RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 22-05-2015



ԱՆՄԱՀՆԵՐ

Տեղադրվել է` 2015-05-23 16:24:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1316, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՄԱՅԱ ՊԼԻՍԵՑԿԱՅԱՆ ԱՌԱՆՑ ԳՐԻՄ

Վասիլի ՔԱԹԱՆՅԱՆ

Այս ամիս իր երկրային ուղին ավարտեց Մայա Պլիսեցկայանՙ բալետի պատմության մեծագույն պարուհիներից, քսաներորդ դարի ամենաականավոր կանանցից մեկը: Թվում էր, թե բալետի պարուհու համար աննախադեպ բեմական երկարակեցությ այս արտիստուհին բեմից դուրս նույնպես պիտի ապրեր շատ ավելի երկար: Չէ՞ որ նա մինչեւ վերջերս էլ շարունակում էր մնալ ձիգ, գեղեցիկ, կանացի, Կին, միշտ ակտիվՙ հիացնելով իր խարիզմայով, սթափ դատողությամբ, սուր մտքով եւ փայլուն հումորով, շարունակում էր ոգեշնչել ու հմայել... Եվ իսկապես, նման «հավերժ կանացիի» համար ի՞նչ էր 89 տարին (մեկ այլ մեծանուն ռուս պարուհիՙ Մարինա Սեմյոնովան, ապրեց 103 տարի)...

Այս առթիվ թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ Պլիսեցկայայի մտերիմ բարեկամ, ռուսաստանցի հայազգի կինոռեժիսոր Վասիլի Քաթանյանի (19241999) հուշերից` վերցված նրա «Հպում կուռքերին» գրքից (Մոսկվա, 1997):

- Մի անգամ լսեցի, թե ինչպես մի երիտասարդ պարուհի ասաց. «Մայա Միխայլովնա, երեկ ներկայացման ժամանակ Կոնդրատեւայի խիտոնը պատռվեց ամենից անհարմար տեղում: Աստված իմ, նրա տեղը լինեիՙ կփախչեի բեմից, բայց նա մի կերպ ամեն բան ուղղեց եւ շարունակեց ադաջոն»: «Որովհետեւ նա արտիստուհի է, իսկ դուՙ ոչ», կտրեց Պլիսեցկայան: Եվ ես հիշեցի Կանաչ թատրոնը, 1949-ի ամռանը: Բաց բեմի վրա նա պարում էր «Կարապի մահը», եւ հանկարծ հեղեղ սկսվեց: Բեմի լույսերն անձրեւից սկսեցին ճաքելով պայթել: Դաշնակահարուհին սկսեց անհանգիստ շարժումներ անել, ջութակահարուհին կծկվեց, միայն Պլիսեցկայան էր պարումՙ ոչ մի վայրկյան չդավաճանելով ո՛չ իրեն, ո՛չ Ֆոկինին: Բացելով անձրեւանոցներըՙ հանդիսատեսները հմայված դիտում էին: Եվ երբ պարն ավարտվեց լրիվ ջրափոսի մեջ, նրանք իսկական օվացիա սարքեցին ի պատիվ երիտասարդ պարուհու, նրաՙ արտիստուհու պարտքի զգացման եւ հանրության հանդեպ ունեցած նրա հարգանքի: «Արվեստին ծառայելը» սոսկ խոսքեր չէին Պլիսեցկայայի համար:

- Ստալինյան ահաբեկչությունը երկրի ոչ մի ընտանիքի չէր խնայել. Մայայի հայրը ձերբակալվել էր եւ գնդակահարվել, մորն աքսորել էին ծծկեր երեխայի հետ... Տարիները չէին բթացրել ցավը, եւ իմ կարծիքով, օր չի եղել, որ Մայան չհիշի հորը, եւ ես արցունքներ եմ տեսել նրա աչքերում, երբ նա խոսում էր հոր մասին: Նա շատ էր սիրում հորՙ Պետերբուրգում ապրող ազգականներին, եւ հաճախ «Ասթորիայում» մնալու փոխարեն նախընտրում էր մնալ իր սիրելի զարմուհի Էռայի բնակարանում: «Ես միշտ լավ եւ հանգիստ եմ զգում նրա հետ: Իսկ ինչ հարմար է նրա մոտ քնելը: Պատուհանը նայում է ջրհորով բակի կողմը, խաղաղ-խաղաղ, եւ իմ հավերժական անքնությոնը նահանջում է. քիչ էր մնում ուշանայի Յակոբսոնի հետ փորձից»:

- Օ, այդ ֆիզիկական վնասվածքները, որոնք նրան հուսահատության էին մատնում. չէ՞ որ դրանց պատճառով որոշ ժամանակ փակվում էր բեմ տանող ճանապարհը: Ամբողջ կյանքումՙ վիրաբույժներ, մերսողներ... Մի անգամ նա ննջասենյակից դուրս եկավ... հենակներով. աչքերիս չէի հավատում, բայց այդպես էր: Անգամ դաժան հիվանդության ժամանակ նա աշխատում էր ներկայացումը չփոխել, եւ հանրությունը երբեք ոչինչ չէր նկատում: Այն սակավաթիվ մարդիկ, որ գիտեին, թե նա այդ պահին բեմում ֆիզիկական ինչ ցավ է զգում, կարեկցում էին նրանՙ չդադարելով ապշել նրա դիմադրողականության վրա:

- «Ես Կարմենին սիրում եմ իմ բոլոր հերոսուհիներից առավել: Ամբողջ կյանքում երազել եմ նրա մասինՙ որպես կերպարի, քանի որ նա կնոջ իմ տիպն է: Կարմենը ե՛ս եմ: Ես հակակրանք եմ զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն հասկանում «Կարմեն-սյուիտը»: Ես այնքան համոզված եմ այդ ստեղծագործության տաղանդավորության եւ ինքնատիպության մեջ, որ չկա աշխարհում մի ուժ, որ ընդունակ լինի փոխել իմ կարծիքը»:

- Նա գաղափարի արվեստագետ է: Ի թիվս այլ բաներիՙ նրան ձգում է հոգեբանական թատրոնը, եւ նա հոգեվերլուծության է ենթարկում անգամ Ռավելի «Բոլերոն»: Մարինա Ցվետաեւայի պեսՙ նա չի ընդունում կիսատոները, քնարական թոթովանքը, նա թշնամի է «ոսկե միջինին»: Նրա արվեստի օրենքը ծայրահեղությունն է, վերջին սահման լինելը. եթե կեցվածքՙ ուրեմն ամենաարտահայտիչը պետք է լինի, եթե ցատկՙ ուրեմն այն պիտի ջնջի երկրի ձգողականությն: Տեսեք նրան «Դոն Կիխոտ»-ում. ցատկելով եւ հետ նայելովՙ նա տեսնում է իր կրունկը: Այսօր այդպես անում են բոլորը (ով կարող է), սակայն առաջինն այդպես ցատկել է Պլիսեցկայան: «Որոշ բաներ, որ ես արել եմ, սկանդալ են առաջացրել: Իսկ այսօր այդ սկանդալները համարվում են դասական»:

- ...Մոսկվայում բալետի արտիստների միջազգային մրցույթին Պլիսեցկայան ժյուրիի անդամ էր: Նա նստած էր հարավսլավցի կոմպոզիտոր Կոստիչի մոտ, իսկ վերջինիս մոտՙ Արամ Խաչատրյանը, որն ամբողջ ժամանակ ձանձրացնում էր Մայային իր անվերջանալի հարցերով: Ձգվելով Կոստիչի մեջքի վրայովՙ նա հարցնում էր. «Մայա, իսկ ի՞նչ կլիներ, եթե այս արտիստները պարեին ոչ թե տունիկաներով, այլ պարազգեստներով»: Կամՙ «Մայա, իսկ ի՞նչ կլիներ, եթե այս մենակատարները պարեին ոչ թե «Գայանեն», այլ «Սպարտակը»: Հետոՙ «Մայա, ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլիներ, եթե այս երաժշտությունը պարեին ոչ թե այս արտիստները, այլ այն»: Մայան ինչ-որ բան էր պատասխանում, խուսանավում էր, հետո այդ ամենը նրան վերջիվերջո ձանձրացրեց եւ Խաչատրյանի հերթական հարցին նա կրքոտ ասաց. «Ի՞նչ կլիներ, ի՞նչ կլիներ... Իսկ ի՞նչ կլիներ, եթե տատիկն ունենար ... Կլիներ պապիկ»:

Կոստիչը ծիծաղից ընկավ աթոռի տակ: Խաչատրյանը քարացավ, իսկ Ֆուրցեւան, որը չէր լսել, քանի որ հեռվում էր նստած, մատիտով թխկթխկացրեցՙ կարգի հրավիրելով:

- 1982 թվականին Մայա Պլիսեցկայան Թբիլիսիում պարել է «Կարմեն-սյուիտի» մի քանի ներկայացում եւ ունեցել հաղթական հաջողություն, վրացիները չէին թողնում բեմից հեռանալ, մինչեւ որ դահլիճում լույսերը մարե: Պարուհու խաղընկերները պատմում էին, որ Արգենտինայում 17 րոպե տեւող «Բոլերոյից» հետո նրան բեմ են կանչել 45 րոպե շարունակ, եւ տաքարյուն արգենտինացիներն այնպես են մոլեգնել ներկայացումից հետո, որ ստիպված են եղել ոստիկանություն կանչել: «Նրանք լրիվ կատաղել էին եւ ուզում էին, որ ես ամբողջ գիշեր պարեմ»:

Սերգեյ Փարաջանովը Ռուսթավելի թատրոնում ոչ մի ներկայացում բաց չէր թողել: Նա պարուհուն ուղարկում էր նրբագեղ, ոսկերչորեն ձեւավորած ծաղկեփնջեր, բղավում էր ու օթյակից թափահարում իր շարֆը, եւ Պլիսեցկայային էր ուղարկում հրեշտակներով զարդանախշված հրավիրատոմսեր, որտեղ «խոնարհաբար խնդրում էր մեծ պարուհուն այցելել Դավթի լեռան վրա գտնվող իր օթեւանը»: Պլիսեցկայան թեթեւակի գիտեր նրան, նաեւ մշտապես նրա մասին լսում էր իր եղբայր Ալեքսանդրից եւ զարմիկ Բորիս Մեսսերերից ու նրա կին Բելլա Ախմադուլինայից, որոնք Փարաջանովի ընկերներն էին:

Պլիսեցկայային սպասում էին ներկայացումից հետո: Փարաջանովը ջանք չէր խնայել: Աստիճաններին թափված էին կարմիր վարդեր, նույն երանգի, ինչ Պլիսեցկայայի մազերին ամրացված վարդը: Սեղանին դրված էր լավագույն սպասք, վարձույթից վերցված վենետիկյան գավաթներ: Նրբաշուք արքայական ուտեստներՙ սադափե խեցիների մեջ եւ խաղողի ողկույզներ, որոնք պարուհուն «կմատուցեն» հախճապակե արձանիկները: Հետո Սերյոժան Մայա Պլիսեցկայային ուղեկցելու էր կից ցուցասրահը, որտեղ ամբողջովին իր աշխատանքներն էին կախված եւ կանգ էին առնելու մի դռան առջեւ, որը բացելով հին բանալիովՙ պարուհին պիտի տեսն Անտինոեի արձանը: Հենց Անտինոեինը, ուրիշ ոչ մեկինը: Արձանը կկենդանանար եւ խոնարհումով հյուրին արծաթե սկուտեղի վրա կմատուց մի ոսկե վարդ եւ յուրահատուկ մի թխվածք, որը Սերգեյն ինքն էր թխել եւ հրաշալիորեն զարդարել: Այդ ներկայացման համար կանչել էին Իլոյին, աստվածային գեղեցկությամբ մի պատանուՙ Մասիմո Ջիրոտտիի դեմքով (ինչպես Փարաջանովն էր պնդում): Ինչ-որ կերպ ծածկել էին նրա մերկությունը, տղայի վրա առատ ալյուր ցանել, որպեսզի շատ նման լինի արձանի, իսկ մազերի մեջ խրել էին խաղողի տերեւներ:

Պլիսեցկայան ուշ եկավ. թատրոնում ժողովուրդը նրան երկար չէր թողնում հեռանալ: Նկատելով հանդերձ սեղանի նրբաճաշակությունըՙ նա ոչ մի բանի ձեռք չտվեցՙ վշտացնելով տանտիրոջը, սակայն երկար զրուցեց Սերգեյի հետ եւ հետաքրքրությամբ դիտեց պատերին կախված նրա աշխատանքները: «Իսկ հիմա, Մայա Միխայլովնա, ահա ձեզ բանալին մի սենյակի, որտեղ ձեզ անակնկալ է սպասում»: Նրան տարան ցուցասրահով, որտեղ նա դարձյալ կանգ առա կոլաժների դիմաց, ծիծաղեց «Հերակլ արքան բաղնիքում» հորինվածքի վրա, որտեղ շրջահայաց արքան իր ունեցած-չունեցածը դրել էր հատակին, որ չջարդվեն... Վերջապես Պլիսեցկայային հրամցրին հին ժանգոտ բանալին եւ խնդրեցին բացել կողպեքը: Բոլորը խմբվեցինՙ սպասելով, թե ինչպիսին կլինի տպավորությունը: Եվ իրոք, տպավորությունը եղավ. հյուրերի աչքի առաջ հայտնվեց Անտինոենՙ հարմարավետ կծկված ալյուրոտ հատակին: Չափից ավելի սպասելով (կեսգիշերից շատ էր անցել)ՙ նա քնել էրՙ մինչ այդ, քաղցած լինելովՙ կերել էր արվեստի գործ թխվածքը: «Վաղուց այսպես չէի ծիծաղել», ասաց Պլիսեցկայանՙ սփոփելով տանտիրոջը:

- Տարիքի հարցը չէր կարող չհուզել Պլիսեցկայային, ինչպես, ի դեպ, ամեն մի կնոջ: Բայց բալետի պարուհունՙ հատկապես:

Ժամանակն արագ է անցնում, իսկ թատրոնումՙ է՛լ ավելի արագ, այն չափվում է թատերաշրջաններով: Չես հասցնում աչք թարթել, եւ ահա նոր կազմ են հավաքում:

Ի՞նչ արած, պատասխանեց Լիլի Բրիկըՙ կարծես փորձելով նրան սփոփել: Տաղանդը չի ծերանում, ծերանում եւ անպետքանում է նյութը, որից ստեղծված է տաղանդը: Ձեզ մոտՙ բալետում, դա հատկապես վիրավորական է. «ձեռք ես բերում փորձՙ վերանում է ցատկը»: Երիտասարդ կին, ուժերի ծաղկման շրջանում եւՙ թոշակի ժամանակն է:

Մայան թոթվեց ուսերը, որ տվյալ դեպքում նշանակում էր. «Այդպե՞ս է որ»: Եվ իր ողջ հետագա կյանքով ցույց տվեց, որ ինքը բացառություն է:

Նախաբանը եւ թարգմանությունը ռուսերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Նկար 1. Առնո Բաբաջանյանի ուսին Սեւանում

Նկար 2. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի պարողների հետ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 22-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ