործի կդնի գրողին ընթերցողի հետ կապող շղթան:

Չնայած առօրյա կյանքի դժվարություններին, «Անտարեսը» շարունակում է ընթացքը: «Հաջողությունը երբեք պատահական չէ» կարգախոսին հավատարիմ Արմեն Մարտիրոսյանը մտադիր չէ լքել նավը: «Ես հավանություն չեմ տալիս արտագաղթին: Այստեղ իմ տունն է, իմ երկիրը: Օտարների տունը գեղեցկացնելու փոխարեն մտածում եմ նախ իմ տունը կառուցելու մասին: Տե՛ս, թե ինչ են անում մեր թուրք եւ քուրդ հարեւանները», ասում է նա: Անշուշտ, չենք կարող նրան հակաճառել...»:

France-Arme՛nie, 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 14-03-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ