RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014



ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ (Calouste Gulbenkian Foundation)

Տեղադրվել է` 2014-04-03 21:06:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 3371, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ԽԱՉԵՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԼԵԱԴԱ

Տիգրան ԵԿԱՎՅԱՆ

Ազգային պատկերասրահի շենքի հինգերորդ հարկում գտնվող «Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանը պրպտող մտքի տեր եւ եռանդուն անձնավորություն է: Չնայած նյութական դժվարություններին եւ ուղեղների արտահոսքին, հրատարակչությունն իր շուրջը համախմբել է ազգային եւ համաշխարհային արվեստների, փիլիսոփայության եւ գրականության մասնագետների:


Սերգեյ Խաչիկօղլյանը միայնակ մարմնավորում է հայկական միջավայրի տրոհումը: Ես հեշտությամբ պատկերացնում եմ, թե նա ինչպիսին է եղել դպրոցում. վտիտ, գիրքաշար երեխա, որը դասերի ձանձրույթը փարատում է անհագուրդ ընթերցանությամբ: Ավելի ուշ նա ֆիզիկա է ուսանել «զինծառայությունից խուսափելու համար»: Համակողմանիորեն կրթված մեր բարեկամ Սերգեյի ուղեղում մշտապես նոր մտահղացումներ են ծագում: Եվ ահա 1980-ականների վերջերին նա Հայաստանի Ազգային պատկերասրահում է, որը իր վերջին «արկածի» մեկնակետն է:

1987 թվականի նա միտք հղացավ հրատարակելու արվեստների աշխարհին առնչվող աշխատություններ: Սերգեյի համար խոսքը արվեստին վերաբերող մի շարք աշխատություններ հայերեն թարգմանելու միջոցով հայ իրականության մեջ առկա բացը վերացնելու մասին էր: Պատկերասրահի այն ժամանակվա տնօրեն Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը հավանություն տվեց գեղեցիկ արվեստներին նվիրված մատենաշար հրատարակելու գաղափարին: Քաոսային պայմաններում (Ղարաբաղի պատերազմ, շրջափակում եւ այլն) Սերգեյը խարխափելով առաջ է շարժվում դեպի անհայտություն: Նա դիմում է մի քանի հրատարակիչների, առաջարկում Գոգենի, Դիդրոյի աշխատությունների, միջնադարյան տեքստերի թարգմանություններ, բայց ապարդյուն: Իր տնօրենի պաշտոնանկությունից հետո նա մնում է մենակՙ առանց փողի, առանց տպագիր արտադրանքի տարածման հնարավորության, առանց օգնության: Մարդկանց մեծամասնությունը նրան համարում է լոկ կենսուրախ երազող: Նման պայմաններում Սերգեյն իր բարեկամիՙ ֆրանսահայ համալսարանական դասախոս Պատրիկ Տոնապետյանի միջոցով (որն այդ ժամանակ Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդն էր) ծանոթանում է Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան տիկին Ֆրանս դը Հարտինգի հետ: 1992-ի ձմռանը կայացած այդ հանդիպումը ճակատագրական եղավ: «Զրուցեցինք ռուսերեն: Դեսպանն ինձ ուշադրությամբ լսեց, հետո արտաբերեց միայն մեկ նախադասություն, որը չեմ կարողանում մոռանալ. «Ես Ձեզ հասկացա, Ձեզ կօգնենք», հուզմունքով վերհիշում է Սերգեյը: Թունելի վերջնամասում լույս է երեւում. այսպիսով, ֆրանսերենից թարգմանված առաջին աշխատությունները դեսպանատան աջակցությամբ 1993-ին լույս են տեսնում նորաստեղծ «Սարգիս Խաչենց» հրատարակչությունում, որի անվանումը Սերգեյ Խաչիկօղլյանի առավել հայացված տարբերակն է:

Խստապահանջ եւ մանրախույզ Սերգեյն իր շուրջը հավաքում է հրաշալի թարգմանիչների. Սոֆի Ավագյան (Մատիսի եւ Էլի Ֆորի թարգմանչուհի), Հենրիկ Բախչինյան (Բոդլերի թարգմանիչ), որոնք իրենց տաղանդը ի սպաս են դնում հանուրի շահերին: Ընթերցողների թիվը սահմանափակ է, գրքերի տարածում գրեթե գոյություն չունի, բայց Սերգեյը մշտապես ձգտում է բարձրին. լավագույն թարգմանություն, լավագույն հրատարակություն: Մնում է դրամ հայթաթել: Մի շարք հրատարակություններ հնարավոր դարձան զանազան մեկենասությունների շնորհիվ (Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն, «ՎիվաՍել», (Ջորջ Սորոս):

2000-ականների սահմանագծին մատենաշարերի ցանկը ընդլայնվում է: Այն ընդգրկում է մասնավորապես արվեստին նվիրված աշխատությունների շարք (լույս է տեսել ավելի քան քսան անուն գիրք), «Ի՞նչ գիտեմ ես» մատենաշար (լույս է տեսել երեք աշխատություն), հայկական եւ համաշխարհային գրականության խոշոր երկերը ընդգրկող «Ժամանակ եւ խոսք» մատենաշար (լույս է տեսել տասներեք գիրք, մեծ մասը առաջին անգամ հայերեն): Ինչ վերաբերում է «Իմացության գրադարանին», այն ներառում է Հին Աշխարհի եւ նոր ժամանկաշրջանի խոշոր փիլիսոփաների երկերը (լույս է տեսել երեք տասնյակ աշխատություն): Շատ բարձրակարգ այս ցանկը ամբողջական չէր լինի առանց Կոմիտասի եւ նրա երաժշտական ստեղծագործության: Ընթերցասեր հասարակայնությանը մեծ դասականներին ավելի լավ ծանոթացնելու նպատակով Խաչենցը հայկական եւ համաշխարհային գրականության մի խումբ մասնագետների վստահում է ծանոթագրությունների, նախաբանների եւ խմբագրման հետ կապված աշխատանքները:

Թարգմանել մշակութային ժառանգությունը հարստացնելու համար

«Որքան ավելի շատ եմ կարդում, այնքան ավելի լավ եմ հասկանում, որ հայերեն գրեթե ոչինչ չունենք: Ի դեպ, եթե բավարարվենք ռուսերեն տեքստերով, ապա չենք հասնի մեր նպատակներին: Ամեն մի քաղաքակրթություն 90 տոկոսով հիմնված է տեքստի, գրավոր ստեղծագործության եւ գրականության վրա: Առանց ամուր խարիսխ ունենալու, առանց համաշխարհային ժառանգությունը ճանաչելու եւ իմաստավորելու ինչպե՞ս կարելի է ազգ կառուցել», հարցնում է զրուցակիցս:

Գուցե պարոն Խաչիկօղլյանը ուտոպի՞ստ է: Չէի ասի, գիտակցելով, որ իր աշխատանքը գնահատել կարողացող ընթերցողները ներկայումս փոքրաթիվ են, նա օրինակ է բերում Աթենք քաղաքը, որն անցյալում իր մի քանի հազար բնակիչներով փոխեց Հին Հունաստանի պատմության ընթացքը: Դրամից առաջ նրա գլխավոր մտահոգությունը մարդկային կապիտալն է: «Ունենք բարեգործներ, որոնք կարողանում են ֆինանսավորել ամեն տեսակ ենթակառույցներ, կառուցել դպրոցներ, նորոգել եկեղեցիներ, բայց մենք շատ հաճախ մոռանում ենք հոգեւոր սնունդը: Ո՞վ է մտահոգվում գիտակցականությամբ, մետաֆիզիկայով: Այն, ինչը բնական է ֆրանսիացի հրատարակիչների համար, այստեղ պակաս բնական է: Ֆրանսիայում գրքերը տարածվում եւ վաճառվում են տարբեր արագություններով, բայց ի վերջո միշտ վաճառվում են, իսկ այստեղ մենք երբեք ծախսերը չեն փոխհատուցում»: Սերգեյն ակնհայտորեն չի մտահոգվում դրամաշրջանառությամբ, ոչ էլ իրեն Հայաստանի փրկչի տեղ է դնում. նա ընդամենը մաքրում է իր տան շեմը: «Եթե ես մի կտոր հաց ունեմ, պետք է զավակներիս մասին մտածեմ: Մենք ուրիշներից լավը չենք եւ պարտավոր ենք հոգեւոր սնունդ մատակարարել մեր ժողովրդին: Հայերեն տեքստերը ֆրանսերեն թարգմանելովՙ Ժան-Պիեռ Մահեն հարստացնում է Ֆրանսիայի մշակութային ժառանգությունը: Իսկ մենք ինչո՞ւ ենք հապաղում հակառակ ուղղությամբ նույն գործն անելու համար»:

Սերգեյ Խաչիկօղլյանը սփյուռքահայությանը եւս ծանոթ է Գրիգոր Պըլտեանի գործերի հրատարակման շնորհիվ, հեղինակ, որի մի շարք երկեր արդեն վերահրատարակվել են դասական ուղղագրությամբ: Հրատարակչի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Պըլտեանի ստեղծագործությունն այսօր գրեթե անծանոթ է հայաստանցի ընթերցողին: Սերգեյը չի թաքցնում իր հիացմունքը այդ գրողի հանդեպ, որը Փարիզում ապրելովՙ կարողացավ վերստեղծել գրական լեզու եւ նոր ավանդույթ: Գրիգոր Պըլտեանի արձակ գործերից բացի, «Սարգիս Խաչենցը» լույս է ընծայել նրա «Հայկական ֆուտուրիզմ» ուսումնասիրությունը (սիմվոլիզմին նվիրված մեկ ուրիշ գիրք պատրաստվում է հրատարակության) եւ Գրիգոր Նարեկացուն վերաբերող էսսեն: Սա բարեբախտություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի համար, որտեղ հայերեն գրքի պրոֆեսիոնալ հրատարակությունը սակավ եկամտաբեր է:

«Խաչենցի» գրքերին ծանոթանալը հավասարազոր է նաեւ արեւմտահայ գրական ժառանգության վերաբացահայտմանը: Խոսքը մասնավորապես Աբրահամ Ալիքյանի (1928-2013) բանաստեղծությունների մասին է: Ժամանակակից հայերեն պոեզիայի այդ մեծարժեք դրսեւորումը տեղ է գտել երեւանյան հրատարակչության ցանկում: Տնօրենի համար կան ոչ թե սփյուռքի կամ Հայաստանի գրողներ, այլ հայ գրողներ, որոնք իրենց սեփական ավանդույթն ստեղծելովՙ վերջին հաշվով ներառվում են ընդհանուր պատմության մեջ: «Քանի դեռ արեւմտահայերենը համագոյակցում է իր արեւելյան տարբերակի հետ, Արեւմտահայաստանը գոյություն կունենա որպես հոգեւոր իրողություն», պնդում է նա եւ ավելացնում. «Եթե որեւէ երկրի մասին մտածում են լոկ աշխարհագրության միջոցով, անտեսելով նրա հոգին, երկիրը չի ունենա գոյատեւման որեւէ հնարավորություն: Քանի՞ բարբառ էր օգտագործվում Հին Հունաստանում: Մենք պարտավոր ենք պահպանել մեր բազմազանությունը: Հայերենի երկու տարբերակներով գրականություն ստեղծած Աբրահամ Ալիքյանն ասում էր, որ իր լեզուն հայկազյան սուրբ բարբառն է»:

Խաչենցի հետ համատեղ «Փրինթինֆոն» ապահովում է հրատարակչական ենթակառույցը: Ֆինանսական տարբեր վայրիվերումների պատճառով երկու քույր կառույցները 2004-ից գործում են միասնաբար, ապահովելով Խաչենցի աշխատանքի շարունակումը: Ի՞նչ կարելի է ասել առաջիկա հրատարակությունների մասին: Խաչենցը մտադիր է վերահրատարակել Եղիա Տեմիրճիպաշյանի եւ Ինտրայի երկերը, միաժամանակ շարունակելով Կոստան Զարյանի եւ Գրիգոր Պըլտեանի աշխատությունների, ինչպես նաեւ բանաստեղծ Վահե Օշականի գործերի հրատարակությունը: Նրանք բոլորը ազգային պանթեոնի կարկառուն դեմքեր են, որոնք այս կամ այն չափով ծանոթ են հայաստանցի ընթերցողին:

Ամեն ինչ հիմք է տալիս հավատալու, որ Հայաստանում այդ «թղթի հայրենիքը» կառուցվում է շնորհիվ մի հրատարակչի խանդավառության, որը ձգտում է միայն ընդլայնել երկրի հոգեւոր սահմանները, ոգեղեն սնունդ տարածելով ամենուրեք, ուր զգացվում է դրա կարիքը, եւ սկսելով Հայաստանի ու սփյուռքի մշակութային պաշարների վերհանումից:

Փարիզ, «France-Arme՛nie», Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Նկար 1. Սարգիս Խաչիկօղլյանը աշխատակցուհիների հետ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 04-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ