ԿԱՐԱ¬ՄՈՒՐԶԱՅԻ ԿՅԱՆՔԸՙ ՀՐԱՇԱԼԻՈՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Շահան ԱՐԾՐՈՒՆԻ Նյու Յորքում ապրող Շահան Արծրունին միջազգային համբավի արժանացած վարպետ դաշնակահար է, կոմպոզիտոր, ազգագրական երաժշտության հմուտ մասնագետ, դաստիարակ, դասախոս եւ բեղուն գործունեության տեր անձնավորություն: Ստորեւ թարգմանաբար նրա գրախոսականը «Քրիստափոր Կարա¬Մուրզա» (հեղինակՙ Գրիգոր Փիտեճյան, ԵՊԿ հրատարակչություն, Երեւան, 2013 թ.) գրքի հրատարակման առթիվ:
Երաժշտագետ Գրիգոր Փիտեճյանի գրչին է պատկանում մի նոր, կենսունակ գիրք կոմպոզիտոր Քրիստափոր Կարա¬Մուրզայի մասին, որը գալիս է լրացնելու նշանակալի մի բաց հայկական մշակույթի պատմության մեջ: Համեմատաբար քիչ բան է գրված Կարա¬Մուրզայի մասին, չնայած նա ակնառու դեմք է եղել ազգային երաժշտության զարգացման գործում: Ծնվելով 1853 թվին Ղարասու¬Բազարում (Ղրիմ), նա հավանաբար առաջին երգահանն էր, որ ներդաշնակություն, համահնչյունություն կամ հնչյունային միասնություն ներդրեց Կովկասում ապրող հայ ժողովրդի երաժշտության մեջ: Պրն. Փիտեճյանը լուրջ ու համակողմանի ուսումնասիրություն է ներկայացնում մեզ Կարա¬Մուրզայի կյանքի եւ գործունեության մասին, դիտելով այդ բոլորը իր պատմական եւ սոցիալական ծիրի մեջ, բայց ոչ չոր ու ցամաք ձեւով, այլ այնպիսի պատկերավոր լեզվով, որը միաժամանակ գրավիչ է եւ տեղեկատվական: Նա բծախնդրորեն հետագծում է Կարա¬Մուրզայի բերած նպաստը հայկական երաժշտությանը որպես կոմպոզիտոր, ազգագրագետ, մշակող, կատարող, մանկավարժ, կազմակերպիչ, պոետ եւ քննադատ: Գործունեության յուրաքանչյուր ոլորտ համակարգված ուսումնասիրության է ենթարկված եւ սրտացավ համակրանքով մեզ ներկայացված: Մենք հպարտությամբ տեղեկանում ենք հայ իրականության մեջ առաջին երկսեռ երգչախմբի ստեղծման մասին, որտեղ տղամարդիկ եւ կանայք Կարա¬Մուրզայի ղեկավարությամբ երգել են միասին: Զարմանքով կարդում ենք կաթողիկոս Խրիմյան Հայրիկի բնավորության երկակի բնույթի մասին, նրա սիրալիր, գուրգուրալից լինելու հանգամանքի, որպես կրոնական առաջնորդի, եւ փակ դռների հետեւում խոստումնադրուժ լինելու հանգամանքի մասին: Բայց չենք զարմանում, որ կուսակցական քաղաքականությունը մեծ դեր է խաղացել գլխավոր հաստատությունների կառավարման գործում, որտեղ պահպանողականները հակադրվել են առաջադիմական ազատականներին կամ «մշակականներին», ինչպես այդ ժամանակ ընդունված էր կոչել նրանց: Եվ իհարկե չենք զարմանում պարզելով, որ ինչպես են այդ խմբակցային տարբերությունները ազդում մարդկանց հանդեպ ձեւավորված վերաբերմունքի վրա: Կարա¬Մուրզան հայ կաթոլիկ էր, որն ապրում եւ ստեղծագործում էր հայ առաքելականների շրջապատում: Որոշ բաներ երբեք չեն փոխվում: Բայց ամենաարժեքավոր նպաստը, որ Գրիգոր Փիտեճյանը բերում է անշուշտՙ Կարա¬Մուրզայի սուրբ պատարագի հայտնագործումն է եւ վերստին հանրությանը ներկայացնելը: Գրքի վերջում խտասալիկ կա, որտեղ ձայնագրված է Կարա¬Մուրզայի քառաձայն պատարագը Քահանայի եւ սարկավագի բաժիններով, Գրիգոր Փիտեճյանի խմբագրությամբ եւ Երեւանի պետական կամերային երգչախմբի (ղեկավարՙ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Հարություն Թոփիկյան) կատարմամբ: Չնայած հայտնի էր, որ Սուրբ Ղազարի Մխիթարյանների հետ առնչություն ունեցող Պիետրո Բիանչինին (1828-1905) երկսեռ երգչախմբի համար 1877-ին հորինել էր հայկական մի պատարագ, իրական հրճվանք էր իմանալ Կարա¬Մուրզայի «պատարագի» մասին: Վերջինիս տարբերակը առաջին անգամ հնչել է Բաքվում (Ադրբեջան) 1889-ին, որից հետո հավանության է արժանացել եկեղեցիներում կատարվելու եւ բազմաթիվ անգամներ հնչել է Էջմիածնի վանքում այն տարիներին, երբ Կարա¬Մուրզան դասավանդում էր Գեւորգյան ճեմարանում: Գրիգոր Փիտեճյանը այդ պատարագը հայտնաբերել է Երեւանի Չարենցի անվան Գրականության եւ արվեստի պետական թանգարանում պահվող Ռոմանոս Մելիքյանի (1883-1935) արխիվային նյութերի մեջ եւ խմբագրել: Կորսված համարվող ձեռագիրը արձանագրված է Կոնստանդնուպոլսում 19-րդ դարի սկզբներին ոչ թե եվրոպական (արեւմտյան), այլ Համբարձում Լիմոնճյանի (1768-1839) ձայնագրությամբ: Յուրաքանչյուր ձայն նշված է առանձին տողում, մեկը մյուսի վրա, կազմելով չորս ձայների մի խմբավորում: Երաժշտությունը հետեւում է ավանդական կանոններին եւ հիմնականում համահունչ է Եկմալյանի «Պատարագի» հետ: Կարա¬Մուրզայի «Պատարագը» նույնպես լուրջ է ու շիտակ, եւ այնտեղ չկա կառուցվածքային բարդություն, ավելորդ սոփեստաբանություն: Փիտեճյանի արժեքավոր աշխատության մյուս հայտնագործումը առնչվում է հայոց ազգային հիմնի ծագման հետ: «Մինչ օրս ընդունված տեսակետն այն է, որ «Մեր Հայրենիքի» երաժշտությունը գրել է Կոմիտաս Վարդապետի հինգ սաներից Բարսեղ Կանաչյանը (1885-1967): Այն որպես հայրենասիրական հիմն հնչել է դեռ 1918-ին Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ: Հետագայումՙ 1991-ին որդեգրվել է ներկայիս Հայաստանի Հանրապետության կողմից: Փիտեճյանի մանրազննին ուսումնասիրությունները հստակ պարզաբանում են, որ դեռ 1883-ինՙ «Բարսեղ Կանաչեան տակաւին չծնած... արդէն իսկ Մոսկուայի մէջ հրատարակուած էր Կարա¬Մուրզայի «Պոպուրի հայկական երգերից» դաշնակի գործը, որ ներածականի եւ վերջաբանի միջեւ առնուած տասնմէկ երգերու շարան մըն է, տասնմէկերորդը «Մեր հայրենիքն»¬ն է»: 1885-ին երգչախմբի համար քառաձայնած «Մեր հայրենիքի» վերեւը Կարա¬Մուրզան թողել է «Երաժշտութեան հեղինակը անյայտ է» մակագրությունը: Այդ օրվանից հետո նա իր համերգները միշտ սկսել է «Մեր հայրենիքի» երաժշտության իր մշակումով: Վերջերս կատարված հեռախոսային խոսակցության ժամանակ Փիտեճյանը պատմեց «Մեր հայրենիքի» հետ կապված մի հետաքրքրական պատմություն: 1953-ին համբավավոր երաժիշտ, մշակող եւ մանկավարժ Համբարձում Բերբերյանը (1905-1999) Հռոմում էր գտնվում այցելելու իր որդունՙ թավջութակահար Վահեին: Նրանք որոշ ազատ ժամանակ են ունեցել մինչեւ Բեյրութ մեկնող ինքնաթիռի մեկնումը: Ավագ Բերբերյանը, հոգնած լինելով որոշել է նստել եւ հանգստանալ սրճարանում: Այնտեղ փոքրիկ մի նվագախմբի ընկերակցությամբ երգչուհին իտալերենով կատարել է մեզ ծանոթ «Մեր հայրենիքը»: Երբ Վահեն միացել է հորը, վերջինս խնդրել է նրան, որ երաժիշտներից պարզի այդ երգի հեղինակի անունը: Վահեն երգերի ձայնագրությունների միջից գտնելով իրեն հետաքրքրող երգը, ցանկացել է գնել այն, սակայն պատասխանատու նվագողը մերժել էՙ ասելով, որ դա իրենց «գործածած միակ օրինակն է»: Ժամանակի սղության պատճառով նրանք չեն կարողացել հետամուտ լինել գործի պարզաբանմանը եւ հեռացել են: [*] «Եթե երբեք ճամբորդութեանց պարտադրած աճապարանքը չըլլար, ու այդ օր պրն. Վահէ Պերպերեան կարողանար առնել երգին երաժշտագրութիւնը, այսօր 150 տարուան «Մեր հայրենիք»¬ի երաժշտութեան պատկանելիութեան առեղծուածը փաստօրէն լուծուած պիտի ըլլար», գրում է Փիտեճյանը իր գրքում: Հինգ հարյուր էջ պարունակող նրա հայերեն «Քրիստափոր Կարա¬Մուրզա» գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ներկայացված է Կարա¬Մուրզայի կյանքն ու գործունեությունը, երկրորդումՙ նրա ստեղծագործություններըՙ ներառյալ «Պատարագը» ամբողջությամբ: Գիրքը նաեւ պարունակում է բազմաթիվ պատմական լուսանկարներ, համերգային ծրագրերի պատճեններ, Կարա¬Մուրզայի երաժշտական հորինումները, երաժշտագիտական հոդվածների եւ գրախոսականների ցանկ, նոտային գրականություն, համերգավայրերի ծալվող քարտեզ, ծանոթություն եւ մատենագիտություն: Կուզենայի այնտեղ տեսնել նաեւ այբբենական ցուցակ, որը կհեշտացներ որոշակի տեղեկություն գտնելը: Կատարվածը, անկասկած, գործին նվիրված եռանդուն ճգնավորի աշխատանք է, որն արժանի է հատուկ գնահատանքի: Գիրքը պետք է տեղ գտնի յուրաքանչյուր գրադարանի եւ յուրաքանչյուր հայ երաժշտի գրադարակների վրա: Թարգմանությունըՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ *) «Մեր հայրենիքի» երաժշտությունը նույնությամբ հնչում է Ալեքսանդր Գլազունովի 1905 թ. ստեղծած «Ռայմոնդա» բալետի 3-րդ արարում, «Հունգարական կորտեժ» հատվածում։ Խմբ.։ Նկար 2. Արմյանսկ քաղաքի երգչախումբը, 1897թ. |