RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 08-05-2015



«ՑԱՎԻ ԳՈՒՅՆԸ»

Տեղադրվել է` 2015-05-07 21:18:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1921, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆՎԻՐՈՒՄԻ ՆՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Դժվար է սահմանել արվեստի ու կյանքի փոխհարաբերություններն ու սահմանները, դրանք մեկ հարթության մեջ չեն իհարկե, բայց զուգահեռվում ենՙ ուղղակիորեն կամ անուղղակի: Պահի ապրումը, հիշողության վերապրումը, արվեստի որեւէ ստեղծագործության այն հիմքն են զգայական, որի վրա կառուցվում է մնացյալ ամեն բան: Մեր ազգային հավաքական հիշողության ամենածանր էջիՙ Հայոց ցեղասպանության գունային արտացոլանքը դեռեւս Հովհ. Այվազովսկուց ու Վարդգես Սուրենյանից սկսած, որոնց գործերը անմիջական արձագանքն են Թուրքիայում հայերի հետ կատարված բարբարոսության` դեռեւս 1894-1896 թվականներից, շարունակություն ունեցավ հայ նկարիչների հետագա սերունդների գործերում:

Մեկդարյա նկարչական ընթացքի հանգրվաններում տարբեր են եղել մոտեցումներն ու ներկայացման ձեւերը, ասելիքի շեշտադրումը: Դրանց համատեղումը ամբողջական գիրք-ալբոմի մեջ հնարավորություն է տալիս ընդհանուր հայացքով ընդգրկելու, տեսնելու, վերլուծելու կամ համեմատելու երեւույթը, ինչի համար արժանին պետք է մատուցել արվեստաբան Շահեն Խաչատրյանի կատարած տեւական աշխատանքին: Տարիներ շարունակ նա Հայաստանի եւ արտերկրի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուորդների մոտ գտել, ուսումնասիրել է հայ նկարիչների լավագույն այն գործերը, որոնք 1915-ի Հայոց ցեղասպանության արձագանքն են, դրանք ամբողջացրել ու հրատարակել է առանձին գրքով. առաջինըՙ 2010-ինՙ Մեծ եղեռնի 95-րդ տարում, «Ցավի գույնը» խորագրով, իսկ մեկ ամիս առաջ լույս տեսավ «Ճանաչիր եւ սիրիր» նրա հեղինակային մատենաշարի հերթականՙ 9-րդ հատորյակըՙ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Շահեն Խաչատրյանի այս աշխատանքը առաջին հրապարակումներն են մեր իրականության մեջՙ հայ կերպարվեստում Մեծ եղեռնի անդրադարձի ամբողջացման, եւ սա մեր ազգային արժեքներին նրա վերաբերմունքի նոր արտահայտությունն է: Լինելով ցեղասպանությունը վերապրած արեւմտահայի զավակ, հիշողությունների մեջ մշտապես արթուն է պահել հորՙ ծագումով Էրզրումից, հայտնի շինարար Գեւորգի պատմությունները կոտորածների մասին, որոնց տպավորություններ երբեք չեն մոռացվելՙ 12-ամյա ականատես պատանու հոգու սարսափները հոր սպանության, վախից ջուրը նետվելու եւ պատահմամբ, թե նախախնամության կամքով ողջ մնալու մղձավանջի: Հետագայում նրանց ընտանիքը Հալեպից տեղափոխվեց Հայաստան: Շ. Խաչատրյանի հիշողության մեջ դաջվեց հոր պատգամըՙ «Ահա ձեր հայրենիքը, ձեր կյանքը պետք է նվիրեք նրան », այս խոսքերը ընկալվեցին ուղղակիորեն, դարձան ճակատագիր: Դժվար է հիշատակել մեզանում եւս մեկին, որի կյանքն այնպիսի ամբողջական նվիրում լինի հայ կերպարվեստին, ինչպես Շահեն Խաչատրյանինը: Նա, կարծես, բացի նկարչությունից, իրեն ոչինչ չթողեցՙ սեր, ընտանիք, ընկեր, բարեկամՙ ամենը նկարչության մեջ գտավ: Հայրըՙ վարպետ Գեւորգը իր հիշողությունները պատմել է նաեւ Մինաս Ավետիսյանին, որի ազդեցությամբ նկարիչն իր մի քանի հայտնի կտավներն է ստեղծել, այդ նույն ոգին փոխանցվել է նաեւ Շ. Խաչատրյանին:

Շուրջ տասը տարի առաջ արվեստաբանը սկսեց որոնումները հայ նկարչության մեջ Եղեռնի անդրադարձների, որի առաջին ազդակը ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի ցեղասպանությանը նվիրված նկարների ցուցադրությունն էր, եւ որից տպավորված հետագայում նորանոր բացահայտումներ կատարեց: Այս առումով կարեւոր եւ անհրաժեշտ քայլ էր Հովհ. Այվազովսկուՙ 1894-1896 թվականների հայկական կոտորածների թեմայով նկարների նրա բացահայտումը, որոնք ծովանկարիչը ժամանակին ցուցադրել է ռուսական տարբեր քաղաքներումՙ Մոսկվայում, Խարկովում, Օդեսայում ցարական իշխանությունների ուշադրությունը հայկական կոտորածների վրա հրավիրելու նպատակով:

Այս նույն շրջանում հայ մյուս խոշոր նկարիչը, որ անդրադարձավ հայոց ողբերգությանը, Վարդգես Սուրենյանցն էր: Այստեղից էլ հեղինակը սկսում է «Հայոց եղեռնը» գիրք - ալբոմը, որի չորս բաժիններից առաջինում ներկայացրել է այն նկարիչներին, որոնք արձագանքել են 1915-ին նախորդած հայկական կոտորածներինՙ Հովհ. Այվազովսկի, Վ. Սուրենյանց, Հ. Արծաթբանյան, Գ. Բաշինջաղյան, Ե. Թադեւոսյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Մախոխյան եւ այլք: Երկրորդ մասում 20-րդ դարասկզբի նկարիչների պատկերումներն ենՙ Մ. Սարյան, Վ. Խոջաբեկյան, Էդգար Շահին, Եր. Քոչար, Հ. Կոջոյան: Երրորդ բաժնում ցեղասպանությունը վերապրած, Եղեռնից փրկված նկարիչների այն սերունդն է, որոնց ստեղծագործությունները սեփական հիշողությունների արձագանքներն ենՙ Արշիլ Գորկի, Լեւոն Թյությունջյան, Ժ Օրագյան, Օննիկ Ավետիսյան, Գառզու, Զարեհ Մութաֆյան եւ ուրիշներ: Եվ վերջինՙ չորրորդՙ «Հետեղեռնյան առաջին սերնդի ոգին» բաժնում հեղինակը ներկայացրել է մինչեւ 1930 թվականը ծնված այն նկարիչներին, որոնք հոգեպես կապված են եղել իրենց ընտանիքին, ծնողների ճակատագրին, եւ իրենց նկարչությունը դարձել է նրանց վերապրումների յուրօրինակ արձագանքըՙ Ժանսեմ, Փափազ, Շարթ, Ասիլվա, Գրիգոր Նորիկյան, Փոլ Կիրակոսյան, Սերգեյ Փարաջանով, Վ. Պոդպոմոգով, Ռիշար Ժերանյան, Քաջազ, Հովհ. Զարդարյան, Պ. Կոնտրաջյան, Էդ. Իսաբեկյան, Գր. Խանջյան, Մ. Սեդրակյան, Հ. Կալենց, Ռ. Ադալյան, Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Գայանե Խաչատուրյան եւ այլք, շուրջ 60 նկարչի գործեր, որոնց մեջ նաեւՙ առաջին անգամ ներկայացվող, հանրությանը անհայտ նկարներ: Գրքի յուրաքանչյուր բաժին ուղեկցվում է հեղինակային մեկնաբանությամբ, ժամանակաշրջանը եւ առանձին նկարիչների հիմնական առանձնահատկությունները բնութագրող:

Նման թեմատիկայիՙ զանգվածային կոտորածներ, մեծ ողբերգություններ, կտավի սահմանափակ իրականության մեջ արտահայտելու բարդությունը, ստեղծագործողին հուշում է պատկերային ու գունային դրամատիզմի հնարավորինս խտացում, միեւնույն էՙ ինչ եղանակով է արվում ՙ նշան - պատկերի, վերացարկման թե նատուրալիզմի լեզվով, ինչպես դա անում են Լեւոն Թյությունջյանը, Պոլ Կիրակոսյանը, Արշիլ Գորկին, Գառզուն, կամ Ժանսեմը, Ժ. Օրագյանը, Գ. Նորիկյանը: Եվ ազդեցությունը առավել մեծ է, երբ դրանք հոգեբանական, ենթագիտակցական խոր վերապրումների արդյունք են, ինչպիսին Սուրենյանցի «Ոտնահարված սրբություն» եւ կամ Արշիլ Գորկու «Նկարիչը եւ իր մայրը» կտավներն են:

Ի դեպ, Գորկու թերեւս ամենից հայտնի այս նկարիՙ Շ. Խաչատրյանի մեկնաբանությունը Նյու Յորքի «Ուիթնի» թանգարանի, որտեղ այն դրված է մշտական ցուցադրության, տնօրենության կողմից շնորհակալական արձագանքի է արժանացել: «Ջերմ գունալուծումից բացի, Գորկին լուսանկարի ֆոնում երեւացող պատուհանի աջ կողմը ավելի աջ տանելով, մոր դեմքի ֆոնը լայնացրել ու ստացել է գերեզմանափոսի հնչողություն: Իսկ ձեռքերը նմանացրել է մայրական հոգածություն հուշող խմորագնդերի, որոնք ներդաշնակված են շրջակա գունային սպիտակավուն տարածքին: Այս պատկերը ինչ-որ չափով հիշեցնում է Ռաֆայելի «Սիքստինյան Աստվածամորը»: Տիրամայրըՙ աչքերում տագնապ, գանգերի ֆոնի առջեւ աշխարհին է ընծա բերում որդուն: Իսկ Գորկի-որդին աշխարհին է ներկայացնում կորուսյալ մորըՙ որպես կորսված հայրենիքի խորհրդանիշ», կարդում ենք գրքում:

Այսպիսի ընդգրկումով ցուցահանդեսների կազմակերպումը առավելագույնս ամբողջացնելու առումով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններ ունի, բայց իհարկե յուրաքանչյուր տարի կազմակերպվող Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներից այս տարվանը ակնհայտորեն պիտի տարբերվեր: Ազգային պատկերասրահում Մեծ եղեռնի 100 - ամյա տարելիցին կազմակերպվող ցուցադրությանը ներկայացնելու նպատակով արվեստաբանը տարբեր երկրների թանգարաններից ու մասնավոր հավաքածուներից կարողացավ հավաքել այն նկարիչների գործերըՙ դրանք մեծաչափ լուսանկարների վերածելով, որոնք ցեղասպանության վերապրողներ, կամ վերապրողների ժառանգներ էին, եւ որոնք ստեղծագործելով ու ցուցադրվելով տարբեր երկրներում, իրենց արվեստով արձագանքելով մեծ ողբերգության վերհուշին (ինչն ընդունված է համարել նաեւ հիշողության մտավորականացում), նպաստեցին Հայոց ցեղասպանության տարածմանը: Շ. Խաչատրյանի կատարած այս աշխատանքըՙ չնայած նախնական պայմանավորվածության, ըստ էության անտեսվեց, դրանք հաջորդ օրն արդեն հանված էին ցուցադրությունից: Այս ցուցադրությունը շուրջ 40 մեծադիր լուսանկարներՙ Գորկու, Գառզուի, Ժանսեմի, Թյությունջյանի, Շահինի, Օրագյանի եւ այլոց բնօրինակներից արված, նա կազմակերպեց Մայր աթոռի «Խրիմյան» թանգարանում եւ Գյումրիում, այս ամսվա մեջՙ նաեւ Մարսելում: Այս շրջանում արվեստաբանը «Եղեռնի անդրադարձները հայկական կերպարվեստում» թեմայով դասախոսությունների շարքով հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Նարեկացի» մշակութային միությունում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում եւ ունեցավ շատ ջերմ արձագանքներ: Մարտի սկզբներին նա դասախոսություններ կարդաց Լոս Անջելեսում եւ Մոնրեալում, մեկ շաբաթ առաջ այս նույն ծրագրով մեկնեց Լոնդոն, ապա Փարիզ, Մարսել եւ Անտվերպեն. տեղի հայ համայնքի կազմակերպությամբ նա հանդես կգա լուսանկարների ցուցադրությամբ ուղեկցվող դասախոսությունների հիշյալ շարքով: Լիսաբոնում, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության ցուցասրահում կմասնակցի Արշիլ Գորկու այն նկարների ցուցահանդեսին, որոնք նկարչի քույրը կտակել է Մայր աթոռ սբ. Էջմիածնին:

Տարբեր վայրերից հայաստանյան թանգարանները հարստացնելու Շ. Խաչատրյանի առաքելությունը, որն իր կյանքի հիմնական գործերից մեկն է, շարունակվում է հիմա էլ: Մեր հանդիպման ժամանակ նա պատմեց հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանի «Ծովային տեսարան» նկարի մասին, որը երկար տարիներ պահվել է Բեռլինում: 2001-ին մանկավարժ Սոնյա Զարդարյանի հրավերով նա մեկնում է Բեռլին: Մախոխյանի այս նկարը Սոնյա Զարդարյանը նվիրում է իրեն, մեծաչափ լինելու պատճառով չի հաջողում Հայաստան փոխադրել եւ հանձնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանատունՙ խնդրելով առիթի դեպքում կազմակերպել նկարի փոխադրումը Երեւան, ինչն իրականացվում է այս տարի: «Վերջերս ուրախության առիթ ունեցա այդ նկարը մեր Ազգային պատկերասրահում տեսնելու», ասում է:

Այսպես ապրել ու աշխատել է Շահեն Խաչատրյանը անցյալում եւ այդպես շարունակում է ապրել այսօր էլՙ մեզ հետ, մոր կողքինՙ հայ կերպարվեստին իր զարմանալի նվիրումով ու անայլայլ սիրով:

Նկար 2. Հովհ. Այվազովսկի, «Եղեռն Մարմարա ծովում», 1897

Նկար 3. Վարդան Մախոխյան, «Ծովային տեսարան»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ