ԾԱՂՐԱՆԿԱՐԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ Նաիր ՅԱՆ Ծաղրանկարի ժանրին ու քաղաքական հումորին դեռ նախորդ դարում հաճախ են անդրադարձել: Իսկ բոլշեւիկները դրան ավելացրել են պլակատային ձեւաչափը: Ծաղրանկարի միջոցով հնարավոր է արտահայտել ամենասուր քննդատությունը եւ ներազդել հասարակական կարծիքի վրա, անգամ ատելություն սերմանել այս կամ այն երեւույթի հանդեպ: «Արմտագ» (այժմյան «Արմենպրես» գործակալություն) հայկական հեռագրական գործակալության շենքի վրա 1941 թվականի օգոստոսին տեղադրվեց մի ցուցափեղկ, որտեղ ամեն շաբաթ հայ նկարիչները ծաղրանկար-պլակատ էին փակցնում: Մեծ հայրենականը նոր էր սկսվել, մարտերը թեժանում էին, ընդ որում սովետական բանակը սկզբնական շրջանում պարտվում էր, իսկ սովետական հասարակությանը, որը զինվոր էր տալիս բանակին, պետք էր ոգեշնչել ու քաջալերել, որպեսզի մարդիկ դիմակայեին դժվարություններին: Հարկավոր էր հոգեբանորեն ազդել ժողովրդի վրաՙ վստահեցնելով, որ նա ուժեղ ու անպարտ է, իսկ թշնամինՙ վախկոտ ու ծիծաղելի: Հարկավոր էր հակաֆաշիստական տրամադրությունները պահպանել ու ատելություն սերմանել ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ: Նկարիչներ Սերգեյ Արուտչյանը, Աշոտ Մամաջանյանը, Սեդրակ Ռաշմաջյանը, Լեւոն Գենչը, Շավարշ Հովհաննսիյանը 1941-43 թթ. ամեն շաբաթ «Արմտագի» պատուհանին փակցրել են նոր ծաղրանկար-պլակատ: Իսկ ժողովուրդն այնքան ոգեւորված է արձագանքել, որ ժամերով հերթ է կանգնելՙ մոտենալու եւ դիտելու հերթական պլակատը: Երկու տարվա ընթացքում դրանց թիվը հասել է 112-ի: Որպես քաղաքական ու ռազմավարական լուրջ նախագիծՙ դրանում ընդգրկվել են նաեւ այդ տարիներին մեծ ճանաչում ունեցող բանաստեղծներ Նաիրի Զարյանը, Սուրեն Վահունին եւ Արտյոմ Շահբազը: Վերջինը 1941-ին զորակոչվել է բանակ ու զոհվել: Այս բանաստեղծները դիպուկ արտահայտություններ են գրել ծաղրանկարների տակՙ ավելի ազդեցիկ դարձնելով դրանց ներգործությունը: 1943-ին, երբ սովետական զորքերն ազատագրել են սովետական հայրենիքի սահմանները, ծաղրանկարները պահ են տրվել պետական արխիվին: 72 տարի մնալով այնտեղՙ Մեծ հաղթանակի 70 ամյակի առթիվ մայիսի 5-ին դրանք առաջին անգամ ցուցադրվեցին «Արմենպրես» գործակալության նախաձեռնությամբ: Հայաստանի ազգային արխիվում «Արմտագի պատուհան» խորագրով ցուցահանդեսից բացի, ներկայացվեց «Մեծ հաղթանակի էսքիզներ. Արմտագի պատուհան» վերնագրով ժողովածուն, որն ընդգրկում է ծաղրանկարիչների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ այն ծաղրանկարները, որոնք չեն պահպանվել: |