ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԳԺԱՆՈՑԸ ՈՉ ԹԵ ԱՅԴ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅԼ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Օրերս բեմ բարձարացավ Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ համար 6» ստեղծագործությունը, որը համախմբել էր երիտասարդ ստեղծագործողների: Բեմադրությունը կատարել է Արամ Ներսիսյանը, դերակատարները` Մարատ Խաչատրյանը եւ Արմեն Մարգարյանը: Չեխովի այս ստեղծագործությունը արդիական է մինչ օրս. մտորումներ, հույզեր, ապրումներ, որոնք յուրաքանչյուրինս են: Հենց դա էլ պատճառ է հանդիսացել, որ ռեժիսոր Արամ Ներսիսյանը ընտրի այս գործը. «Չեխովը ժամանակից երբեք դուրս չի մնում եւ իմ ամենասիրելի գրողն է»: Ռեժիսորը նշեց, որ դերասաններին տվել է ազատություն ստեղծագործելու: Չեխովի գործում հիվանդասենյակում 5 հիվանդ են, իսկ ներկայացման մեջ ռեժիսորը բոլորին ամփոփել է մի կերպարում, որը մարմնավորում է Արմեն Մարգարյանը, սակայն մյուս հիվանդների ներկայությունը բեմում ստացել է ճաղավանդակների միջոցով եւ այն 4 զույգ կոշիկների, որոնց հետ խաղում է, խոսում է գլխավոր դերակատարը: Անդրադառնալով ռեժիսորական աշխատանքին, հարկ է նշել, որ կարելի էր բեմն օգտագործել ավելի շատ, քանի որ ռեժիսորը փորձել էր մինիմալիստական ոճով աշխատել, ապա որեւէ ավելորդ դեկոր չպետք է լիներ: Գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանն իր հիանալի խաղով ներկայացումը տարավ մինչեւ զարգացում, սակայն պակասում էին ռեժիսուրական մոտեցումները` ներկայացումն ավելի դինամիկ դարձնելու համար: Բեմում կային դեկորներ, որոնք կարելի էր օգտագործել, ոչ թե թողնել ստատիկ: Օրինակ, կախված երկու ճոճանակներից մեկը կարելի էր ներառել եւ «խենթը» խաղար, ճոճվեր, ինչը կարտահայտեր նրա հույզերը, ոչ կայուն հոգեվիճակում լինելն ու դինամիկա կտար ներկայացմանը: Իսկ բժշկի կերպարը մարմնավորած Մարատ Խաչատրյանին խանգարում էր իր հանգստությունը այդ կերպարում, քանզի այդքան տարի աշխատելով այդ հոգեբուժարանում, հնարավոր չէր այդպես կառավարել իրեն, լինել իներտ ու չդառնալ մի փոքր «խենթ», շարժուձեւերի մեջ ավելի ազատ: Մարատ Խաչատրյանն անդրադառնալով իր կերպարին, ասաց. «Բժիշկը հիվանդին ցանկանում էր բերել իր փիլիսոփայությանը, որպեսզի հարմարվի, քանի որ դա է իրականությունը: Սակայն լսելով հիվանդին` հասկացավ, որ նա ավելի ճիշտ է, որ պայքարելով միայն կարող ես արդյունքների հասնել: Եվ հանդիսականին ցանկանում էինք փոխանցել հենց այդ գաղափարը, որ չպետք է հարմարվել, այլ` միշտ պայքարել»: «Ազգ» -ը զրույցեց նաեւ գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանի հետ. - Արմեն, բոլորս էլ խենթ ենք մեր էությամբ, վարքով, զգացմունքներով. արդյոք հենց խենթությունը չէ՞ մարդկային հոգու ամենակատարյալ դրսեւորման ձեւը: - Չորս տարի առաջ խաղում էի «Կիլիկիո արքա» ներկայացման մեջ, որը հոգեկան հիվանդի մասին էր, ով տառապում էր «Мания величия»-ով, մեծամտության մոլուցքով: Ամեն գնով, դժվարությամբ, բայց ինձ ընձեռվեց հնարավորություն 3 ժամ շփվելու նման հիվանդությամբ տառապող մարդու հետ: Զարմանալի բանՙ երկու րոպե զրուցելուց հետո հասկացա, որ հոգեկան հիվանդը ես եմ, ոչ թե նա: Իրականում, դրա մեջ ճշմարտություն կա, չգիտենք այսօր ումից ի՞նչ սպասել, ով որքան է խենթացած իրականում: Ես խենթ եմ իմ տեսակի մեջ: Ահա եւ երկրորդ անգամ եմ մարմնավորում հոգեկան հիվանդի կերպար, բայց հարց է, ե՞ս եմ հոգեկան հիվանդ, թե՞ կերպարս: Ես իմ կերպարին չէի կոչի հոգեկան հիվանդ: Հոգեկան հիվանդը երեւի թե այն մարդն է, որն իմ գաղափարների հետ համաձայն չէ: - Երբ տեսնում ենք այդ մարդկանց, անմիջապես պիտակավորում ենք խենթ ու մեկուսացնում մեզնից։ Գուցե այն պատճառով, որ վախենում ենք ինքներոս մեզ բացահայտելուց: - Այո, համամիտ եմ, մենք մեկուսացնելով նրանց` վախենում ենք, քանի որ նրանք կարող է բացահայտեն մեր իրական ես-ը: - Խենթերին մեկուսացրել են հասարակությունից, կամ ավելի ճիշտ` հասարակությունն է մեկուսացվել նրանցից: Արդյոք հասարակությունը նրանց համար ավելի վտանգավոր չէ՞, քան իրենք հասարակության համար: - Կերպարս իրականում, չհարմարվելով հոգեբուժարանի բարքերին, կեղտին ու աղտոտվածությանը, կառուցում է իր աշխարհը, որտեղ ինքն է միայն տնօրինում: Ապա իր աշխարհ է ներխուժում մեկը, որը, ըստ նրա, վտանգ է իր համար, քանի որ բժիշկն ունի իր մտածողությունը, նա էլ խենթ է իր տեսակով: Այդ պահին էլ երեւան է գալիս նրանց հակասությունը: Իրականում, ովքեր կան հոգեբուժարանում, որոնց մեր հասարակությանն անվանում է գժանոց, ես չեմ սիրում այդ բառը, որովհետեւ ոչ ոք իրականում չի կարող ապացուցել ո՞վ է գիժը եւ ո՞վ խելացին: Գժանոցը ոչ թե այդ հաստատությունն է, այլ մեր իրականությունը: Միշտ հարցական է մնումՙ հոգեբուժարանո՞ւմ են գժերը, թե՞ մեր հասարակության մեջ, եւ ո՞վ է ում համար վտանգավոր: Հ. Գ. - Չեխովը իր խենթությունը արտահայտեց «Հիվանդասենյակ համար 6»-ը գրելով, իսկ Արմեն Մարգարյանըՙ իր դերակատարմամբ: |