ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆ, արվեստաբան Մայիսի 28-ին կյանքի 89-րդ տարում վախճանվեց հայ կերպարվեստի լավագույն վարպետներից մեկը` նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանը: Մենք կորցրեցինք ավագ սերնդի վերջին տաղանդին: Քնարիկ Հովհաննիասյանը ծնվել էր 1926 թվականին Երեւանում: 1950-ին ավարտել Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարանը, իսկ 1956-ին Լենինգրադի Ի. Ռեպինի անվան նկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտը` Ի. Իոգանսոնի դասարանը: 1957 թվականից սկսել էր մասնակցել ցուցահանդեսների, ունեցել բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ, որոնցից ամեն մեկը դիտողի համար դառնում էր հոգեհարազատ վայր, հայտնություն, քանի որ իր յուրաքանչյուր աշխատանքը նկարչուհին ստեղծում էր մեծ սիրով, ոգեւորությամբ, ամբողջ հոգով նվիրվելով սիրած գործին: Հայաստանի նկարիչների միության անդամ էր 1960 թվականից: Քնարիկ Հովհաննիսյանը Աստծո բնատուր շնորհքով օժտված նկարչուհի էր: Իր շուրջ 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում նա հասցրեց ստեղծել հարյուրավոր իսկապես անկրկնելի կտավներ` բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, որոնք տեղ գտան տարբեր թանգարաններում` Հայաստանի ազգային պատկերասրահում, Չելյաբինսկի պատկերասրահում, Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների թանգարանում, արտասահմանայան մի շարք ցուցասրահներում, մասնավոր հավաքածուներում: Դեռեւս 1977 թվականին նկարչուհին մասնակցեց Բուլղարիայում կազմակերպված «Միջազգային պլեներ» ցուցահանդեսին ու արժանացավ «Գրան-Պրի» մրցանակի: Բարի ու լուսավոր անձ էր Քնարիկ Հովհաննիսյանը: Նա ջերմորեն կապված էր իր հայրենիքին` Հայաստանին, որը ոգեշնչման անսպառ աղբյուր էր նրա համար: Այդ էր պատճառը, որ տարիներ առաջ Չելյաբինսկից եկավ Հայաստան, թեեւ այնտեղ ուներ ստեղծագործելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեծ ճանաչում ու գնահատանք: Արվեստագետի կտավներում Հայաստանն է, նրա բնությունը, մարդիկ: Նկարչուհին իր գործերը նկարում էր խանդավառությամբ ու սիրով, նկարում էր բարձր վարպետությամբ ու ճաշակով: Նրա կտավներում միշտ առկա էր մեղմ քնարականությունը, գույնի ու գծի ներդաշնակությունը: Իր ուրույն ոճն ու ձեռագիրն ունեցող արվեստագետի բանաստեղծական շնչով արված կտավները միանգամից ճանաչելի էին դառնում դիտողին, հուզում ու գրավում նրան: Սովորական, ոչնչով աչքի չընկնող տեսարաններն անգամ նկարչուհու վրձնի տակ դառնում էին գրավիչ ու սիրելի, քանի որ կարողանում էր տեսնել ու գնահատել գեղեցիկը, բարին, ազնիվը: Իր կյանքի ընթացքում Քնարիկ Հովհաննիսյանը երբեք չխոսեց իր մասին, իր արվեստի մասին, դռներ չթակեց կոչումներ ու պարգեւներ ստանալու համար: Դրա համար էլ բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ բացած, անթիվ-անհամար հանրապետական, համամիութենական ու արտասահմանյան ցուցահանդեսների մասնակցած, բացառիկ տաղանդով օժտված նկարչուհին մնաց ստվերում, ոչ մի կոչում չստացավ (հավանաբար վաստակ չուներ), ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չկարողացավ նույնիսկ իր ստեղծագործությունների ալբոմը հրատարակել ու մահն էլ աննկատելի անցավ: Միակ պարգեւը Հայաստանում ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալն էր: Սակայն բարձրարվեստ գործեր ստեղծած տաղանդավոր նկարչուհին իր հաստատուն տեղն ունի հայ կերպարվեստի պատմության էջերում, ինչպես նաեւ բազմաթիվ արվեստագետների ու երկրպագուների հիշողության մեջ: Վստահ ենք, որ նրա արվեստի մասին դեռ կգրվեն հոդվածներ, կհրատարակվեն ալբոմներ ու բուկլետներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ: |