ՀԵՏՄԱՀՈՒ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԱԾ ՍԵՐ ՆԱԻՐ ՅԱՆ Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն ուզում է մինչեւ հիմա միայն իրեն պատկանած Մհեր Մկրտչյանի արխիվային նյութերը դարձնել հանրության սեփականությունը: Նա պատրաստվում է խմբագիր Զավեն Բոյաջյանի ու «Անտարես» հրատարակչության հետ երեք գիրք հրատարակել, այնուհետեւ պատրաստել երկու ֆիլմ ամուսնու մասին: Զավեն Բոյաջյանը նկատում է, որ հանիրավի Մհեր Մկրտչյանին մշտապես ներկայացվում էՙ որպես անեկդոտային կերպար, մինչդեռ նա 20-րդ դարի մեծագույն արտիստներից մեկն է: Սակայն Թամար Հովհաննիսյանն էլ, չգիտես ինչու, ամուսնուն հիշում է անեկդոտային դրվագներում. օրինակՙ ամուսիններով գնում են Փարիզ: Աստվածամոր տաճարում Ֆրունզն ասում է. «Ես այստեղ ինձ զգում եմ, ինչպես տանը»: «Ինչո՞ւ»,- հարցնում է տիկին Թամարը: «Քվազիմոդոն էստեղ չէ՞ր ապրում»,-պատասխանում է Ֆրունզը: Դերասանուհին հիշեց նաեւ այն երեկոներն ու ուշ գիշերները, երբ ինքը բարկության 9-րդ ալիքում սպասում էր տուն չշտապող ամուսնուն, որը գրեթե միշտ գինովցած էր վերադառնում: Մի օր էլ ամուսինը հարցնում է. «Դու սիրո՞ւմ ես ինձ»: «Այո, սիրում եմ»,-պատասխանում է կինը: «Երբ մեռնեմ, ավելի շատ կսիրես»,-շարունակում է Ֆրունզը: Թամար Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ ամուսնու մահից հետո նրան ավելի շատ է սիրում: «Երբ մեծանում ես, հասկանում ես, որ հարաբերվելու ուրիշ ձեւեր էլ կան: Նրա հետ խոսում ես, երազներումդ է այցի գալիս: Նա մի գիրք է, որին ես մինչեւ հիմա կարդում եմ: Նա նման էր բնության տարերքի, ասենքՙ հեղեղի, որ իր հետ բերում էր ամեն ինչ»,- ամուսնուն բնութագրում է տիկին Թամարը: 17 տարի առաջ տեղափոխվելով ԱՄՆՙ նա իր հետ տարել է Ֆրունզի ու իր 12 համատեղ տարիների արխիվը: Ամերիկայում որոշում է ֆիլմ նկարահանել: Ռեժիսոր Աննա Տերյանը նկարահանում է նրա հուշերն ու պատմությունները Ֆրունզի մասին, ու 4-5 ժամ տեւողությամբ հում նյութ է ստացվում: Կինոնախագիծը, սակայն, կիսատ է մնում: Վերադառնալով Հայաստանՙ Թամար Հովհաննիսյանը վճռել է ֆիլմն ավարտին հասցնել: Դրանից բացի, եւս մի ֆիլմ է նախատեսվում ռեալիթի-շոուի ձեւաչափով: Գեղարվեստական լուծումները որոշված են, բայց ոչ հստակեցված: Այնպես որ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանին երկար տարիների ընդմիջումից հետո նորից կտեսնենք էկրանին. մենախոսություն, թե հուշապատում, դերասանական խաղ, թե մասնագիտությունից դուրս ներանձնական մտորումներ, ռեժիսոր Արման Երիցյանն ու կինոգետ Զավեն Բոյաջյանը տիկին Թամարի հետ կգտնեն լուծումներն ու կինոդիտողին ներկայանալու ձեւը: Մինչ այդ, Մհեր Մկրտչյանի երկրպագուները նոր պատմություններ կկարդան սիրելի արտիստի մասին: Թամար Հովհաննիսյանը բացում է իր արխիվը: Երբեւէ չհրապարակված մոտ 300 լուսանկար տեղ կգտնի «Չտեսնված Ֆրունզը» աուդիովիզուալ նոր գրքում, որտեղ տիկին Թամարը կգրառի իր մեկնաբանությունները: Հաջորդ գրքում դերասանուհին կպատմի իր հուշերն ամուսնու մասին, ինչպես նաեւ համատեղ կյանքի մանրամասները. այսինքն, ի տարբերություն նախորդ գրքիՙ այս մեկում տեքստային հատվածները կգերակշռեն, իսկ երրորդ գրքում ներկայանալու է Մհեր Մկրտչյան արտիստն իր ստեղծագործական բոհեմով: Տիկին Թամարը չի պատրաստվում ո՛չ գրքերում, ո՛չ էլ ֆիլմերում արդարանալ որեւէ մեկի առաջ: Անգամ ռուսներն են ֆիլմեր նկարահանել Մհեր Մկրտչյանի մասինՙ շեշտադրելով նրա կյանքի լքված ու անտարբերության մատնված մայրամուտը: «Մեղադրյալի աթոռին» նստեցրել են նաեւ Թամար Հովհաննիսյանին: Իսկ նա գլխանց տեղեկացնում է, որ ականջներիս օղ անենք. «Սա իմ կյանքն է. եթե ոմանք մտադիր են հանել ինձ Մհերի կյանքից, ապա ես մտադիր չեմ նրան հանել իմ կյանքից: Բամբասանքներին երբեք ուշադրություն չեմ դարձրել ու չեմ դարձնի: Եթե մարդիկ իմ գրքերում ու ֆիլմերում կգտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները, լավ, եթե չգտնեն, ավելի լավ»: Տիկին Թամարի կարծիքով անցած տարիների ընթացքում շատ են շահագործվել Մհեր Մկրտչյանի անունն ու անձնական կյանքըՙ գրքեր, ֆիլմեր, հաղորդումներ. նպատակը մեկն է եղելՙ լայն սպառում ունենալ: Իսկ լայն սպառման տրամաբանական շարունակությունն ու նպատակը, բնականաբար, փող աշխատելն է: Տիկին Թամարի նախաձեռնությունների դեպքում պետք է շեշտվի, որ գրքերն ու ֆիլմերը սեփական միջոցներով չի հրամցնելու հանրությանը: Նա մեկենասներ է փնտրում, ու պարզից էլ պարզ է, որ Ֆրունզին ներկայացնող նրա գրքերն ու ֆիլմերը (հատկապես որ դրանցում Ֆրունզ-Թամար առեղծվածային ու հետաքրքրաշարժ հարաբերություններն էլ են ներկայացվելու) հենց լայն սպառման համար են նախատեսված: Լայն սպառումն էլ, ինչպես ասվեց, ֆինանսական շահ է հետապնդում: Իսկ տիկին Թամարը դժվար թե 7 ծով ու օվկիանոս կտրած-եկած լինի, որ գիրք ու ֆիլմ նվիրի հանրությանըՙ հանուն ամուսնու հանդեպ տածած հետմահու կրկնապատկված սիրո: |