RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 11-04-2014



Calouste Gulbenkian Foundation

Տեղադրվել է` 2014-04-10 21:32:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1886, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԽՄԲԻ ՉԱՊԵԿՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԽՈՐԱՊԵՍ ՀՈՒԶԵՑ ՉԵԽ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

Ապրիլի 7-ին եւ 8-ին Պրահայի Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում եւ «Դիսկ» թատրոնում ներկայացվեց չեխ դասական Կարել Չապեկի «Մայրը» դրաման, որում գլխավոր`մոր կերպարը մարմնավորել էր սիրված ու հայտնի դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյանը, որ նաեւ ներկայացման բեմադրիչն էր: Հոր դերով վարպետորեն հանդես եկավ Աբովյանի պետական թատրոնի ռեժիսոր, դերասան Արմեն Կարապետյանը: Իսկ որդիների կերպարները անչափ համոզիչ մարմանավորել էին Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողներ Արսեն Ազիզյանը, Սարգիս Բաղդասարյանը, Սամվել Թադեւոսյանը, Աղվան Մնացականյանը եւ Վաչագան Երիցյանը:

Ներկայացումից հետո չեխ հեռուստալրագրող Դանա Մազալովան հուզված ասաց.

«Չապեկի կինըՙ Օլգան, նույնպես այս դերում հանդես է եկել, եւ Լալա Մնացականյանը խաղում էր այնպես, կարծես նրա քույրը լիներ: Եվ շատ զարմացա, որ բեմադրիչը նույնպես ինքն է: Դա նշանակում է, որ նա նույնքան զգայուն է, ինչպես Չապեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ»:

Դրամատուրգ Միրա Հավիարովան, որ տեսել էր Չապեկի այս պիեսի մոտ 50 տարբեր բեմադրություններ, մեզ հետ զրույցում ասաց. «Ես հիացած եմ մոր խաղով, ուսանողների խաղով եւ զարմացած եմ, թե ինչպես են նրանք զգացել եւ արտահայտել այն, ինչը Չապեկն ասել է վաղուց, որ մոր համար բոլոր ժամանակներում ամենաթանկն իր որդիներն են»: Իսկ կինոռեժիսոր Մարտին Մահդալը չթաքցնելով հուզմունքը միայն նշեց. «Ես հուզված եմ եւ արտասվում եմ: Շատ լավ է արված եւ անչափ գեղեցիկ»:

Ներկայացման բավականին հաջողված կառուցվածքը, դերասանների բնական խաղն ու ազդեցիկ խոսքը եւ նույնիսկ բարետես արտաքինը կարողացան թե՛ հայ, թե՛ չեխ , թե՛ այլ ազգերի հանդիսականներին իրենց համոզիչ կերպարներով հուզել: Եվ դա այն դեպքում, երբ ներկայացումը խաղում էին հայերենով, իսկ էկրանին երեւում էր միայն տողացի թարգմանությունը: 1938 թվականին, իր մահից մի քանի ամիս առաջ գրած եւ նույն թվականին Պրահայում առաջին անգամ բեմադրված «Մայրը» պիեսում Չապեկը ներկայացնում է այն ժամանակաշրջանի հակապատերազմական տրամադրությունները, մինչդեռ այն լիովին վերաբերում է նաեւ մեր ժամանակներին, եւ կարող է յուրաքանչյուր ազգի ու ժողովրդի համար դառնալ ընտանիքի, հայրենասիրության, հայրական ու մայրական գորովանքի, որդիական սիրո դաս:

Ներկայացման հաջողությունը նաեւ պայմանավորված էր դերասանների ճիշտ ընտրությամբ: Լալա Մնացականյանը կարողացել էր մորՙ Դոլորեսի կերպարի միջոցով հմտորեն միավորել տղաներին, նրանց տալով միանգամայն ինքնատիպ կերպավորում, բայց միաժամանակ թողնելով լինել միմյանց նմանՙ իրենց արյան կանչով, ձգտումներով ու կյանքի նկատմամբ ունեցած պահանջներով: Իսկ մոր միակ ցանկույթունն էր, որպեսզի ամուսնու եւ չորս տղաների կորստից հետո, գոնե հինգերորդ որդինՙ 16-ամյա Տոնին չմեկնի ռազմաճակատ, իրեն չթողնի մենության ու անորոշության մեջ... Բայց երբ թշնամին մտնում է քաղաք ու արդեն զոհվում են անմեղ երեխաներ ու կանայք, մայրը վերջապես համաձայնում է, օրհնություն տալիս եւ պատերազմ ճանապարհում իր արդեն միակ որդուն: Այստեղ իր ողջ հզորությամբ երեւում է Լալա Մնացականյան դերասանուհու տաղանդի ուժը, ով լայն լսարանին ծանոթ է ավելի հեռուստատեսային կատակերգություններից կամ մանրապատումներից, բայց այս ներկայացմամբ նա հանդես է գալիս ոչ միայն իբրեւ լավ բեմադրիչ, այլեւ կայացած դրամատիկ դերասանՙ խորը հուզականությամբ եւ մայրական իմաստնությամբ: Ինչպես մի առիթով ասել էր դերասանուհին, ներկայացումը դաստիարակում է մարդկային եւ ազգային արժանապատվություն:

Տարիներ առաջ նկարահանվել է «Մայրը» պիեսի հեռուստաներկայացումը, ուր մոր դերում հանդես է եկել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, սակայն լավ կլիներ տեսագրել եւ հեռուստատեսությամբ ցուցադրել նաեւ «Մայրը» դրամայի ներկա բեմադրությունը: Այն խիստ անհրաժեշտ է հատկապես մեր երիտասարդությանը: Իզուր չէ, որ երկու տարի առաջ այս բեմադրությունը Բրեստում անցկացված «Բելայա Վեժա» թատերական փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Նշենք նաեւ, որ բեմադրության սկզբում ողջույնի խոսք ասաց եւ թատերախմբին հակիրճ ներկայացրեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Պրահայում Հայաստանի դեսպանության ջանքերով կազմակերպված հիանալի ձեռնարկին ֆինանսապես աջակցել էին Հայաստանի մշակույթի նախարարությունը, Ռոսգոսսոտրուդնիչեստվոյի Չեխիայի ներկայացուցչությունը եւ մի շարք չեխահայ բարերարներ: Ձեռնարկին ներկա էին նաեւ Չեխիայում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի , Վրաստանի դեսպանները, Ղազախստանի փոխդեսպանը, այլ երկրների դիվանագետներ, Չեխիայի խորհրդարանի անդամներ ու մշակույթի գործիչներ:

Պրահա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 11-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ